Փափուկ բարձ

17/02/2011

«Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել Հյուսիս-Հարավ գազամուղի վերահսկիչ փաթեթը: Կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը ապագայում եւս իրականացնելու է Վրաստանի կառավարությունը»,- երեկ Երեւանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` փորձելով փարատել Հայաստանին գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածն ադրբեջանական ընկերության վաճառելու հետ կապված Հայաստանի մտահոգությունները: Հիշեցնենք, որ անցյալ տարի վրացական խորհրդարանը Հյուսիս-Հարավ գազատարը հանեց ռազմավարական օբյեկտների ցանկից` կառավարությանը հնարավորություն ընձեռելով միջազգային բորսայում տեղաբաշխել Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարի բաժնետոմսերի մինչեւ 25 տոկոսը: Դրանից անմիջապես հետո տեղեկություններ հայտնվեցին, որ գործարքով հետաքրքրված է Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը: Վրաստանի վարչապետը, իհարկե, չի բացառել, որ այդ գազամուղի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է եւ գնել ադրբեջանական ընկերությունը: Նա ընդամենը հավաստիացրել է, որ գազամուղը կշարունակի կառավարել Վրաստանի Կառավարությունը: