Բրիտանական Չիվնինգ կրթաթոշակներ 2011/2012

17/02/2011

Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակը, որը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգվում է Բրիտանական խորհրդի կողմից: Չիվնինգի կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը` ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի վճարները: Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւյալ ոլորտներում`

– հակամարտությունների կանխարգելում եւ լուծում,

– հանրային ոլորտի բարեփոխումներ եւ արդյունավետ կառավարում` այն Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,

– մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների եւ պարտավորությունների իրականացում,

– քաղաքացիական հասարակության հզորացում, ազատ/անաչառ ԶԼՄ, ժողովրդավարական կառույցներ եւ օրենքի գերակայություն:

Թեկնածուի հատկանիշները

Դիմորդները պետք է առաջնորդական եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր եւ ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձնման գործընթացում: Թեկնածուները պետք է`

– լինեն 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին,

– արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,

– լինեն Հայաստանի քաղաքացիներ եւ բնակվեն Հայաստանում վերջին երեք տարիներին,

– ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում,

– ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),

– վերադառնան Հայաստան եւ աջակցեն երկրի զարգացմանը:

Ինչպես դիմել

Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց: Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

– երկու երաշխավորագիր պաշտոնական ձեւաթղթով եւ/կամ կնքված, ոչ ավելի, քան վեց ամսվա վաղեմության,

– դիպլոմների եւ դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները,

– առողջության վերաբերյալ հայտարարագրման փաստաթուղթը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի փետրվարի 28-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է, վստահ լինել, որ դիմումի ձեւն ամբողջական է:

Ընտրության ընթացակարգը

2011 թվականի մարտի 4-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի եւ նրանք կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցազրույցները տեղի կունենան 2011 թվականի մարտի առաջին կեսին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 եւ ավելի միավոր) 2011 թվականի մարտի 19-ին: Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը եւ հարցազրույցին Երեւանում: Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011թվականի մարտի վերջին: Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Բրիտանական խորհրդի գրասենյակ, Հռիփսիմե Մանուկյանին [email protected] 569923 ն.հ 101 կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: