Մշուշի միջից տեսիլ դյութական

15/02/2011

ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ իշխանության բաշխման կամ վերաբաշխման թեման այնքան հիվանդագին է քննարկվում քաղաքական դաշտում, որ կողքից տպավորություն կարող է ստեղծվել, թե խոսքը ինչ-որ փակ տարածքում տեղի ունեցող գործընթացի մասին է, որին մասնակցում են միայն նշված ուժերը` իրենց հաճախորդներով: Ապագա ԱԺ-ում առաջինը, երկրորդը կամ երրորդը լինելու բոլոր քննարկումները սահմանափակվում են իշխանական «բազարների» մասին տեղեկություններով, եւ որքան էլ զարմանալի, նույնքան օրինաչափ է, որ այս մեկն իրեն նեղություն չի տալիս խոսել հասարակության մասին: Գոնե ձեւականորեն չի քննարկվում բուն ընտրողների կողմնորոշման հարցը: Պատճառը պարզ է` կոալիցիոն ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, իրենք են կեղծում ընտրությունները եւ «ժողովրդի ձայնի» մասին կարգախոսները պահում են նախընտրական շրջանի համար: Այդ պատճառով մարդիկ իրականում անտարբեր են իշխանական դաշտում տեղի ունեցողի նկատմամբ: Որովհետեւ, մեծ հաշվով, ՀՀ քաղաքական դաշտում այսօր ընթանում է պայքար Ռուսաստանի «խաղացողը» դառնալու համար, որը, բնականաբար, որեւէ կապ չունի հասարակության հետ: Այդ առումով, մարդկանց չի հուզում, թե ո՞վ կհաղթի ՀՀԿ-ԲՀԿ պայքարում: Պատկերն ավելի ամբողջական է դարձնում ընդդիմությունը, որն «իշխանությունը թող ներսից քանդվի» կարգախոսով արդարացնում է իր պասիվությունը եւ պատրաստվում հերթական «հուժկու» հանրահավաքին: Իհարկե, չմոռանալով ողջունել աշխարհի տարբեր ծայրերում հեղափոխության հաղթանակի մարտիկներին: Իրավիճակի նրբությունն այն է, որ թեեւ ձեւականորեն ընդդիմությունն ապավինում է հասարակությանը, սակայն իրականում նրա հաշվարկները եւս կառուցված են «արտաքին խաղի վրա»: Այսինքն` ընդդիմությունը, ուղղակի կամ անուղղակի, եւս ընդգրկված է իշխանական խաղում, կամ այն խաղում, որում ընդգրկված են նաեւ իշխանությունները: Հասարակությունը դուրս է մնացել քաղաքական գործընթացներից եւ արդեն բառի ամենաուղիղ իմաստով՝ պայքարում է գոյության համար: Գնաճը զսպելու մասին պաշտոնական դատարկախոսությունների ու գնաճի անարդյունավետ պայքարի մասին քննադատական հայտարարությունների արանքում՝ կյանքը Հայաստանում անտանելիորեն թանկանում է: Եվ դա կարող է երկակի նշանակություն ունենալ առաջիկա քաղաքական զարգացումների վրա: Մարդիկ կամ վերջնականապես կհիասթափվեն եւ՛ իշխանությունից, եւ՛ ընդդիմությունից` հնարավորություն տալով ընտրությունների արդյունքներն ավելի հեշտորեն ամրագրել այսօրվա «քննարկումներին» համապատասխան, կամ ուղղակի Հայաստանում տեղի կունենա այն, ինչն անվանում են սոցիալական բունտ: Առայժմ իշխանությունը հույս ունի, որ տեղի կունենա «առաջին տարբերակը»: Ընդդիմությունը, բնականաբար, դեմ չէ սոցիալական բունտին` միաժամանակ տեղ թողնելով՝ «առաջին տարբերակի» դեպքում որոշակի մասնաբաժին ունենալու համար: Իսկ եթե սոցիալական բունտի հեռանկարը մշուշոտ է թվում իշխանությունների համար, ապա հակառակում համոզվելու համար բավական է ընդամենը երեկոյան դուրս գալ առանձնատներից եւ շարժվել Երեւանի ծայրամասային թաղամասերի ուղղությամբ, որտեղ մարդիկ բազմաբնակարան շենքերում արդեն գոմաղբ են վառում: Գուցե մշուշը հենց դրանից է: