ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ: Երկրի ղեկավարը կարեւորել է ցանկացած մակարդակով երկկողմ հանդիպումները, նշելով, որ դրանք լավ հնարավորություններ են ստեղծում հարաբերությունների զարգացման եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար: Ս. Սարգսյանի խոսքով, հայ-վրացական առեւտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, կա դրական միտում, սակայն առեւտրաշրջանառության ծավալները, առկա ներուժի համեմատ, դեռեւս բավարար համարել չի կարելի, ուստի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել այս ուղղությամբ ջանքերը: «Կարծում եմ, որ մենք պետք է զարգացնենք մեր մշակութային հարաբերությունները: Այդ ոլորտում մենք մեր գործունեությունը վերջին շրջանում որոշակիորեն ակտիվացրել ենք: Կարծում եմ, որ հրաշալի գաղափար էր դպրոցական օլիմպիադա անցկացնելը: Այն, ինչ ասաց Միխայիլ Սահակաշվիլին` վրացական համալսարաններում հայ ուսանողների կրթության համար դրամաշնորհներ հատկացնելու հետ կապված, շատ կարեւոր է: Մենք եւս նույնն ենք անելու: Պետք է օգտագործենք ցանկացած առիթ, որպեսզի երիտասարդ սերունդը շփվի: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ մեր ժողովուրդները հազարամյակներ շարունակ բարեկամություն են արել, եւ մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի այդ ավանդույթները մի փոքր էլ ընդլայնենք ու փոխանցենք գալիք սերունդներին»,- ասել է Ս. Սարգսյանը: