Միացյալ Նահանգների վարչակազմն առաջարկում է 2012 թվականին Ադրբեջանին ռազմական ոլորտի զարգացման համար ավելի մեծ օժանդակություն տրամադրել, քան Հայաստանին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում, որը Սպիտակ տունը հրապարակեց շաբաթասկզբին, նախագահ Օբաման Միացյալ Նահանգների արտաքին ռազմական օժանդակության եւ ռազմական ուսուցման ծրագրերի շրջանակներում առաջարկեց Հայաստանին տրամադրել՝ 3 միլիոն 450 հազարի, իսկ Ադրբեջանին` 3 միլիոն 900 հազար դոլարի օգնություն: «Ռազմական օժանդակության առումով հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի խախտելու` նախագահի առաջարկը կարող է վտանգել Lեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ղեկավարության կողմից նոր պատերազմ սկսելու սպառնալիքները»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 2012-ին Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը, ըստ Օբամայի առաջարկի, մնալու է նույն մակարդակի վրա, ինչ նախորդ տարի` 40 միլիոն դոլար: Սպիտակ տան վարչակազմը, սակայն, առաջարկում է ընդհանրապես կրճատել առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը. 2011 ֆինանսական տարում հայաստանյան առողջապահությանն ուղղված ամերիկյան օգնությանը ծավալը կազմում էր 400 հազար դոլար: Ադրբեջանին հատկացվող տնտեսական օժանդակության առումով ֆինանսավորման կրճատումն ավելի կտրուկ է լինելու` առաջարկվում է 2011-ի 22 միլիոնից այն նվազեցնել 25 տոկոսով եւ հասցնել 16 միլիոն դոլարի: Սպիտակ տան վարչակազմը բավական պատկառելի գումարներ է առաջարկում տրամադրել Վրաստանին: Պաշտոնական Թբիլիսիին տրամադրվելիք տնտեսական օժանդակության ծավալը Կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում 2012 թվականին կկազմի 66 միլիոն դոլար: Եվս 18 միլիոն դոլար կհատկացվի ռազմական օժանդակության ծրագրի շրջանակներում, իսկ Վրաստանի առողջապահական համակարգին ամերիկյան հատկացումները գալիք տարի կազմելու են 850 հազար դոլար: Օբամայի վարչակազմի այս առաջարկները ամերիկահայերի կողմից բացասաբար են գնահատվում: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առթիվ նշել է. «Մենք հիասթափություն ենք ապրում այն պատճառով, որ չնայած հայ-ամերիկյան առեւտրային կապերը խորացնելու` նախագահի խոստմանը, որեւէ նշանակալի քայլ չի ձեռնարկվել, որ հնարավորություն կտար ընդլայնել տնտեսական կապերը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ` մասնավորապես ազատ առեւտրի, երկակի հարկման եւ առեւտրի ու ներդրումների մասին շրջանակային համաձայնագրերի միջոցով: Նման պայմանավորվածությունները կխթանեին նաեւ աշխատատեղերի ստեղծումը թե՛ Միացյալ Նահանգներում եւ թե՛ Հայաստանում»: