«Կեղտոտում են փայլող արեւը»

17/02/2011

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, երեքշաբթի օրը իրանական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը հայտարարություն է ստորագրել, որով կոչ է արվում մահապատժի ենթարկել ընդդիմության երկու առաջնորդներին` Մեհդի Քարուբիին եւ Միր-Հոսեյն Մուսավիին: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Թեհրանում ընդդիմության կազմակերպած հանրահավաքն ավարտվել էր ընդդիմադիրների եւ անվտանգության ծառայությունների միջեւ բախումներով, որոնց արդյունքում երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ընդդիմության երկու առաջնորդները հանրահավաքին չէին մասնակցել: Մեհդի Քարուբին անցած շաբաթավերջին հայտնվեց տնային կալանքի տակ: Իսկ նախագահի նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիին էլ հանրահավաքի օրը ոստիկաններն արգելել էին դուրս գալ տնից` հնարավորություն չտալով նրան մասնակցել բողոքի ակցիաներին: Նշենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խոստացել է պատժել ընդդիմության ցույցերի կազմակերպիչներին: Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ բողոքի նման ակցիաները ոչնչի չեն հանգեցնի: Ըստ նրա, դա Իրանի թշնամիների ձեռքի գործն է, որոնք Իրանի նախագահի խոսքով` փորձում են սեւացնել իրանական ժողովրդի փայլը: «Դա փայլող արեւ է, իսկ նրանք արեւի վրա կեղտ են նետել: Սակայն, այն կվերադառնա եւ նրանց աչքը կծակի»,- ասել է Իրանի նախագահը: Նրա խոսքով, իրանցիները ցանկանում են փայլել, գրավել բարձունքներ եւ փոխել միջազգային հարաբերությունները, ինչի հետեւանքով էլ այդքան թշնամիներ ունեն: Իրանական իրադարձությունները քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ասել է, թե հեգնանք է տեսնում Իրանի իշխանությունների գործողություններում: «Նրանք մի կողմից՝ ձեւացնում են, թե ողջունում են Եգիպտոսի իրադարձությունները, մյուս կողմից՝ ճնշում են մարդկանց, ովքեր փորձում են խաղաղ կերպով արտահայտել իրենց դիրքորոշումը»,- ասել է նա: Իսկ Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ նրանք, ովքեր ղեկավարում են երկրի ներսում բախումները հրահրողներին, դաշինք են կազմել ամերիկամետ ուժերի հետ ու գործում են ընդդեմ իրանական պետության` կպատժվեն: «Ընդդիմության առաջնորդները դարձել են զոհ ամերիկյան դավադրության: Նրանք արդեն տանուլ են տվել այս խաղը, եւ շուտով նրանց դեմ լուրջ միջոցներ են կիրառվելու»,- ասել է նա: