Բուժիչ նամակներ

19/02/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Կծոխուր, ծորենի սովորական

Berberis vulgaris-Հայերեն անվանումներն են՝ ծոր, ծորենի, զրիշկ, կծոխուր սովորական։ Տերեւաթափ թուփ է, բարձրությունը՝ մինչեւ 2,5 մ, կոճղարմատը՝ հորիզոնական, ցողունը՝ ուղղաձիգ, դեղնավուն կամ դեղնածիրանագույն ճյուղերով, որոնք պատված են փշերով։ Փշերն աճում են խմբերով (3-5 հատ)։ Տերեւները կոշտ են, սովորաբար աճում են փնջերով, ծայրերը կտրատված են։ Դեղին ծաղիկներն աճում են ողկույզներով, ունեն ոչ հաճելի հոտ, ծաղկափոշին դեղին է։ Բույսը երկտուն է, առէջքները վեցն են, շարժունակ են, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Մեղուները սիրում են այս բույսը, մեկ հեկտարից կարող է ստացվել 30-100 կգ մեղր, բերքատվության վրա ազդում են տարբեր հանգամանքներ։ Պտուղները երկարավուն, օվալաձեւ կամ տանձաձեւ են, ալ կարմիր։ Բույսը ծաղկում է ապրիլ-հունիսին, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին, դիմանում է երաշտին եւ մեղմ ցրտերին, լուսասեր է։ Սառնամանիքներից հետո արմատներից նոր ցողուն է բարձրանում։

Կծոխուրը տարածված է Միջին եւ Արեւելյան Եվրոպայում, մինչեւ Վոլգայի ափերը եւ Կովկասի լեռները, Հարավային Սիբիրում, Ամուր գետի ավազանում։ Ընդհանուր առմամբ գոյություն ունի կծոխուրի մոտ 170 տեսակ։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Տավուշում, Լոռիում, Վայքում, Սեւանի ավազանում, անտառներին կից տարածքներում, թփուտներում, մինչեւ 2500 մ բարձրության վրա։ Կա մի հանգամանք, որ սահմանափակում է կծոխուրի մշակումը, դրա վրա զարգանում է ժանգասունկ, որը փոխանցվում է հացահատիկային մշակաբույսերին, պատճառելով զգալի վնաս։ Բույսը գեղեցիկ է, մշակվել է Berberis thunbergii մշտադալար, դեկորատիվ տեսակը, որի պտուղը ուտելի չէ եւ չի օգտագործվում որպես դեղամիջոց։

Կծոխուր սովորականի բուժիչ հատկությունները հայտնի են եղել հին Բաբելոնում. Ասորեստանի արքա Ասսուր-Բանիպալի գրադարանում հայտնաբերվել է վկայություն այն մասին, որ բույսը մաքրում է արյունը։

Կծոխուրն օգտագործում են որպես ներկանյութ կաշվի եւ տեքստիլ արտադրության մեջ, փայտանյութի վրա կատարում են գեղեցիկ փորագրություններ։ Բույսի պտուղները եւ տերեւները որպես համեմունք ավելացնում են ուտեստների մեջ, պտուղներից պատրաստում են գինի, օգտագործում քաղցրավենիքների, օշարակի, թանձր կերակրահյութի (սոուս), հացաբուլկեղենի մեջ։ Բուժական նպատակներով օգտագործվում են բույսի գրեթե բոլոր մասերը՝ տերեւները, ծաղիկները, կեղեւը չորացնում եւ մթերում են բույսի ծաղկման շրջանում, իսկ արմատը մթերում են ապրիլ կամ հոկտեմբեր ամիսներին, որպես օրենք՝ այն չեն լվանում։ Բույսի բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ՝ բերբերին եւ բերբամին՝ առավելապես կեղեւում եւ արմատում։ Տերեւներում կան C եւ E վիտամիններ, կեղեւում եւ արմատներում՝ դաբաղանյութեր։ Պտուղներում հայտնաբերվել է սապոնին, մինչեւ վեց տոկոս օրգանական թթուներ (խնձորի, կիտրոնի, գինու), պեկտին, մինչեւ հինգ տոկոս շաքար, հանքային աղեր, կարոտին, վիտամին K, 150 մգ հասնող ասկորբինաթթու՝ 100 գրամ պտղի մեջ։ Բերբերինը թունավոր նյութ է, պետք է խստորեն պահպանել չափաբաժինները։

Ամիրդովլաթ Ամասիացին կծոխուրի բուժիչ հատկությունների մասին գրում է. «Այս բույսի արմատն ամրացնում է ատամները։ Եթե արմատի եփուկը խմեն, կապաքինի, կբուժի աղիքների խոցերը, կանցկացնի լուծը։ Ծորենու արմատի կեղեւը եփելու եւ եփուկի ջրով բերանը ողողելու դեպքում կբուժվեն բերանի թարախոտ վերքերը։ Եթե եփեն գինու կամ քացախի մեջ եւ դնեն լյարդի վրա, կբուժի լյարդի հիվանդությունները»։

Կծոխուրենու պտղահյութից պատրաստված եփուկը, թուրմը եւ ոգեթուրմը ունեն լեղամուղ, միզամուղ, ջերմիջեցնող, մարսողությունը կարգավորող, հակաբորբոքային ազդեցություն, ամրացնում են սրտամկանը։ Կծոխուրի արմատները, բացի բերբերինից, պարունակում են մի շարք այլ ալկալոիդներ՝ օկսիականտին, բերբերաբին, յատրորիցին, պալմատին, լեոնտին, կոլումբամին։ Արմատի պատրաստուկները լայնորեն կիրառվում են ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ՝ ներքին արյունահոսությունների, գինեկոլոգիական, լեղապարկի եւ լյարդի հիվանդությունների բուժման համար։ Ապացուցված է, որ բերբերինը արդյունավետ միջոց է մալարիայի, որոշ ուռուցքների, տասներկումատնյա աղիի եւ ստամոքսի խոցի հիվանդությունների դեպքում։

Լեղամուղ միջոց. Խառնել հավասար քանակությամբ կծոխուրի ծաղիկն ու կեղեւը։ 1 թ/գ խառնուրդին ավելացնել 200 մլ եռջուր։ Խմել քնելուց առաջ։

Լեղեզատումը կարգավորող խառնուրդներ. Խառնել կատվախոտի արմատը, սզնու ծաղիկը, կծոխուրի կեղեւը, դաղձի տերեւը 2։2։3։3 հարաբերությամբ։ Թրմել 1 ճ/գ 200 մլ եռջրի մեջ, խմել առավոտյան եւ երեկոյան՝ բաժանելով 2 մասի։

***
Խառնել կծոխուրի պտուղը, կեչու տերեւը, սրոհունդի եւ հազարատերեւուկի խոտերը՝ հավասար քանակությամբ։ Թրմել 1 ճ/գ 300 մլ եռջրի մեջ, բաժանել 3 մասի, խմել օրվա ընթացքում։

Ներքին արյունահոսության դեպքում. 50 գրամ կծոխուրի չոր արմատը թրմել 100 մլ բժշկական սպիրտի եւ 150 մլ ջրի խառնուրդի մեջ, 2-3 շաբաթ, մութ տեղում։ Խմել օրը 3 անգամ՝ 20-ական կաթիլ։

Հեպատիտի դեպքում՝ լյարդի ցավերը հանգստացնող ապաքինող եփուկ. Խառնել հավասար քանակությամբ կծոխուրի պտուղը եւ մանրացրած չոր տերեւը։ 1 ճ/գ խառնուրդին ավելացնել 200 մլ եռջուր, տաքացնել 15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Մեկ ժամից վերականգնել նախնական ծավալը՝ նախօրոք եռացրած ջրով։ Խմել օրը 3-4 անգամ, մեկական ճ/գ։

Կծոխուրի մեղրը դեղնաոսկեգույն է, կիրառվում է որպես արյունարգել միջոց եւ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում։

Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբ. 1 ճ/գ կծոխուրի մեղրը լուծել կարտոֆիլի 200 մլ հյութի մեջ։ Խմել օրը 2-3 անգամ, 100-ական մլ սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Ժամկետը՝ 10 օր խմել, ընդմիջել 1 շաբաթ։

Ստամոքսի խոց. Խառնել 1 կգ կարագ, 0,5 կգ կծոխուրի մեղր, 0,25 լ կտրված կաթ։ Ստացված զանգվածի մեջ դնել 10 հատ հավի ձու՝ կեղեւով (տնական)։ Դնել տաք տեղում, մինչեւ ձվի կեղեւը լուծվի (10-15 օր), խառնել, ընդունել օրը 3 անգամ, մեկական ճ/գ ուտելուց առաջ, մինչեւ վերջանալը պահել սառը տեղում։