Իսպանիայում ձերբակալվել է հայտնի գործարար եւ փաստաբան՝ 55-ամյա Ջովանի Դի Ստեֆանոն, ով Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի դատապաշտպանն էր: Փաստաբանի ձերբակալությունը տեղի է ունեցել Պալմա դե Մայորկայում: Ստեֆանոյին կասկածում են 15 հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նա կարող է դատապարտվել ընդհանուր առմամբ 75 տարվա ազատազրկման: Ստեֆանոն «սատանայի փաստաբանի» համբավ էր ձեռք բերել, քանի որ պաշտպանել է լուրջ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող բազմաթիվ մարդկանց: Բացի այն, որ նա հանդիսացել է Հուսեյնի փաստաբանների թիմի անդամ, իտալացին նաեւ պաշտպանել է մահապատժի ենթարկված բռնապետի ազգականներին: Ստեֆանոն դատարանում ներկայացրել է ամերիկացի սերիական մարդասպան Չարլզ Մենսոնին, բրիտանացի կողոպտիչ Ռոննի Բիգսին, ով կողոպտելով Գլազգո-Լոնդոն գնացքը` գողացել էր 2,6 մլն ֆունտ ստեռլինգ: Իտալացի փաստաբանը եղել է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի մտերիմ ընկերը, ով Ստեֆանոյին հարավսլավական անձնագիր էր տրամադրել, ինչպես նաեւ եղել է 1991-1995թթ. քաղաքացիական պատերազմում սերբական զինված ուժերի առաջնորդը, պատերազմից հետո որպես քրեական հեղինակություն հայտնի դարձած Ժելկո Ռաժնատովիչի իրավական հարցերով խորհրդատուն: