ԱՄՆ-ում գործող թուրքական կառույցները որոշել են սերտացնել շփումները Կոնգրեսի նորընտիր անդամների հետ, որոնք ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում են հայտնվել նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում: Այս մասին հաղորդում է «Hurriyet» պարբերականը` վկայակոչելով մի բարձրաստիճան թուրք դիվանագետի խոսքերը: Hurriyet-ի զրուցակիցը նշել է, որ հիմնականում ուշադրության կենտրոնում են հայտնվում պահպանողական հայացքների տեր կոնգրեսականները, ինչպես նաեւ՝ փոխնախագահության նախկին թեկնածու Սառա Փեյլինի ստեղծած «Թեյախմության շարժման» անդամները: «Անցած աշնանը Կոնգրես մուտք գործած այս օրենսդիրների հետ մենք ակտիվ երկխոսության մեջ ենք մտել` փորձելով նրանց ավելի սերտորեն ծանոթացնել թուրքական քաղաքականությանը»,- ասել է դիվանագետը: Այս երկխոսության գլխավոր նպատակներից մեկն էլ, ըստ թուրքական աղբյուրների, Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներն արգելափակելն է: «Նախորդ գումարման Կոնգրեսում Թուրքիան բախվում էր լուրջ դժվարությունների, քանի որ այնտեղ մեծամասնություն էին կազմում Դեմոկրատական կուսակցության այն անդամները, որոնք միանշանակորեն կողմ էին 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն»,- նշում է «Hurriyet»-ի հոդվածագիրը:
«Մենք միայն կոնգրեսականներով չենք սահմանափակվում, սկսել ենք նաեւ ակտիվորեն շփվել նրանց օգնականների հետ: Երբ Թուրքիայից որեւէ պաշտոնական պատվիրակություն է ժամանում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանդիպում կայանա նաեւ կոնգրեսականների հետ: Ավելին, մենք նրանց բավական հաճախ հրավիրում ենք Թուրքիա»,- նշել է թուրք դիվանագետը: Բավական ակտիվ են նաեւ Միացյալ Նահանգներում գործող թուրքական լոբբիստական կառույցները: Այսպես, Ամերիկայի թուրքական ընկերակցությունը ջանքեր է գործադրում Կոնգրեսի թուրք- ամերիկյան բարեկամության խմբի անդամների քանակն ավելացնելու ուղղությամբ:
Ընկերակցության ղեկավար Կայա Բոզթեփեն «Hurriyet»-ի հետ զրույցում նշել է. «Այս խմբի դեմոկրատ անդամների զգալի մասը նոյեմբերին կայացած ընտրությունների ժամանակ պարտվեց, ինչի արդյունքում խմբի անդամների թիվը 125-ից միանգամից իջավ 96-ի: Մենք, սակայն, հույս ունենք, որ մոտ ապագայում խմբի անդամների թվաքանակը ոչ միայն կհասնի, այլեւ կգերազանցի 125-ը: Բանն այն է, որ մենք շատ լավ հարաբերություն ունենք հանրապետական կոնգրեսականների հետ»: Առաջիկա ամիսներին էլ ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ նոր զարգացումների դիտարկումը: «Անկարայում հակված են այն մտքին, որ Կոնգրեսում առաջիկայում Հայոց ցեղասպանության շուրջ նոր բանաձեւ շրջանառության մեջ չի դրվի: Այնուհանդերձ, մենք հետեւելու ենք, թե ինչ կասի իր ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ-ի նախագահը»,- փոխանցել են «Hurriyet»-ի դիվանագիտական աղբյուրները: