Կյանքն ապրողինն է

29/10/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայաստանի հողերն աստիճանաբար գերեզմանների են վերածվում: Երեւանը չորս կողմից շրջապատված է գերեզմանատներով: Թաղում կատարելիս մեր պարտքն ենք համարում ֆուտբոլի դաշտի չափով տարածք գնել, մարմարե դամբարաններ կառուցել, իսկ հոգեհացի սեղանը դելիկատեսներով զարդարել: Սա ցուցամոլության եւ քաղքենիության դրսեւորում է, որն այսօր մեզանում չափ ու սահմանն անցել է:

Նոր օրենքը կփրկի՞

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրինագիծը: «Այսօր բոլորն էլ գիտեն, թե ինչ վիճակում են մեր գերեզմանատները, ինչ տարածքներ են գրավում: Փաստացի ոչ մի բան չկար այդ անօրինականությունները կանխելու համար,- ասում է այս օրինագծի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: -Հայաստանն ընդամենը 29,6 հազար ք/կմ տարածք ունի, եւ ոչ ոք իրավունք չունի հողն այսպես շռայլել գերեզմանատներին: Լինում են դեպքեր, երբ 200-300ք/մ հողատարածք է տրամադրվում մի գերեզմանատան համար. թիվը պատկերացնո՞ւմ եք: Երկու ամիս առաջ մահացավ Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆատխը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Թաղումը կատարեցին 2,5 ք/մ-անոց հողակտորում: Երբ նրա եղբորը հարցրին՝ ինչո՞ւ այդքան հասարակ, նա ասաց՝ «Կյանքն ապրողինն է»: Վ. Բադալյանի կարծիքով, եթե այսպես շարունակվի՝ Հայաստանի տարածքի ուղիղ կեսը 50 տարի հետո գերեզման է դառնալու: «Մենք ավելի շատ փող շռայլում ենք մեռնելու համար, քան ապրելու: Կոպիտ կհնչի, բայց մեզ մոտ ցուցադրականն է ավելի շատ»,- ավելացնում է Վ. Բադալյանը: Համաձայն այս նոր օրինագծի՝ ՀՀ յուրաքանչյուր անձին գերեզմանոցի համար տրամադրվելու է 2,5 ք/մ անվճար հող: Նաեւ կա ընտանեկան գերեզմանատան գաղափարը, որի դեպքում` մեկ ընտանիքին կտրամադրվի 12,5 ք/մ անվճար հողատարածք: «Եթե հետո ուզում ես մարմար կամ գրանիտ անել վրան, դա քո գործն է»,- ասում է Վ. Բադալյանը: Ալտերնատիվ կերպով ստեղծվում է նաեւ դիակիզարան: Դիակիզման գործընթացը սովորաբար կատարվում է հատուկ վառարաններում, դիակիզումից հետո աճյունամոխիրը դրվում է սափորի մեջ եւ հանձնվում պատին: «Դիակիզարանների գաղափարը Հայաստանում օգտագործվել է դեռ 3000 տարի առաջ: Բայց քրիստոնեության ընդունումից հետո հարցը փակվել է: Ինքս եղել եմ կոմունիստական սիստեմում աշխատող անձնավորություն, ավելի շատ աթեիստ եմ: Բայց ասեմ. աշխարհի քրիստոնեական երկրների բնակչության 60-70 տոկոսը դիակիզվում է: Նույն սկզբունքն է՝ հողը պետք է պահպանել»,- պնդում է Վ. Բադալյանը:

Եկեղեցին բողոքում է

Հայ հոգեւորականների շրջանում դիակիզման գաղափարը բավական մեծ ըմբոստություն է առաջացրել: Նրանք, վկայակոչելով ավետարանը, պնդում են, որ «Հողից ծնվածը պետք է հանձնվի հողին»: «Առաջին հերթին` այդ նույն հավատացյալները ՀՀ քաղաքացիներ են, եւ բոլորը պարտավոր են մտածել իրենց երկրի մասին,- ի պատասխան հոգեւորականների` ասում է Վ. Բադալյանը: -Հոգեւորականների հետ իմ վեճն ինչո՞ւմն է. ասում ենք՝ հարգենք, բայց մեր դիակի մոտ գնալու համար ոտնահարում ենք կողքի շիրիմը: Որտե՞ղ է հարգանքը»: Երեւանի քաղաքապետարանի հետ արդեն պայմանավորվածություն կա` ստեղծել սխեմատիկ գերեզմանոցներ, որպեսզի հնարավոր լինի մարդավայել մոտենալ շիրիմին:

2006թ. բյուջեով նախատեսված է 132 մլն դրամ տրամադրել նախագծային հաշվարկներին: Վ. Բադալյանը ենթադրում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2008 թվականից: Դիակիզարանի տեղը կորոշի կառավարությունը՝ քաղաքապետարանի հետ միասին: Աշխարհում ընդունված է, որ դիակիզարանը նաեւ պատմամշակութային կենտրոն է: «Սա բարդ կառույց չէ: Գումարային առումով, իմ կարծիքով, մոտ 300 մլն դրամ կարժենա,- ասում է Վ. Բադալյանը: -Այսօր գերեզմանոցի միջով անցնելով՝ գալիս եմ հիվանդանոց բուժվելու… Դա նորմա՞լ է: Կամ պատկերացրեք, որ ծնվել եւ ապրում եք Նար-Դոս փողոցի վրա, ուր այսօր աջուձախ դագաղներ են վաճառվում: Եվ ամեն առավոտ, արթնանալիս ու քնելիս, տեսնում եք այդ դագաղները…»:

Ի դեպ, նոր օրինագծի համաձայն՝ դագաղները կվաճառվեն փակ խանութներում: «Դա կարող է շատ մարդկանց գործին խփել, բայց պետք է գնանք առաջ, չէ՞,- ասում է օրինագծի հեղինակ Վ. Բադալյանը: -Մարդկանց աչքը պետք է լավը տեսնի»: