Սպասեք թանկացումների

19/02/2011

Վերջին ամսվա ընթացքում ալյուրի գնի աճը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը` որպես ներկրող երկիր, կախված է միջազգային շուկայի գներից: Երեկ նման հայտարարություն-հայտնագործություն է արել Գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք հացահատիկի մեր պահանջարկի մոտ 35 տոկոսն ենք կարողանում ապահովել, մնացածը դրսից է ներկրվում: Իսկ համաշխարհային շուկայում գների աննախընթաց բարձրացում է նկատվում, իսկ այդ պայմաններում եթե մենք համեմատում ենք մեր հարեւան երկրների հետ, տեսնում ենք, որ մեր մոտ ալյուրի գինն ավելի էժան է, քան մյուս հանրապետություններում, որոնք հենց իրենք արտադրում են: Իհարկե, դա ցավալի հարց է, բայց մեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է նա: Հինգշաբթի օրն կառավարությունը հավանության էր արժանացրել 2011 թվականի գարու արտադրության զարգացման ծրագիրը հաստատելու եւ սերմերի ներմուծումը թույլատրելու մասին որոշումը: «Նախատեսված է Ուկրաինայից ու Ռուսաստանից ներկրել 2000 տոննա բարձր վերարտադրության գարու սերմացու եւ տրամադրել հիմնականում սահմանամերձ եւ լեռնային գոտիների գյուղացիական տնտեսություններին: Սերմացու կտրամադրվի այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ունեն 300 հազար մետր քառակուսուց ավելի հողակտորներ, եւ նախորդ տարիներին այդ հողակտորները չեն մշակել: Սերմը տրվելու է անվճար, աշնանը ստացված բերքից գյուղացին պետք է վերադարձնի մեկին մեկ հարաբերությամբ` ելնելով շուկայական արժեքից: Այս ծրագրին մասնակցելու համար արդեն հայտ են ներկայացրել 14 հազար գյուղացիական տնտեսություններ, եւ հայտերի ընդունումը դեռեւս շարունակվում է»,- ասել է Կարապետյանը: