Նրանք, ովքեր ժամանակ ունեն հետեւելու, թե ինչպես են պարում ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչները «Տանցի սո զվյոզդամի» նախագծում, հնարավոր է նախագծում հնչող երգերի մեջ ծանոթ ձայն լսեն: Ձայն, որը հրաշալի կատարում է «Քուին» ռոք խմբի եւ Առնո Բաբաջանյանի երգացանկը: Ձայն, որ 2008 թվականին Յուրմալայում կայացած «Նովայ վոլնա» երաժշտական մրցույթում արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Խոսքը երգիչ Մհերի մասին է, ում կատարմամբ երգերը կարելի է լսել ռուսական «Ռոսսիա 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող «Տանցի սո զվյոզդամի» հաղորդման ժամանակ: «Ռուսական ալիքի իմ ընկերներն՝ իմանալով, որ գտնվում եմ Մոսկվայում, առաջարկեցին ինձ եւ մի քանի երգիչների եւս կատարել«Տանցի սո զվյոզդամի» նախագծի երգերը, եւ ես սիրով համաձայնեցի: Ընդհանուր առմամբ չեմ կարող նշել, թե քանի երգ եմ ձայնագրել նախագծի համար, սակայն, որ գերագույն հաճույք եմ ստացել պրոֆեսիոնալների հետ աշխատելով, դա ակնհայտ է»,- մեզ հետ զրույցում նշեց Մհերը, ով պատրաստվում է նաեւ զուգերգ ձայնագրել Նունե Եսայանի հետ: «Նունեի հետ երգելու ցանկությունը միշտ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ անընդհատ հետաձգվում է: Հիմա էլ ես եմ մի փոքր վատառողջ: Հուսամ, շուտով կսկսենք ձայնագրման աշխատանքները»,- ասաց Մհերը, ով վերջերս է վերադարձել Մոսկվայից: