Ամուսնությունից հետո «անկապ» կյանքից եմ հրաժարվել

17/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Կանայք ինձ վերաբերվում էին որպես երգչի, որպես հայտնի մարդու, բայց ոչ երբեք` պարզապես սովորական տղամարդու, ով սիրել գիտի»,- ասում է Հայկոն:

Արդեն մեկ տարի է, ինչ նախկին «ստաժավոր» ամուրիի` 36-ամյա երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի մատին փայլում է ամուսնական մատանին: Երկար ժամանակ պահանջվեց, որ նա նախանձելի փեսացուից վերածվի օրինական ամուսնու, եւ այսօր արդեն հայտնի է, որ նա շուտով կստանձնի նաեւ սիրող հոր դերը: Հայկոն եւ կինը` Անահիտ Սիմոնյանը, անհամբեր սպասում են իրենց փոքրիկ տղայի լույս աշխարհ գալուն: Հայկոյի հիմնադրած «Design de luxe» ամսագրի համաղեկավար Գագա Ամատունին արդեն իսկ աշխատում է Հայկոյի` վերջերս գնած բնակարանի եւ հատկապես ապագա փոքրիկի ննջասենյակի ոճային ձեւավորման վրա: Այնպես որ, նոր կյանքն, իրենց առաջնեկի հետ, ամուսինները կսկսեն նոր բնակարանում: Այս զույգն այնքան ներդաշնակ է, համենայնդեպս՝ պարզապես դիտորդի հայացքով, որ բացարձակ չի նկատվում նրանց միջեւ 12 տարի տարբերությունը: «Ես իմ կյանքի փորձն եմ Անահիտին փոխանցում, իսկ նա, որպես խելացի կին` ընդունում է, միեւնույն ժամանակ՝ իր տեսակետն ունենալով յուրաքանչյուր հարցի շուրջ»,- ասում է Հայկոն, ով իր կնոջն ու ապագա փոքրիկի մայրիկին հանդիպել է պատահաբար` Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի մուտքի մոտ: «Ճիշտ այն պահին, երբ Անահիտը դուրս էր գալիս շենքից, ես ներս մտա, եւ այդպես հանդիպեցինք: Այնուհետեւ համերգներ էի կազմակերպում եւ հրավիրում նրան մասնակցելու, որ ազատ ժամանակ խոսեմ, ծանոթանամ հետը»,- պատմում է Հայկոն:

– Տարիների ընթացքում թե տղամարդը, թե կինը ավելի բծախնդիր են դառնում յուրաքանչյուր հարցում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է ամուսնական կյանքին: Դժվար չէ՞ր հրաժարվել ամենաթող ազատությունից:

– Երբ կա մեկը, որն առավել է անգամ ազատությունից, առանց մտածելու հրաժարվում ես` հասկանալով, որ այդ ազատությունը ոչինչ է առանց նրա: Դա քայլ է, որին դիմում ես ինքնաբերաբար:

– Իսկ իրականում ինչի՞ց ես հրաժարվել: Եվ հրաժարվե՞լ ես, արդյոք:

– Անկապ կյանքից եմ հրաժարվել: Իհարկե, նախքան ամուսնությունը միշտ էլ լավ ժամանակ եմ անցկացրել: Պարզապես առաջ ամեն ինչ կարծես ժամանակավոր բնույթ էր կրում: Մենակ էի արթնանում, կարեւոր վայրերում մենակ էի ներկայանում…

– Հայկո, հիմա ընթերցողը կկարծի, թե «վանքում» ես անցկացրել այդ 35 տարիները` կանանցից հեռու:

– Բնական է, որ իմ 35 տարիների ընթացքում եղել են կանայք, սակայն նրանք ինձ վերաբերվում էին որպես երգչի, որպես հայտնի մարդու, բայց ոչ երբեք` պարզապես սովորական տղամարդու, ով սիրել գիտի: Դա էր նրանց սխալը: Ես բոլորի պես սովորական մարդ եմ` իմ թերություններով եւ առավելություններով հանդերձ: Պարզապես աշխատանքիս բերումով հանրության ուշադրության կենտրոնում եմ: Ի տարբերություն այլ կանանց, ովքեր չէին հավատում, որ ես կարող եմ ամուսնանալ, կարծելով, թե պարզապես ժամանակ եմ անցկացնում, Անահիտը վստահ էր, որ մեր սերը պսակվելու է ամուսնությամբ:

– Միգուցե քո վարքագի՞ծն էր պատճառը, որ նրանք քո մեջ միայն երգիչ էին տեսնում, որն այսօր իրենց հետ է, վաղը` մեկ ուրիշի: Ի՞նչ էիր անում՝ փոխելու համար այդ կարծիքը:

– Ամեն ինչ երկկողմանի պետք է լինի: Ասելով՝ թե գիտես, ինձ համար ժամանակավոր բնույթ չես կրում, այլ լուրջ եմ տրամադրված, եւ նույնիսկ դրանից հետո զգալով, որ, միեւնույն է, քեզ վերաբերվում են որպես երգչի եւ վերջ, նման հարաբերությունները երկար չեն կարող տեւել: Դա ինձ միշտ զայրացրել է: Դա ընդհանրապես չպետք է բացատրվի, այլ ի սկզբանե պետք է պարզ լինի: Իսկ Անահիտն ուժեղ եւ վստահ կին է, եւ ես նրա համար առաջին հերթին տղամարդ եմ, ում սիրում է, եւ ով իրեն է սիրում, եւ հետո միայն` երգիչ, կոմպոզիտոր, հանրային մարդ:

– Ամուսնական կյանքն իր հետ նաեւ որոշակի պարտավորություններ է բերում, որոնք չկատարելու դեպքում ընտանեկան կյանքը կարող է վերածվել քաոսի, որտեղ ով` ինչ ուզում, անում է, առանց հաշվի առնելու դիմացինի ցանկությունները: Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց ձեր երկուսի կյանքում:

– Պատասխանատվությունն է մեծացել, քանի որ արդեն կա փոքրիկ ընտանիք, որի համար պատասխանատու ենք: Ինչպես նախքան ամուսնությունը, այնպես էլ հիմա, աշխատում ենք ամեն ինչ միասին անել, ամենուր միասին ներկայանալ: Ամուսիններից բացի, մենք նաեւ ընկերներ ենք, ովքեր միշտ իրար աջակցում են: Լվացք չեմ անում, իհարկե, բայց հարկ եղած դեպքում օգնում եմ խոհանոցում եւ այն հարցերում, որտեղ իմ օգնության կարիքն է զգում:

– Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ, ինչո՞ւ ոչ` նաեւ կանայք, մոռանում են հայելու մեջ նայելու բարի ավանդույթը: Մտածում են` կարելի է արդեն չսափրվել, չսանրվել: Տղամարդկանց մոտ «թեթեւակի հղիության» նշաններ են ի հայտ գալիս` կլորիկ փորի տեսքով, իսկ կանանց հիասթափված դեմքին դաջվում է կենցաղի անջնջելի հետքը: Իհարկե, վաղ է ձեզ այդ հարցն ուղղելը, ընդամենը 1 տարի եք ամուսնացած, այնուամենայնիվ, ձեր ամուսնությունը դեռ նմանատիպ դեֆորմացիաների չի՞ ենթարկվել:

– Թե ես, թե Անահիտը միշտ էլ հետեւել ենք մեր արտաքին տեսքին: Մենք այն զույգերից չենք, ովքեր կարծում են, թե ամուսնությունից հետո կյանքն ավարտվում է եւ դառնում գորշ: Ամուսնությունը նոր, համատեղ, երջանիկ եւ վառ կյանքի սկիզբ է միայն: Ես այն տղամարդկանցից չեմ, ովքեր համարում են, թե սիրած աղջկան տուն բերելուց հետո կարելի է այլեւս չսափրվել եւ չսանրվել: Այդպիսի մտածելակերպով կնոջդ ես արհամարհում: Բացի այդ, բնույթով այնպիսի մարդ եմ, որ միշտ պետք է, ռուսերեն ասած, «վՈ տսՈՉց» լինեմ:

– Ձեր մայրը բանասեր է եւ մանկավարժ: Այժմ էլ աշխատում է մանկապարտեզում: Ապագա թոռնիկին տատի՞կն է մեծացնելու, քանի որ ծնողները հիմնականում բեմի վրա են:

– Իհարկե ոչ: Մենք մայրիկին նեղություն չենք պատճառի: Ինքնուրույն կմեծացնենք մեր բալիկին: Վերջին հաշվով դայակ գոյություն ունի, եթե խոսքն Անահիտի երգելուն է վերաբերում:

– Անահիտի հայրը Սուրգութ քաղաքի հայ համայնքի ղեկավարն է, եւ ինչպես Դուք եք բազմիցս նշել` բավական խիստ մարդ է:

– Այո, Անահիտենց տանը հոր խոսքը միշտ առաջնային է համարվել: Ռուսաստանում ապրելով հանդերձ, օրենք է եղել` տանը միայն հայերեն խոսել: Սուրգութում Արմեն Սիմոնյանին այնքան են հարգում, որ ընտրել են հայ համայնքի ղեկավար:

– Ինչպե՞ս է լուրջ եւ խիստ գործարարը համաձայնել աղջկան ամուսնացնել երգչի հետ: Գաղտնիք չէ, որ շատ գործարարներ երգչի մասնագիտությանը լուրջ չեն վերաբերվում:

– Թե բիզնեսի եւ թե երգարվեստի բնագավառում կան եւ պրոֆեսիոնալներ, եւ «անկապ» դեմքեր: Լինելով երաժիշտ` ամբողջ կյանքում ձգտել եմ մարդկային առումով միշտ բարձր պահել թե իմ մասնագիտությունը, թե իմ անձը: Այսքան տարիների աշխատանքի արդյունքում, կարծում եմ, կարողացել եմ հասնել այն մակարդակին, որը կգոհացնի հանդիսատեսին եւ ինձ: Մինչեւ անձամբ չգնահատեմ իմ կատարած աշխատանքը, երբեք այն չեմ հանձնի հանդիսատեսի դատին: