Առավոտից իրիկուն նկարում է: Եթե չի էլ նկարում, հեռուստացույցի առաջ նստած, փորձում է որսալ՝ աշխարհում դիզայներական արվեստն ուր է հասել: Ուզում է լավ նկարիչ-դիզայներ դառնալ: Այսպես է սովորում ու կատարելագործվում: Արմինեն թույլ լսողություն ունի, դա է պատճառը, որ աղջիկը տանից գրեթե դուրս չի գալիս: Մի ժամանակ նրան մերժել է լսողների հասարակությունը, ապա չեն ընդունել նաեւ խուլերը: Եվ առաջինների, եւ երկրորդների հետ շփումը չի ստացվել զուտ լսողության խնդրով պայմանավորված: Եթե լսողության խնդիր չունեցողների դեպքում դա կարելի է հասկանալ, ապա խուլ կամ թույլ լսող հասարակությունը նրան չի ընդունել, որովհետեւ, ի տարբերություն իրենց, Արմինեն խոսում է: Արմինեն խոսում է մոր շնորհիվ: Մայրը՝ «Կամք եւ Կորով» ՀԿ նախագահ Մարի Պահուտյանը, վստահ է, որ ծնողների անգիտության պատճառով է, որ լսողության խանգարում ունեցող երեխաների մեծ մասը հաճախ օտարված է մնում հասարակությունից: Մարին դստեր օրինակը վկայակոչելով՝ խորհուրդ է տալիս լսողության խանգարում ունեցող երեխաների ծնողներին՝ չմեկուսացնել երեխային հասարակությունից, չհաշտվել այն մտքի հետ, որ իրենց երեխան լսողական խանգարում ունենալու պատճառով հասարակության լիարժեք անդամ չի կարող լինել: Այս հավատն է օգնել Մարիին, որ նրա դուստրն այսօր խոսում է, ստեղծագործում, ապրելու եւ ստեղծագործելու լիցքեր կուտակում: Նաեւ այս հավատն է ստիպել՝ հիմնել «Կամք եւ Կորով» կազմակերպությունը եւ զբաղվել լսողության խանգարում ունեցող երիտասարդների խնդիրներով:
Արմինեն մանուկ հասակից նկարել է: Նկարչության հանդեպ հակումը, գույների յուրօրինակ ընկալումը լսողության խանգարումներ ունեցող երեխաներից շատերին է հատուկ՝ տարիների շփման իր փորձից եզրահանգում է արել Մարի Պահուտյանը: Նկարչության մեջ Արմինեն բավականին հմտացել է, հաճախել է Երեւանի արվեստի էսթետիկական կենտրոն, սակայն թույլ լսողություն ունենալը խանգարել է նրան հասկանալ ուսուցչի բացատրությունները: «Տարիներ առաջ ուզում էի Թերլեմեզյան ընդունվել, սակայն այն ժամանակ վախենում էի, որ լսողության պատճառով դա ինձ չի հաջողվի»,- պատմում է Արմինեն: Հիմա այդ վախը հաղթահարել է, նույնիսկ ճանապարհներ է որոնում՝ արտերկրում ուսում ստանալու: Համոզված է, որ իր կարգավիճակի մարդկանց համար այնտեղ հեշտ է: Նրա աշխարհընկալումը, ակնառու ոճը գրավել է նկարիչ-դիզայներների ուշադրությունը, ովքեր խորհուրդ են տվել Արմինեին՝ կտավը փոխարինել կտորով: Նրան ապրեցնողը կտորի վրա արվող նկարներն են, որոնք սովորաբար սուր անկյուններ ու ելուստներ են ունենում, ինչը Ֆրանսիայում տեղի ունեցած մի ցուցադրության ժամանակ ֆրանսիացի մի նկարիչ որակել է որպես բողոքի նշան: Սակայն Արմինեի կեցվածքում գերակայողը հավատն է: Այսօր թեեւ նա գրեթե մեկուսացած է հասարակությունից, ինչպես լսողության խանգարումներ ունեցող իր հասակակիցներից շատերը, սակայն նկարչության միջոցով կարողացել է կապ ստեղծել աշխարհի հետ: Ապրելու, արարելու ցանկությունն այնքան մեծ է, որ Արմինեն ուզում է մայր դառնալ: «Եթե ես երեխաներ ունենամ, հանուն նրանց կաշխատեմ ավելի լավը լինել, ավելի շատ բաների հասնել կյանքում»,- խոստովանում է Արմինեն: Երբեմն նրան անորոշությունն է վախեցնում, սակայն այդ մասին միայն թղթին է խոստովանում: «Տեր Աստված, գոնե մի նշան արա, որ ես իմանամ, հասկանամ քո կամքը: Բոլորիս ապագան քո ձեռքում է: Դու ես տնօրինում մեր ճակատագրերը, օգնիր դուրս գամ այս անորոշությունից»,- օրագրում գրում է Արմինեն: Թեեւ իրական կյանքում մայրիկից բացի մտերիմ ընկերներ չունի, սակայն ինտերնետը հնարավորություն է տվել աղջկան բարեկամներ ձեռք բերել աշխարհի տարբեր ծայրերում: Կրկին իր հավատի ու կամքի շնորհիվ` անգլերեն է սովորել, այդպիսով մի կապ եւս ստեղծելով իր ու աշխարհի միջեւ: Արմինեի եւ «վիրտուալ» ընկերների խնդիրներն այնքան տարբեր են, ինչքան տարբեր են լինում զարգացած մեծ երկրներն ու զարգացման թույլ հեռանկարներով փոքր երկրները: «Նրանցից մեկը մի անգամ ինձանից հայկական ժեստերի բառարան խնդրեց եւ ուղղակի չհավատաց, երբ ես ասացի, որ մենք դեռ չունենք այդպիսի բառարան»,- պատմում է Արմինեն: Հետագայում «Կամք եւ Կորով» ՀԿ-ն լսողության խանգարում ունեցող երիտասարդների մասնակցությամբ ստեղծեց այդպիսի մի բառարան: Փաստորեն Արմինեն այն նախադեպն է, որ հիմք է տվել ստեղծելու «Կամք եւ Կորով» կազմակերպությունը, հավաքագրելու լսողության խանգարում ունեցող երիտասարդներին եւ զբաղվելու նրանց հիմնախնդիրներով: Բոլոր այն խնդիրները, որ Արմինեն ունեցել է եւ հաղթահարել է` մոր հոգատարության եւ իր կամքի շնորհիվ, ունեն եւ այս կազմակերպության շրջանակներում հաղթահարել են փորձում Արմինեի հասակակիցներից շատերը: Նրանցից շատերն այստեղ սիրահարվում են, ամուսնանում, երեխաներ ունենում: Ամուսնության դեպքերն առայժմ միայն լսողության խանգարում ունեցողների միջեւ են արձանագրվում: Լսողական խնդիր չունեցող հասարակությունը դեռ պատրաստ չէ ամուսնություն կնքել այս խավի հետ: Կազմակերպությունն էլ ջանում է հնարավորինս վերացնել այդ խոչընդոտները՝ նպաստելով լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, մասնագիտության ձեռքբերմանն ու աշխատանքային զբաղվածության ապահովմանը: