Պեսկովը «սպանեց» Մաքքեյնին

17/02/2011 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ լեզվակռիվ է եղել: Ռուսաստանցի ամերիկագետների կարծիքով` այն առանձնապես լուրջ հետեւանքներ չի ունենա, բայց այդ լեզվակռվի մեջ լավ բան նույնպես չկա: «Հետեւանքներ չեն լինի, քանի որ Ռուսաստանի հասցեին արտահայտություններ, այն էլ՝ ոչ կոմպետենտ, իրեն թույլ է տվել հանրապետական սենատոր Ջոն ՄաքՔեյնը, ով հայտնի է Մոսկվայի նկատմամբ տածած «սիրով»: Բացի այդ, նա այս անգամ այնքան էլ օրիգինալ չգտնվեց եւ ընդամենը գրեթե բառացիորեն կրկնեց այն հիմարությունները, որ մի քանի օր առաջ ասել էր «Ֆոքս» հեռուստաընկերության լրագրողներից մեկը: Բայց սրա մեջ լավ բան չկա, որովհետեւ, ինչքան չլինի, ՄաքՔեյնն ամերիկյան հասարակության մի բավականին մեծ հատվածի շահերի եւ տրամադրությունների արտահայտիչն է, ով, ինչպես ինքը` սենատորը, ի վիճակի չէ փոխելու սեփական տեսակետը, որ գալիս է դեռ «սառը պատերազմի» ժամանակներից,- «168ԺԱՄ»-ի թղթակցին ասաց նրանցից մեկը:

Եվ այսպես, կիրակի օրը Արիզոնան ներկայացնող սենատոր Ջոն ՄաքՔեյնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում փորձ արեց վերլուծելու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունները եւ զինվորականին հատուկ ուղղամտությամբ, իսկ, ինչպես հայտնի է, նա վիետնամական պատերազմի վետերան է, տարբեր, այսպես ասած, «կանխատեսումներ» արեց, որոնք ավելի շուտ հիշեցնում են իր` ՄաքՔեյնի երազանքները, քան թե հարիր են ծանրակշիռ քաղաքական գործչին ու ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուին:

ՄաքՔեյնը կանխագուշակում արեց. Եգիպտոսում կառավարության տապալումը ամենայն հավանականությամբ նույնօրինակ շարժում առաջ կբերի ամբողջ աշխարհում: Սենատորը կարծես թե ճիշտ էր. Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի անկայուն իրավիճակին ավելացավ Իրանը: Միաժամանակ սենատորը զգուշացրեց Չինաստանի եւ Ռուսաստանի առաջնորդներին, որ նրանց իշխանությունը վերջին իրադարձությունների լույսի տակ պակաս ուժեղ է դառնում: «Ես չեմ կարծում, թե այս ամենը կսահմանափակվի Մերձավոր Արեւելքով, ճիշտ այնպես, ինչպես մենք ենթադրում ենք, թե մարդու իրավունքներն ունիվերսալ արժեքներ են… Սրանք մեծ փոփոխությունների սկիզբն են, եւ ես Վլադիմիր Պուտինի փոխարեն՝ այդքան էլ հանգիստ չէի լինի Կրեմլում` ՊԱԿ-ի իր ընկերների հետ միասին: Եվ ավելի քիչ վստահ կլինեի այն բանում, թե ոչինչ չի պատահի, եթե լինեի Չինաստանի նախագահ Խու Ցզինտաոյի ու այն մի քանի անձանց փոխարեն, ովքեր կառավարում են եւ վճռում մեկ միլիարդ մարդու ճակատագիր»,- սպառնաց ՄաքՔեյնը: Ճիշտ է, այդուհանդերձ, տարիքն առած սենատորը խոստովանեց, որ ի վիճակի չէ որոշել, թե եգիպտական հեղափոխությունը որքանով կարող է անդրադառնալ Մերձավոր Արեւելքի մյուս երկրների վրա, սակայն ասաց, որ նման իրադարձություններ կարող են տեղի ունենալ նաեւ հարեւան երկրներում: «Եգիպտոսի քաղաքացիները կրթված են եւ բավականաչափ խելացի: Այդ երկիրը նման չի, ասենք, Եմենին, որտեղ գոյություն ունի խորը կոնտրաստ»,- ասաց ՄաքՔեյնը: «Սիրիացիներն ու իրանցիները, ակնհայտաբար, ավելի կոշտ կլինեն, եթե իրենց երկրներում բողոքի նման ակցիաներ սկսվեն: Եվ հարկավոր է իրանցիներին հասկացնել, որ իրենց քաղաքացիներին պետք է խաղաղ ցույցերի իրավունք տալ, թող ժողովրդավարություն լինի Սիրիայում, Իրանում, մյուս երկրներում, որոնք ոչ թե մեր բարեկամները չեն, այլ, թերեւս, հակառակը, ավելի շուտ մեր թշնամիներն են»:

Աշխարհը բարեկամների եւ թշնամիների բաժանելուց եւ հնարավոր հետեւանքներով սպառնալուց հետո ՄաքՔեյնը չհանգստացավ եւ իր ուրախությունն արտահայտեց Եգիպտոսում հեղափոխության առթիվ, ինչպես նաեւ՝ հեղափոխության` ամբողջ աշխարհով տարածվելու հավանականությամբ` ի նպաստ ժողովրդավարական արժեքների: Իհարկե, եթե նման դատողությունները հալած յուղի տեղ ընդունենք, կարելի է մտածել, որ ինչքան շատ են հուզումները, հանրահավաքները, հեղափոխությունները, հասարակական-քաղաքական կարգի բռնի փոփոխությունները, այնքան ավելի հզորանում է համաշխարհային ժողովրդավարությունը` ամրապնդվում է, մարզում մկանները` ձեռք բերելով նուրբ հնչող «ժողովրդավարություն» բառին անհարիր ատլետիկ կառուցվածք: Այլ բան է, որ ԱՄՆ-ի կողմից հնչող նման ցանկությունները, որպես կանոն, ուղղված են այն պետությունների, ռեժիմների եւ նախագահների հասցեին, որոնք այս կամ այն պատճառով ձեռնտու չեն Վաշինգտոնին:

Այսպես օրերս ամերիկյան ազդեցիկ ամսագրերից մեկում բերված էր «բռնապետերի» մի ցուցակ, ովքեր ամենամոտ ժամանակներս դատապարտված են տապալման: Այդ ցուցակում հայտնվել են հետխորհրդային տարածքի երկու նախագահներ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնովը: Պատճառները, թե ինչու պիտի այդ երկու ռեժիմները տապալվեն, հետեւյալն են` երկիրը երկար ժամանակ ղեկավարելը, խոսքի ազատության բացակայությունը, ընդդիմության ճնշված վիճակը: Հարկ չկա հեռու գնալու, բավական է միայն նայել Տաջիկստանի հարեւան երկրներին` համոզվելու համար, որ այնտեղ իրավիճակն ավելի վատ է: Սակայն այդ պետությունները «սեւ ցուցակում» չեն հայտնվել: Ինչո՞ւ: Պատասխանն ակնհայտ է. նրանք նավթի եւ գազի լուրջ պաշարներ ունեն, ինչով շահագրգռված է ԱՄՆ-ը, այդ պատճառով չի ցանկանում նրանց հետ հարաբերությունները փչացնել: Թեեւ երկակի ստանդարտները, որոնցով ԱՄՆ-ը գործում է ողջ աշխարհում, հայտնի են բոլորին, եւ իմաստ չունի եւս մի անգամ անդրադառնալ դրանց:

Իսկ ի՞նչ ասաց պաշտոնական Մոսկվան՝ ի պատասխան սենատոր Ջոն ՄաքՔեյնի: ՌԴ վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հարգանքն արտահայտելով ՄաքՔեյնի նկատմամբ, ափսոսանք հայտնեց նրա «հուզական, ոչ կոմպետենտ գնահատականների» առթիվ: «Սկսենք այն բանից, որ Պուտինը վաղուց արդեն Կրեմլում չի նստած, առավել եւս՝ ՊԱԿ-ի իր ընկերների հետ, այլ, արդեն մի քանի տարի է` աշխատում է որպես Ռուսաստանի կառավարության ղեկավար»,- ասաց նա: «Դատելով սենատորի ելույթից` դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու լինելու ժամանակներից նա Ռուսաստանի «երկրպագուներից» չի եղել: Սակայն, չնայած դրան` մենք ուրախ կլինենք պարոն ՄաքՔեյնին ներկայացնելու սպառիչ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է այսօր ապրում Ռուսաստանը, եւ ինչպես է աշխատում Ռուսաստանի կառավարությունը, որը գլխավորում է Վլադիմիր Պուտինը,- ընդգծեց մամուլի քարտուղարը եւ վերջին «մահացու կրակոցն» արձակեց։ -Մենք ղեկավարվում ենք այն տեսակետով, որ ԱՄՆ-ի պաշտոնական ադմինիստրացիայի դիրքորոշումը Ռուսաստանի կառավարության հանդեպ արմատապես տարբերվում է սենատորի դիրքորոշումից»: