ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին քաղաքի արտաքին լուսավորության համակարգում էներգախնայողության ծրագրի առաջարկ է ներկայացրել, որը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, կներկայացվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին։ Ըստ ծրագրի` Երեւանում էներգածախսերը կկրճատվեն շուրջ 4 անգամ։ «Այսօր մեզ համար շատ կարեւոր է Երեւանում գրավիչ բիզնես միջավայրի ստեղծումը եւ ներդրողների ներգրավումը։ Իմ համոզմամբ, կան մի շարք ոլորտներ, որոնք ավելի լավ կարող են կառավարվել մասնավոր հատվածի կողմից։ Քաղաքապետարանն այդ դեպքում միայն վերահսկողական գործառույթներ կիրականացնի»,- ասել է Կ. Կարապետյանը։ Երեկ Երեւանի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում վարկային միջոցների ներգրավման հարցեր են քննարկվել Կ. Կարապետյանի եւ Ասիական զարգացման բանկի քաղաքային ենթակառուցվածքների կայուն զարգացման ծրագրի ղեկավար Արնո Դոֆինի հանդիպման ընթացքում: Ըստ Ասիական զարգացման բանկի կողմից նախատեսվող վարկային ծրագրի առաջին փուլի` ծրագրվում է կառուցել քաղաքի կենտրոնը բեռնաթափող եւ քաղաքը շրջանցող 2 նոր գլխավոր ճանապարհ: Ի դեպ, քաղաքապետ Կ. Կարապետյանի հանձնարարությամբ այսուհետ յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14:00-17:00-ն վարչական շրջանների ղեկավարները (թաղապետերը) կկազմակերպեն բնակիչների ընդունելություն: