Բիզնես ախորժակ

29/10/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Որքա՞ն գումար է ծախսվում թաղում եւ, առհասարակ, սգո արարողություն կազմակերպելու համար: Այս բիզնեսի մարդիկ անգիր գիտեն ծախսերը՝ դիահերձարաններում դիակի հերձում՝ 55.000 դրամ, հանգուցյալին հատուկ սառնարանում պահելու համար՝ օրական 5000 դրամ: Էլիտար խավը դժբախտության ժամանակ էլ գերադասում է ամենաթանկարժեքը: Ասում են՝ հարուստները դագաղագործների արհեստանոց այցելելիս կանգ են առնում ԱՄՆ-ից ներկրված 1000 դոլարանոց մահճատուփի վրա, որին իրենք՝ դագաղ վաճառողներն անվանում են «ուրախության գարդիրոբ»: «Շպոնապատ դագաղն արժե 60-65.000 դրամ, դուբը՝ սկսած 400 դոլարից, DSP-ն՝ 25.000-ից մինչեւ 200 դոլար՝ կախված վարպետի աշխատանքից, իսկ դագաղներից ամենաէժանը DVP-ն է, որն արժե 17-18.000 դրամ: Էժանն առնում են սոցիալապես անապահով խավի մարդիկ, ինչպես նաեւ` ոսկոր թաղող մարդիկ»,- ասաց վաճառողներից մեկը: «Ոսկոր թաղող մարդիկ» ասելով` նկատի ունեն վերահուղարկավորողներին: «Կատաֆալկա» դիատար ավտոմեքենաների միջեւ մեծ մրցակցություն կա: Եթե «Նար-Դոսում» այն առաջարկում են 15.000 դրամով, ապա Բաղրամյան փողոցի վրա գտնվող վարձակալությամբ տրվող մեքենաները տրամադրում են 25.000 դրամով: Ամենաանհրապույր սգո ծաղկեպսակն արժե 10.000 դրամ: Գերեզմանափորների վարձը 10.000 դրամ է: Սգո պարագաներ վաճառողների հավաստմամբ՝ գոյություն ունեն գերեզմանների «գոլդ» տարածքներ, այսինքն՝ կենտրոնական հատվածներում կամ գերեզմանատների մուտքի մոտ գտնվող տարածքները: Այդ տարածքները թանկ արժեն: Դագաղ վաճառողներն ասում են, որ որոշ մեծահարուստներ գերեզմանի բիզնես են անում, օրինակ՝ Թոխմախի կամ մեկ այլ գերեզմանատանը տարածքներ են վերցնում, ցանկապատում են, բազալտներով կառուցապատում ու աստղաբաշխական թվերով, պատրաստի վիճակում, որպես գերդաստանային գերեզմանոց` վերավաճառում են հանգուցյալի հարազատներին:

Չինովնիկների ախորժակը դագաղի բիզնեսն է

Երեւանում սգո պարագաների վաճառքի 60-ից ավելի օբյեկտ կա, որոնք «Հուղարկավորության» մասին օրենքի ընդունումից հետո կկենտրոնացվեն գերեզմանատների հարակից տարածքներում: Այդ վաճառակետերը հիմնականում տեղակայված են Նար-Դոս փողոցում: Գերեզմանատներում դրանք կենտրոնացնելու քայլը բացատրվում է այն փաստարկով, որ տգեղ է անցնել փողոցով, երբ մայթերին աջուձախ դագաղ է վաճառվում: Մինչդեռ սա մեդալի մի կողմն է: Նար-Դոս փողոցի դագաղների վաճառականները մեզ ներկայացրին մեդալի հակառակ կողմը: «Չեք պատկերացնում, թե էս տարի դագաղների, սգո պարագաների վաճառքի ու «կատաֆալկա» վարձելու ինչ հոսք կա: Մենք ինքներս էլ ապշած ենք, թե ինչքան շատ մարդ է մահանում էս տարի: Դագաղի վաճառքը հիմա անհրաժեշտ մթերքի վաճառքի նման է, գնորդը ստաբիլ կա»,- ասաց դագաղի արտադրության սեփականատերերից մեկը, ով չցանկացավ իր անունը նշել: Դագաղի բիզնեսը գայթակղիչ է, որովհետեւ դրանց պահանջարկն անհամեմատ մեծացել է: Դագաղի բիզնեսով զբաղվողների հավաստմամբ՝ սգո պարագաների վաճառքի կետերի կենտրոնացումն ամենեւին պատահական չէ, քանի որ մեր պաշտոնյաներից ոմանք նպատակ ունեն գերեզմանատների հարակից տարածքներում հատուկ խանութներ կառուցել, որոնք հետագայում վարձակալության կտան դագաղի բիզնեսով զբաղվող անհատ ձեռներեցներին: «Դու ավելի լավ է, էս բաները չփորփրես, էս ուժեղ մաֆիա ա: Էս խոհանոցը վտանգավոր ա, գործ չունես, ստեղ ուրիշ փողեր են ֆռում, գիտե՞ս ինչ հարկեր ենք մուծում, ու սաղ իրանց գրպանն ա գնում, իսկ եթե ստիպեն, տանեն մեզ իրենց ասած տարածքը՝ կթողենք էս գործը, որովհետեւ աշխատածն իրանց ենք տալու»,- խորհուրդ են տալիս դագաղ վաճառողները: Թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե կոնկրետ որքան մահ է գրանցվել այս տարի՝ ասելով, որ նախորդ տարիների համեմատ մահացության թիվն էականորեն չի փոխվել: «Սեզոնի հետ կապված ակտիվացել է, ասենք՝ սրտայինների մահացությունը, բայց ընդհանուր առմամբ նույնն է»,- ասաց նա: Թաղման բյուրոյի տնօրենի օգնականը տեղեկացրեց, որ Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանն այլեւս տեղ չկա, հետեւաբար տարածք տրամադրելու հնարավորություն էլ չկա, իսկ մյուս գերեզմանատներում տարածքները տրամադրվում են անվճար: Դագաղի բիզնեսով զբաղվող մարդկանց ենթադրությունները պրն Գաբիկյանին զայրացրին. «Էլի էդ «Նար-Դոսի» ժողովուրդը սկսեցին ուրիշի բոստանը բոչկա գլորել: Հես ա, որ դրանց քշեն, թող գնան գերեզմանների մոտ դագաղ ծախեն: Թոխմախի, Շահումյանի, Քանաքեռ-Զեյթունի գերեզմանների մոտ խանութներ ունենք, թող գնան ընդեղ ծախեն: Ով կուզենա, ընդեղ կծախի, ով էլ չի ուզենա՝ չերեզ քաղաքապետարան հողահատկացումով, մուծումներով տարածք կվերցնի, կծախի»: Պրն Գաբիկյանը նաեւ նշեց, որ դիատար մեքենաները կկանգնեն Թաղման բյուրոյի բակում: