Սուրը, թե գրիչը, թե մեկը, թե մյուսը։
Գ. Նժդեհ
Փետրվարի 4-ին Արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Դավիթ Սարապյանը` Դեւը, կդառնար 45 տարեկան: Վեհ երկրային ուղին տեւեց ընդամենը 26 կարճ տարիներ… Դավիթն իր ծնողների՝ հայտնի ճարտարապետ Էդուարդ Սարապյանի եւ ականավոր գիտնական Էմմա Սարապյանի միակ զավակն էր: Դեռ մանկուց նկատվում էին տղայի արտասովոր ունակությունները: Նա հոյակապ նկարում էր, ընթերցասեր էր, դպրոցական տարիներին ի հայտ եկան նրա գրական ունակությունները: Նա գրում էր քնարական բանաստեղծություններ եւ կարճ հումորով եւ ինքնահեգնանքով համեմված պատմվածքներ: Բազմակողմանի զարգացած եւ ֆիզիկապես կոփված երիտասարդն օժտված էր բարոյական մեծ արժեքներով: Դավիթն իր էությամբ ասպետ էր, ուներ պատվի եւ արժանապատվության մեծ զգացում: Առաջին դասարանում կռվելով համադասարանցու հետ՝ ուսուցչին ասել էր. «Ես իմ պատիվն էի պաշտպանում»: Պաշտպանում էր նաեւ թույլերին, ճնշվածներին, հիրավի ուներ արդարության ընդգծված գիտակցում: Նրան բոլորը «դպրոցի խիղճ» էին անվանում: Ավարտելով Ձերժինսկու անվան դպրոցը` դարձավ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող: 2-րդ կուրսում ուսանողներին զրկեցին բանակից ազատվելու իրավունքից: Դավիթը -9 կարճատեսությամբ կարող էր ազատվել ծառայությունից, բայց որոշեց գնալ` համարելով, որ տղամարդը պետք է քաջության դպրոց անցնի։ Ծառայությունը Խմելնիցկու մարզում, ուր տիրում էին ամենաթողությունն ու կամայականությունները, շատ արագ սթափեցրեց ռոմանտիկ երիտասարդին: Դեպքերի ճակատագրական բերումով նա մենակ էր այլադավանների մեջ: Արժանապատվություն ունեցող երիտասարդը ստիպված էր միայնակ պաշտպանել իր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, իսկ 1985թ. հոկտեմբերին դատապարտվեց այն բանի համար, որ կռվելով (միայնակ` 10 հոգու դեմ)՝ պաշտպանել էր պատիվը: Դատավարության ընթացքում, առանց թաքցնելու, հայտարարեց, որ կոնֆլիկտը ազգամիջյան բնույթ ուներ` ոչ կենցաղային (ինչպես ցանկանում էին ներկայացնել): Դա չներվեց: Կյանքի հաջորդ 4 տարիները, ազատազրկման մեջ, ներկված էին սեւով: «Ես խաչ քաշեցի կյանքիս վրա ամենահետաքրքիր տեղում»,- գրում էր հուսահատված: Դավիթը չվերադարձավ ինստիտուտ: Դա նրա կոչումը չէր: Համակվել էր գրելու ցանկությամբ: Տեսածը, զգացածը, վերապրածը ձգտում էր փոխանցել թղթին: Այսպես, վերապրած տառապանքից ծնվեցին պատմվածքներ, որոնցում ներկայացնում է զինվորական կյանքի ծանր առօրյան եւ ազատազրկված մարդկանց չարչարանքները: Թեպետ պատմվածքներում զգացվում է նրա նուրբ ու դյուրազգաց հոգու ցավը, սակայն ընթերցողը տեսնում է, որ նա չի կոտրվել, փորձությունների ենթարկվելով՝ չի հուսահատվել եւ չի չարացել: Կյանքի այդ շրջանում նրա համար բացվեց կինոյի զարմանալի աշխարհը: Եղբայրը (ոչ հարազատ)՝ հայտնի կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը, հրավիրեց նրան աշխատելու՝ որպես երկրորդ ռեժիսոր Օդեսայում նկարահանվող ֆիլմում, ու սկսվեց նրա կյանքի հետաքրքիր շրջանը: Շատ էր շրջագայում, հանդիպումներ էր ունենում ճանաչված մարդկանց հետ, եւ դա լավ ազդեցություն էր ունենում նրա ստեղծագործությունների վրա: Գրեց «300 վայրկյան» վեպը, որն ինքն էլ վերածեց սցենարի: Օդեսայի կինոստուդիան հաստատեց այն նկարահանման: Վերջապես հաջողությունը ժպտաց Դավիթին, եւ այժմ, վերապրածից հետո, կարող էր վայելել կյանքը, ստեղծել, սիրել եւ սիրված լինել, կարող էր հանգիստ կյանք վարել իր երեւանյան հարմարավետ բնակարանում: Շատերը հենց այդպես էլ կվարվեին: Շատերը, բայց ոչ երբեք Դավիթը: Պատմական Հայաստանի մեծ քարտեզը, որը փակցված էր նրա սենյակի պատին, Դավիթն անգիր գիտեր: Տեսնելով նախնիների կորսված օրրանը եւ բզկտված հայոց հողը` Դավիթը մեծ ցավ էր ապրում: Իսկ հիմա սպառնում էր Արցախը կորցնելու վտանգը, կորցնելու այն հողը, որտեղ դարերով ապրում էր նրա մայրական կողմի հին իշխանական տոհմը: Այդ տոհմը փայլում էր զորավարներ Պողոս-Բեկ եւ Դանիել-Բեկ Փիրումովների, Մելիք Եղիյանի անուններով: Նա պետք է պաշտպաներ այդ սրբազան հողը: Արդեն 1990թ. գարնանը նա վճռականորեն գրիչը փոխարինեց զենքով եւ մեկնեց ռազմաճակատ: Պատերազմում շատ արագ բացահայտվեց Դավիթի ռազմական տաղանդը: Նա դարձավ փառապանծ եւ քաջարի մարտիկ, անձնուրաց կռվեց եւ Անկախության բանակի շարքերում, եւ հետագայում՝ «Տիգրան Մեծ» կամավորական ջոկատում: Նա միշտ ամենադժվար դիրքերում էր, միշտ խուճապ էր առաջացնում թշնամու շարքերում, եւ պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան «Ահեղ Դեւ» էին անվանում: 1991թ. սեպտեմբերին տեղի ունեցավ Դավիթի եւ Կոմանդոսի՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի ծանոթությունը: «Դավիթն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը, – պատմում է Կոմանդոսը: -Իսկական մտավորական, ներկայանալի… Նա զարմացնում էր խորագիտությամբ, բայց երբեք իր առավելությունը չէր ընդգծում: Բոլորին հիացնում էր նրա յուրօրինակ հումորի զգացումը՝ նրանից հորդում էր կատակների եւ սրամտության գետը: Եվ, իհարկե, ինձ զարմացնում էր նրա զինվորական բնածին տաղանդը: Նա ընդունակ էր մասնագիտական ամենաբարձր մակարդակով ռազմավարական գործողություններ մշակել եւ նույն հաջորդությամբ իրագործել: Դավիթն ամենալավ հրամանատարներից էր, ես նրան անչափ վստահում էի: Նա օժտված էր մարտական եւ մարդկային եզակի հատկանիշներով: Դավիթը միշտ ստանձնում էր ամենաբարդ եւ վտանգավոր առաջադրանքները: Նրա այդ հատկանիշներն արտահայտվեցին հատկապես Տող գյուղի ազատագրման ժամանակ: Դա հիանալի գործողություն էր, որն ինքն էր մշակել եւ իրականացրել»: Տողն ազատագրելուց հետո տուն դառնալով` սովորաբար զուսպ Դավիթը ուրախությամբ հայտնեց մորը. «Քո հարազատ գյուղն ազատագրված է: Հիմա պետք է ազատագրել հորս հարազատ քաղաքը` Էրզրումը…»: Դա մոր եւ որդու վերջին հանդիպումն էր… Նորից մեկնեց Շահումյան, մասնակցեց վերջին մարտին` Թոդան գյուղի համար, որտեղից անխնա ռմբակոծվում էին հայկական գյուղերը… Տարիներ անց հրատարակվեց Դավիթ Սարապյանի գրական ժառանգությունը: Նրա ընդհատված կյանքը կրկին բոցավառվեց հրատարակված ձեռագրերում եւ դրա շնորհիվ պահպանվեց ու վերափոխվեց: Տաղանդավոր երիտասարդի ստեղծագործությունները ճանաչման արժանացան թե ընթերցողների, թե գրողների շրջանում, որոնց նախաձեռնությամբ էլ «Դեւ, կյանք, ստեղծագործություն, պայքար» գրքի շնորհանդեսը կատարվեց Գրողների տանը:
Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ով լավ էր ճանաչում Դավթին, ասել է. «Դավիթ Սարապյանը մեր հաղթանակի սյուներից է, մեր ազգի տաճարի անկյունաքարերից մեկը: Դեռ կարող էր շատ հաղթանակների հասնել, շատ բարձունքներ նվաճել, բայց, ավաղ: Նրա հերոսական մահն ավելի բարձրացրեց Դավթի լուսավոր կերպարը, որ կրում եմ իմ մեջ…»:
Էվելինա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ