Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

17/02/2011 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Սպարտայի թանկարժեք նվերը դիվանագետներին

Արդյո՞ք բոլորս գիտենք, որ պրոֆեսիոնալ դիվանագետների կողմից խիստ հարգված «լակոնիզմը» ծագել է Հին Հունաստանում: Լակոնիզմը բանալի է, կախարդական փայտիկ դիվանագետի ձեռքին, առանց որի նա կլիներ անօգնական եւ տկար բանակցությունների ժամանակ եւ առավել եւս կխեղճանար փաստաթղթեր գրելիս, եւ ամենակարեւորը, ծածկագիր հեռագիր (շիֆրհեռագիր) կազմելիս: Լակոնիզմը, որը մտքի հստակ եւ սեղմ արտահայտության հոմանիշ է, վերագրվում է սպարտացիներին, իսկ այն ստացել է լակոնիզմ անվանումը, քանի որ Սպարտան կոչվել է նաեւ Լակեդեմոն կամ Լակոնիա:

Լակոնիզմի «գյուտարարներն» առանձնահատուկ դեր են խաղացել տարածաշրջանի ռազմաքաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում` ընդհանրապես, եւ Հելլադայի դիվանագիտական հարաբերություններում` մասնավորապես:

Իսկ ի՞նչ է Սպարտան: Այդ հարցն առաջին տվողներից մեկը եղել է պարսից արքա Կյուրոսն իր համաշխարհային փառքի արշալույսին: Հարցրել է զարմացած, մի փոքր ապշած, երբ ընդունել է հանկարծակի հայտնված հելլենական դեսպաններին: Նրանք պարթեւահասակ էին, երկարամազ, ճաշակով հագնված` ուսերին կարմիր թիկնոցներ: Թանկարժեք հագուստների տակ Կյուրոսի փորձված հայացքը գուշակում է արտակարգ զարգացած մկաններ, որոնք արդյունք են երկարատեւ եւ տանջալից մարզումների: Դեսպանների խոսքն անթերի է, շարժուձեւը՝ կիրթ, հղկված, այն չի զիջում հագուկապի ներբագեղությանը: Այդպես իրենց պահում են փորձված դիվանագետները: Սակայն կար մի հանգամանք, որն, ինչպես ասվեց, ցնցել էր արքային. դեսպանների առարկություն չընդունող եւ հանդուգն տոնը: Եվ ամենակարեւորը, անհասկանալին, անգամ վախեցնողը դեսպանների խոսքի կարճությունն ու սեղմությունն էր: Նրանք հայտարարում են. «Կյուրոսը պետք է հանգիստ թողնի իոնական քաղաքները, հակառակ դեպքում պատասխան կտա նրանց առաջ, ովքեր դեսպաններ են ուղարկել այստեղ», այսինքն` պատասխան կտա սպարտացիների առաջ: Քսան բառի չհասնող հայտարարություն, որից արքան այնպես է ազդվում, որ հարգանքով ճանապարհում է պատվիրակությանը: Մինչդեռ ուրիշ հանգամանքներում նրանց ցից կհանեին, ինչը մեկ անգամ չէ, որ արել էին դիվանագետների նկատմամբ: Ազգային հատկություն է. նույնիսկ ժամանակակից իրանցի դիվանագետներն ավելի շուտ կմեռնեն, քան, առանց մեղրածոր նախաբանի, կարտաբերեն մի նախադասություն: Այնպես որ, կարելի է երեւակայել արքայի դեմքի արտահայտությունը սպարտացիների լակոնիզմի դեմ-հանդիման: Իսկ թե ովքեր են սպարտացիները, եւ ինչի են նրանք ընդունակ, պարսիկները հետո էին զգալու իրենց մաշկի վրա, եւ ոչ մեկ անգամ:

Սպարտացիների էթնոհոգեբանական հատկանիշները, որպես արտակարգ ֆենոմեն, դարեր շարունակ մնում են ուսումնասիրության առարկա: Շատերն այն բացատրում են մի շարք օբյեկտիվ գործոններով. աշխարհագրական դիրք, բնական պայմաններ, դաժան պատերազմներ: Սպարտայի առաջին տարբերիչ նշանն այն էր, որ նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը, ողջ նյութական եւ մարդկային ռեսուրսներն ուղղված էին մի նպատակի. ռազմական հզորության ստեղծում եւ դրա պահպանում: Այդ իսկ պատճառով երկիրը վերածվել էր ռազմական միջնաբերդի, կատարյալ զորանոցի: Նրանք ուտում, քնում եւ վեր էին կենում զենքը ձեռքին: Սպարտացիների բոլոր աստվածների արձանները քանդակված են այդ ձեւով, նույնիսկ` Աֆրոդիտեն: Եթե սպարտացին ծնվելուց հետո անցնում էր ապրելու թեստը (թուլակազմներին եւ վատառողջներին նետում էին մերձակա անհատակ վիհը), յոթ տարեկանից զինվորագրվում էր եւ մինչեւ կյանքի վերջը փաստորեն ծառայում էր գործող բանակում: Նորածիններին սպանելու այս ավանդությունն, անկեղծ ասած, զարմացնում է ոչ այնքան իր դաժանությամբ, ինչը տեղավորվում է սպարտայական մենթալիտետի շրջանակներում, որքան այն հանգամանքով, որ այդ անմարդկային գործողությունն արդարացրել են Պլատոնն ու Արիստոտելը, ովքեր իրենց իդեալական պետությունների տեսությունում պաշտպանում են արատավոր նորածինների ոչնչացման գաղափարը:

Սպարտացիների մարզման ահավոր ծանր ձեւերն ու հաճախականությունը, բնակության ու սննդի` նվազագույնի հասցված ժուժկալ պայմանները, մինչ այդ եւ դրանից հետո պատմությունը չի տեսել: Ուտում էին միայն խոզի արյունոտ բարձր կալորիական ոսպնապուր: Հետագայում տոտոլիտար ռեժիմ ունեցող որոշ պետություններ փորձեցին սպարտայական դաժան սկզբունքները կիրառել իրենց զինված ուժերի կազմակերպման գործում, սակայն նման արդյունքի ոչ մեկը չկարողացավ հասնել: Իր քաջությամբ, կարգապահությամբ եւ բարձր բարոյական ըմբռնումով սպարտայական բանակն Անտիկ աշխարհում առաջիններից էր, թերեւս՝ հռոմեականից էլ ավելի կատարյալ: Համենայն դեպս, սպարտացի ռազմիկն իրավունք չուներ նահանջելու, բայց տեղում մեռնելու իրավունք ուներ: Իսկ եթե պատահեր, որ զինվորը նահանջեր եւ կենդանի մնար, նա զոհվածներին երանի կտար, քանի որ իր ազգակիցները, եթե նրան չսպանեին էլ, նրա շուրջը կստեղծեին արհամարհանքի եւ արգահատանքի անտանելի մթնոլորտ: «Սպարտացիները ռազմի իսկական արվեստագետներ են», -ասել է Քսենոֆոնը: Նրանք պատերազմի էին գնում, ինչպես տոնակատարության: Կրում էին ալ կարմիր հագուստ, որպեսզի արյունը չերեւա: Հայրենասիրական ոգին Սպարտայում ֆանատիզմի հասնող քաղաքական կատեգորիա էր: Սպարտացի մի մայր, երբ առնում է իր բոլոր որդիների մահվան լուրն, ասում է. «Ես նրանց քեզ տվի, Սպարտա, որպեսզի մեռնեն քո փառքի համար»: Ուրիշ մի մայր լուր է ստանում կռվի դաշտից, թե հինգ որդիները զոհվել են: «Այդ չեմ հարցնում,- ասում է նա,- Սպարտան հաղթե՞լ է»: «Այո»,- լինում է պատասխանը: «Ուրեմն շնորհակալ լինենք աստվածներին»,- լինում է պատասխանը: Կռվից առաջ մայրը որդուն է հանձնում վահանը. «Եթե ձեռքիդ չվերադառնաս, արի վրան պառկած»,- ասում է նա: Զոհվածներին այդպես էին բերում: Սպարտացի մայրերի եւ կանանց մասին առասպելներ են հյուսված: Կինը Սպարտայում արիությամբ, դիմացկունությամբ եւ կռվելու ունակությամբ չէր զիջում ամուսնուն: Երբ աթենացին սարկազմով նկատում է, թե՝ «Հունաստանում միայն սպարտացիներն են լսում իրենց կանանց», նրանք պատասխանում են, «որովհետեւ միայն Սպարտայում են կանայք ծնում իսկական տղամարդիկ»: Ռազմի դաշտից փախչելը մեղք էր, որի համար ծնողները սպանում էին որդուն կամ աղջկան: Հայրենասիրությունը եւ օտարի նկատմամբ քամահրական վերաբերմունքը սպարտացիների բնորոշ հատկանիշն էր: Գործում էր հատուկ հրամանագիր. չմեկնել արտասահման՝ չփչանալու համար, օտարին հնարավորինս քիչ թողնել իրենց երկիր` ա՛յն չփչացնելու համար: Հայրենիքից հեռանալը համարվում էր մահացու մեղք: Այն արգելված էր օրենքով: Եթե ինչ-որ հրաշքով նման սովորույթը փոխանցվեր մեզ, հանրապետությունը կփրկվեր արտագաղթի կործանարար վտանգից: Սպարտացին հպարտ էր իր երկրով եւ նրա սովորույթներով: Աթենացին ասում է նրան. «Դուք անկիրթ եք»: «Այո, հույներից միայն մենք չսովորեցինք ձեր, այսպես կոչված, քաղաքավարությունը»,- լինում է պատասխանը: Սպարտացիներին տարբերում էր կոպտության հասնող ուղղամտությունն ու ճշմարտախոսությունը:

«Ո՞վ է Սպարտայի ամենալավ մարդը»,- հարցնում է եկվորը սպարտացուն: «Նա, ով նման չէ քեզ»,- հնչում է պատասխանը: Իսկ երբ դեսպաններից մեկը շողոքորթում է թագավորին, ասելով, թե իրեն բոլորն անվանում են Սպարտայի բարեկամ, թագավորի ռեակցիան հնչում է ոչ դիվանագիտորեն. «Լավ կլիներ, եթե քեզ անվանեին քո՛ երկրի բարեկամ»:

Սպարտացիների լակոնիզմը քաղաքականացված է, հաճախ երկիմաստ, պարունակում է նուրբ հումոր եւ կատարելապես հղկված է: Նրանք թողել են լապիդարիզմի` գերսեղմության հասնող այնպիսի արտահայտություններ, որոնք կատարյալ գրական գլուխգործոցներ են: Այսպես: Մակեդոնիայի թագավորն ուղերձ է հղում Սպարտային: «Եթե հարձակվեմ Պելոպոնեսի վրա՝ Սպարտան կոչնչացնեմ»: Պատասխանը լինում է մեկ բառ. «ԵԹԵ»: (Սա ժամանակակից դիվանագետների սիրած խոսելաձեւերից մեկն է): Իսկ երբ պետք է, Սպարտայի լակոնիզմը թունոտ է, սարկազմով հանդերձ: Սպարտացի դեսպանն այցելում է Մակեդոնիայի թագավորին: «Դու մենա՞կ ես»,- վիրավորվում է թագավորը, ով սովոր էր տեսնել բազմամարդ եւ ճոխ պատվիրակություններ: «Մեկին` մեկ»,- լինում է պատասխանը: Դրանով` դեսպանն իջեցնում է թագավորին իր աստիճանին, հետո ակնարկում է, որ Մակեդոնիայի եւ Սպարտայի ուժային հարաբերությունը հավասար է: Երկու ոտքից կաղ սպարտացին գնում է պատերազմ: «Ո՞ւր, ինչի՞ համար»,- հարցնում են նրան: «Որ իմ վրա բթացնեմ թշնամու սուրը»: Իսկ երբ ծերունուն են հարցնում, նա պատասխանում է. «Որպեսզի մարմնովս ծածկեմ երիտասարդներին»: Զինվորը գանգատվում է, որ սուրը կարճ է: «Մի քայլ որ առաջանաս՝ կերկարի»,- ասում է հրամանատարը:

Լակոնիզմն առնչվում է ոչ միայն դիվանագիտական, այլ նաեւ ռազմական արվեստի հետ: II համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան գլխավոր շտաբը հրամանի վրա միջին հաշվով ծախսում էր 6,2 վայրկյան, իսկ ճապոնացիները` 8 վայրկյան, ընդամենը 1,8 վայրկյան ավելի: Հենց այդ տարբերությունը, գումարած` տակտիկական արվեստը, հնարավորություն էր ընձեռում հաղթել ճապոնացիներին կարեւոր ճակատամարտերում, օրինակ` Իվոձիմոյի գրավման ժամանակ:

Հելլադան՝ դիվանագիտական զրույցի օրրան

Այն մասին, որ Հելլադան մեծ ավանդ ունի դիվանագիտական արվեստի կայացման գործում, երկու կարծիք լինել չի կարող: Դիվանագետի անձեռնմխելիություն, բանակցային, կոնֆերանսային, ռազմական, առեւտրական դիվանագիտություն, քարոզչություն, հակաքարոզչություն, ապատեղեկատվություն, գաղթօջախներ, իրավապայմանագրային փաստաթղթեր, արարողակարգ, հռետորություն, լակոնիզմ. սա ամեեւին էլ սպառիչ թվարկումը չէ այն ուղղությունների, որոնք ընդգրկում է Հին հունական դիվանագիտական ծառայությունը:

Եվ, իհարկե, դիվանագիտական զրույցը: Բացի մարդկային շփումների եւ փոխգործակցության կարեւորագույն գործոն լինելուց՝ զրույցը քաղաքական հաղորդակցության անքակտելի բաղադրիչն է: Իսկ այդ զրույցի տեխնիկայի եւ հոգեբանական ասպեկտների զարգացման գործում մեծ է հույների թողած ժառանգությունը: Աթենացիները հարգել եւ գնահատել են խոսքը: Կարողացել են խոսել եւ լսել, որը խոսելուց դժվար է: Հետաքրքրությամբ են ունկնդրել հռետորներին, ովքեր ոչ պակաս հաճույքով են հանդես եկել երբեք չպակասող տոնակատարությունների, զոհաբերությունների եւ մասսայական այլ միջոցառումների ժամանակ: Նրանք ուշի ուշով հետեւել են Ժողովրդական ժողովի ամբիոնից հնչած ելույթներին: Աթենքի փողոցը եղել է լսարան բաց երկնքի տակ, ուր մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել հռետորական արվեստի աննախադեպ վերելք, խոսքի կուլտուրան հասել է աներեւակայելի բարձունքների: Բնականաբար, որտեղ խոսք` այնտեղ էլ զրույց, սովորական զրույց` որպես մարդկային հաղորդակցության միջոց: Աթենացին սիրել է զրույցը, քաջալերել եւ փայփայել է այն: Եվ դրա շնորհիվ է, որ այն այստեղ ունի հնագույն ավանդույթներ: Հոմերոսը գովերգել է զրույցը՝ որպես մարդկանց փոխշփման գերագույն հաճույք: Եվ պատահական չէ, որ այսօր միջազգային հարաբերություններում լայնորեն տարածված «սիմպոզիումը» ծագում է հին հունական «սիմպոսիից», «կոլեկտիվ զրույցներից», այսինքն` բանակցություններից:

Բանավոր խոսքի` որպես զրուցելու արվեստի սկզբնավորման եւ զարգացման համար մենք պարտական ենք Սոկրատեսին, ով զրույցի չգերազանցված վարպետ էր, նորարար-ռեֆորմատոր: «Սոֆոկլեսն իմաստուն է, Եվրիպիդեսն ավելի իմաստուն է, իսկ Սոկրատեսը բոլոր մարդկանցից ամենաիմաստունն է,- ասել է ժամանակակիցներից մեկը եւ ավելացրել: -Իմաստության մեջ ոչ ոք չի հավասարվի Սոկրատեսին»: Եթե ընդունված է ասել, որ Ցիցերոնը հանճարեղ հռետոր է, առանց սխալվելու հավանականության՝ կարելի է նշել, որ Սոկրատեսը ոչ պակաս հանճար էր զրույցի արվեստում: Նրա խոսքը հմայում եւ ապշեցնում էր իր ունկնդիրներին` անկախ սեռից, տարիքից եւ սոցիալական դիրքից: Աթենական ականավոր քաղաքական գործիչ Ալքիբիադեսը Սոկրատեսի մասին ասել է. «Երբ ես լսում եմ նրան, սիրտս խփում է ավելի արագ: Նրա խրատներից աչքերիցս արցունքներ են թափվում: Նույնը, ինչպես տեսնում եմ, տեղի է ունենում շատերի հետ: Նա ինձ հաճախ է հասցրել այնպիսի վիճակի, որ ինձ թվացել է, թե այլեւս չի կարելի ապրել այնպես, ինչպես ապրում եմ…»: Իսկ սոփեստական դպրոցի հայտնի փիլիսոփա Մենոնը, որի ներկայացուցիչները Սոկրատեսի հետ կանգնած էին փիլիսոփայական հակառակ դիրքերի վրա, բնութագրելով զրույցի սոկրատեսյան եղանակը, խոստովանում է, որ Սոկրատեսն իրեն «դյութում, կախարդում ու հմայում է այն աստիճան, որ իր գլխում ամեն ինչ խառնվում ու շփոթվում է»:

Սոկրատեսի զրույցների թեման այնքան ընդգրկուն էր, այնքան բազմաշերտ, որ ներառում էր կյանքի ու մարդկային հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտները: Սոկրատեսը խոսում էր աստվածների ու մարդկանց, իմացության ու տգիտության, խելքի ու հիմարության, բարու ու չարի, հարստության ու աղքատության, բարեկամության ու թշնամության, հոգու ու մարմնի, կյանքի ու մահվան մասին: Նա բանավիճելու արվեստն անվանեց դիալեկտիկա, այն հակադրելով սոփեստների էրիստիկայի (վիճաբանելու արվեստ) մեթոդին: Այստեղից էլ սոկրատեսյան ոճի խիստ տարբերությունը սոփեստական ճոռոմ, կեղծ, հաճախ կյանքից կտրված ոճից: Սոկրատեսը առաքինության, ազնվության, գեղեցիկի եւ նման վեհ գաղափարների ընդհանուր սահմանման ընթացքում հմտորեն կիրառեց ինդուկցիայի եւ դեդուկցիայի մեթոդը: Այսինքն: Առանձին մասնակի երեւույթներից կամ գաղափարներից նա հասնում էր ընդհանուր գաղափարին: Սա անվանվում է ինդուկցիա: Հետո այս ընդհանուրից Սոկրատեսը հանում էր այն առանձինը կամ մասնավորը, որի ճշմարտությանն ինքը չէր հավատում: Սա էլ դեդուկցիան է:

Սոկրատեսն անմիջականորեն չի զբաղվել Աթենքի արտաքին քաղաքականությամբ եւ չի մասնակցել նրա դիվանագիտական գործունեությանը: Ուրեմն նա չի՞ առնչվում դիվանագիտական հաղորդակցության հետ: Ոչ, առնչվում է, այն էլ՝ սերտորեն, քանի որ մեզ համար կարեւորը ոչ թե նրա փոխշփումների եւ զրույցի բովանդակությունն է, այլ դրանք վարելու եւ փոխադարձ համաձայնության գալու մեթոդոլոգիան, ձեւերն ու հնարքները:

Զարմանալ կարելի է: Անցել է երկուս ու կես հազար տարի… Սակայն դեռ այն ժամանակ Սոկրատեսն օգտագործել է դիվանագիտական զրույցի, հաղորդակցության եւ բանակցությունների այնպիսի մեթոդներ, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունը եւ հասու են միայն բարձր մակարդակ եւ մեծ փորձ ունեցող պրոֆեսիոնալներին:

Սոկրատեսը զրուցակից-հետազոտող էր, ով տիրապետում էր հաղորդակցության ձեւերին եւ մեթոդներին, ուներ նուրբ դիտողականություն, հոգեբանի իմացություն, փայլուն լեզու, սուր միտք եւ քաղաքական աչքաչափ: Նա փայլուն կերպով տիրապետում էր վիճելու արվեստին: Սակայն այդ գործիքն ինքնանպատակ չէր օգտագործում եւ քննարկվող առարկայի վերաբերյալ զարգացնում էր ճշմարտության որոնման, երկխոսության ուղիները: Երկխոսություն, այլ ոչ թե բանավեճ, կարծիքների փոխանակում, այլ ոչ թե առճակատում: Սա սոկրատեսյան փոխզիջումային` կոմպրոմիսային դիրքորոշման առաջին նշանն է: Ըստ իս:

Հենվելով դիալեկտիկայի վրա, Սոկրատեսն ավելի է զարգացնում բանակցային այդ գիծը: Նա զրույցը կառուցում է փոխհամաձայնեցվածության, խորհրդածության, կոնֆլիկտային առարկայի պարզաբանման եւ վեճերի բացառության սկզբունքների վրա: Այսպիսով արվում է հաջորդ քայլը կոմպրոմիսի ճանապարհին:

Սակայն ասել, որ Սոկրատեսը հեզորեն հարմարվում էր դիմացինին եւ ընդունում նրա փաստարկներն ու պայմանները` սխալ կլիներ: Նրա զինանոցում եղել են պահեստային միջոցներ: Օրինակ` ինչպես փորձված խաղացող, նա տիրապետել է «փակ» կոմբինացիաների արվեստին, որի շնորհիվ հիմնական եւ դիմացինի համար վտանգավոր փաստարկները մնում են անհայտ: Իսկ երբ այդ փաստարկները բացվում եւ դրվում են սեղանին՝ զրուցակիցը դժվարանում է դրանք մերժել: Եթե մերժեց՝ կնշանակի՝ զրույցը վերջանում է, եւ սկսվում է սովորական վիճաբանությունը:

Սոկրատեսը զրույցը տանում էր այն ուղղությամբ, որ կոնտակտը չհասնի խզման, բայց եւ իր դիրքերը մնան անսասան: Նա ուներ մի մեծ առավելություն, որը երբեմն չունեն մեր դիվանագետներից շատերը: Լինելով դարի մեծագույն անձնավորություններից մեկը, նա վերին աստիճանի համեստ էր: «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»,- սա էր նրա նշանաբանը: Թեպետ մասնագետները գտնում են, որ այն բխում է, սոսկ, գիտելիքի եւ չգիտելիքի սահմանները ճանաչելու սոկրատեսյան տեսությունից, սակայն, սա գալիս է նրա էությունից, մարդկային բարձր հատկանիշներից եւ հոգեկերտվածքից:

Սոկրատեսը ձգտում է հասնել զրուցակցի համաձայնությանը, լարված ուշադրությամբ լսում է դիմացինի խոսքը, փաստարկներն ու առարկությունները, ստեղծելով այնպիսի տպավորություն, որ ամբողջովին մտնում է նրա դրության մեջ, հասկանում նրա վիճակը, կիսում հոգսերը: Սա ապրումակցման` էմպաթիայի ցայտուն օրինակ է, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից դիվանագիտական հարաբերությունների զարգացումը:

Բանակցային արվեստի եւս մի փայլուն օրինակ: Այսպես, Սոկրատեսը զրույցի սկզբում առաջ է քաշում օբյեկտիվ ճշմարտությունը, շահում զրուցակցի վստահությունը եւ տեղեկանում նրա դիրքորոշման, փաստարկների եւ մտադրությունների մասին: Այնուհետեւ զգուշությամբ շարադրում է իր դիրքորոշումը եւ մի քանի տարբերակներով դրանք «ներարկում» դիմացինին: Նա իր ուզածը հնարավորինս, առանց զգալի փոփոխությունների, «ձեւաչափում» է զրուցակցի ցանկության համեմատ, եւ դա անում է այնպիսի հմտությամբ, որ հանդիպման վերջում զրուցակիցը Սոկրատեսի վաղօրոք ծրագրած խնդիրը ներկայացնում է արդեն որպես իր սեփականը, նույնիսկ խնդրում` ընդունել այն: Երկու կողմերն էլ գոհ են եւ գալիս են համաձայնության: Դիվանագիտության մեջ սա կոչվում է տրիանգուլյացիա, որին այսօր շատ քիչ դիվանագետներ են կարողանում հասնել: Սոկրատեսյան զրույցների զինանոցում կան նաեւ այնպիսի գործելաձեւեր եւ մեթոդներ, որոնք ծանոթ ու մատչելի են անգամ սկսնակ դիվանագետներին: Դրանց թվին է պատկանում, այսպես կոչված, «Սոկրատեսյան գաղտնիք» բանաձեւը, ըստ որի՝ պետք է խուսափել զրույցը սկսել այն կետից, որի շուրջ դիմացինի հետ ձեր կարծիքը չի համընկնում: Պետք է այնպես անել, որ նա հենց սկզբից համաձայնի ձեզ հետ եւ ասի` «այո»: Սոկրատեսը դեռ այն տարիներին հասկացել է, որ «ոչ»-ն առաջ է բերում հատուկ պրոցես, որի դեպքում ողջ օրգանիզմը` ներզտիչ գեղձերը, նյարդային եւ մկանային համակարգերը, պատրաստվում են դիմադրության: Զրուցակիցն ասես հեռանում է ձեզնից կամ պատրաստվում է հեռանալ: Նրա եւ՛ նյարդային, եւ՛ մկանային համակարգերն անցնում են պաշտպանության ու դիմադրության: Եվ հակառակը, երբ զրուցակիցն ասում է` «այո», նկարագրված հոգեբանական մեխանիզմները գործի չեն դրվում, օրգանիզմը պատրաստ է համագործակցության եւ համաձայնության:

Սոկրատիզմը մեծ դեր խաղաց զրուցելու արվեստի զարգացման ուղղությամբ` ընդհանրապես, նկատելիորեն նպաստեց դիվանագիտական հաղորդակցության, զրույցի եւ բանակցությունների կատեգորիայի սկզբնավորման եւ կայացման գործընթացին:

Սոկրատեսին` աստվածներին անարգելու եւ երիտասարդությանն այլասերելու կեղծ մեղադրանքով դատապարտեցին մահվան: Բարեկամներն առաջարկեցին կազմակերպել նրա փախուստը: «Եվ ո՞ւր: Մի՞թե կա որեւէ տեղ` ուր չեն մեռնում»,- հարցրեց նա: «Ախր, ցավալի է տեսնել, թե ինչպես ես անարդար տանջվում»,- ասացին նրանք: «Իսկ ի՞նչ է, կուզեիք, որ արդար ձեւո՞վ տանջվեի»,- հարցրեց Սոկրատեսը: Նա հանգիստ խմեց դահիճի տված թույնը: «Ինչպե՞ս թաղենք քեզ»,- եղավ բարեկամների վերջին հարցը: «Վատ եք լսել իմ խոսքը, եթե նման բան եք առաջարկում: Դուք թաղելու եք ոչ թե ինձ, այլ իմ մահացած մարմինը»,- պատասխանեց Սոկրատեսը: Այսպես հեռացավ կյանքից Հին աշխարհի հանճարեղ ուղեղներից մեկը, որով մարդիկ այսօր էլ հիանում են եւ հարգանքի տուրք մատուցում:

Շարունակելի