«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ծնողները դիմել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգին` կոչ անելով ազդել իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի վրա, ով երեկ երկօրյա այցով ժամանել է Լոնդոն: Խոդորկովսկիի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը բրիտանական «The Daily Telegraph» պարբերականին հայտնել է, որ Խոդորկովսկիների կարծիքով` Լավրովը պետք է արձագանքի Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանություն եւ օրենքի գերակայություն ապահովելու կոչերին: «Նրանք հույս ունեն, որ Հեյգը դեմառդեմ հանդիպման ժամանակ այդ թեմայով կխոսի Լավրովի հետ, եւ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նույնպես հնարավորություն կունենա բարձրացնել այդ թեման»,- ասել է աղբյուրը: Լավրովի հանդիպումները բրիտանական ղեկավարների հետ նախատեսված են այսօր: Պարբերականի աղբյուրը, հիշեցնելով Խոդորկովսկիի եւ Լեբեդեւի 2-րդ գործով 2010թ. դեկտեմբերին հրապարակած դատավճռի առնչությամբ միջազգային շրջանակների արձագանքի վերաբերյալ Մոսկվայի կտրուկ դժգոհությունը, ասել է. «Սերգեյ Լավրովը միջազգային հանրությանը մեղադրեց Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, բայց միեւնույն ժամանակ` Լավրովը Միացյալ թագավորություն է ժամանում, որ խնդրի շարունակել ներդրումներ կատարել Ռուսաստանում»: