Հ1-ի դեմ

15/02/2011

Երեկ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի շենքի դիմաց փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել: Մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Կարինե Հակոբյանը: Այս անգամ բողոքի ակցիայի մասնակիցներին զայրացրել է Հանրային հեռուստատեսության՝ Հ1-ի փետրվարի 10-ի բացօթյա առեւտրի թեմային «Տեսանկյուն» հաղորդման անդրադարձն ու մեկնաբան Գեւորգ Ալթունյանի դիտարկումները: «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Ամոթ Հ1-ին», «Բամբասանքի ալիք Հ1» բովանդակությամբ ցուցապաստառներով ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհություններն էին հայտնում Հ1-ից: Ցույցի մասնակից մի քանի տասնյակ առեւտրականները Հ1-ից պահանջում էին չոտնահարել իրենց իրավունքները եւ ավելորդ մակդիրներով չդիմել հասարակության լայն շերտին: Մասնակիցները գրավոր հայտարարություն հանձնեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին: «Տարվա բոլոր եղանակներին առավոտից երեկո փողոցում մանրածախ առեւտուր անելով՝ մենք կերակրել ենք ինքներս մեզ եւ մեր ընտանիքի անդամներին: Զրկված լինելով այլ աշխատանքից՝ մենք միայն այդպես ենք ստեղծել մեր ամենօրյա ապրուստը: Ընտանիքին հացով ապահովելը մոդել չէ, համակարգ չէ, կառուցվածք չէ՝ դա գոյատեւելու միջոց է: Իսկ մոդելը, մեզ հացից զրկողներ, կազմակերպված է լինում, ասենք՝ իշխանավորի կամ դղյակատիրոջ կողմից, օրինակ՝ սուպերմարկետների միլիոնները միլիարդ դարձնելու նպատակով մեր նման զրկվածներից օրական 1000 դրամ աշխատելու միջոցը խլելն է: Իսկ ինչո՞ւ Հ1-ը չի խոսում այն մասին, որ մինչեւ հիմա մեր միակ հույսն էլի մնացել է բացօթյա առեւտուրը, եւ չեն ստեղծվել ուրիշ աշխատատեղեր կամ հնարավորություններ, որոնց միջոցով մերպեսները կարողանային քիչ թե շատ արժանապատիվ ապրուստ վաստակել, եւ ոչ թե ամբողջ օրը փողոցում մանր առեւտուր անել»,- նշել են առեւտրականները՝ հայտարարության մեջ: Բողոքի ակցիաները շարունակվեցին նաեւ երեւանյան սուպերմարկետների դիմաց: Ցուցարար-առեւտրականները շարժվեցին դեպի «Երեւան Սիթի» եւ «Սաս» սուպերմարկետներ՝ կանչելով՝ «Էստի համեցեք, էստի համեցեք»: Խնդիրն այն է, որ մարդիկ վիրավորվել էին, որ «Տեսանկյուն» հաղորդման ընթացքում ցուցադրվել էին կադրեր «Գիքորը» ֆիլմից: