«Չնայած ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ վերջին տարիներին գործադրված բազմաթիվ դիվանագիտական ջանքերին` հակամարտությունը շարունակում է բորբոքվել»,- նման գնահատական պարունակող վերլուծություն է հրապարակել ԱՄՆ-ում գործող հեղինակավոր «Janeգs Intelligence» հետազոտական կենտրոնը: «Նավթից եւ բնական գազից ստացվող շահույթների հաշվին Ադրբեջանը փորձում է փոխել 17-ամյա ստատուս-քվոն: Հենց այդ նպատակով պաշտոնական Բաքուն մտադիր է 2011 թ. անվտանգության եւ ռազմական ոլորտին հատկացնել 3.1 միլիարդ դոլար, ինչը վեց անգամ գերազանցում է նույն ոլորտին Հայաստանի տրամադրած գումարի չափը: Այդուամենայնիվ, չնայած Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի զգալի ֆինանսական առավելությանը, ադրբեջանցի սպաների աշխատավարձի առավելությունը հայ գործընկերների նկատմամբ չնչին է: Ռազմական ոլորտում պաշտոնական Բաքվի կատարած ծախսերի մեծ մասն ուղղվում է անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքների զարգացմանը եւ նոր ռազմատեխնիկայի ձեռքբերմանը»,- գրում է «Janeգs Intelligence»-ը: Վերլուծելով կողմերի տնօրինած ռազմական հնարավորությունները` կենտրոնը նշում է, որ զրահամեքենաների թվով երկու բանակներից որեւէ մեկը մյուսի նկատմամբ էական առավելություն չունի: «Կողմերի միջեւ լուրջ ռազմական բախումը, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին կսկսվի օդային հարձակումներով եւ փոխադարձ հրետակոծությամբ, եւ հենց այս երկու ոլորտներում հայկական եւ ադրբեջանական բանակների միջեւ առկա տարբերությունն է, որ կարող է էապես փոխել նախնական իրավիճակը»,- կանխատեսում են կենտրոնի փորձագետները: «Այդուամենայնիվ, պարզ չէ` արդյոք պաշտոնական Բաքուն կկարողանա՞ այս քանակական առավելությունը վերածել որակականի եւ էականորեն փոխել իրավիճակը ռազմադաշտում»: Այս հարցում, ըստ կենտրոնի վերլուծաբանների, Ադրբեջանի համար մարտահրավեր կարող է լինել Լեռնային Ղարաբաղի` ռազմական գործողությունների համար առավել բարենպաստ աշխարհագրական դիրքը, Ռուսաստանի հետ Հայաստանի կնքած ռազմական դաշինքը, ինչպես նաեւ՝ քաղաքական իրավիճակը սեփական երկրի ներսում: «Ռուսաստանի հետ կնքված դաշինքը Հայաստանի պաշտպանական համակարգի ամրապնդման հիմնական աղբյուրն է, որը հավելյալ ռիսկեր է ստեղծում Բաքվի համար. Մոսկվայի հետ գործակցության մեջ մտնելու, կամ դրան հակառակ` Թուրքիայի եւ Արեւմուտքի հետ անվտանգության ոլորտում դաշինք կնքելու Ադրբեջանի փորձերը չեն կարող չեզոքացնել հակամարտության մեջ ներքաշվելու` Ռուսաստանի ներուժը»,- գրում է հետազոտական կենտրոնն ու կանխատեսում` հակամարտության սրման դեպքում Թուրքիան, Արեւմուտքի նման, կփորձի խուսափել Ռուսաստանի հետ հակազդեցության մեջ մտնելուց: «Այս բոլոր հանգամանքները չեն բացառում Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, այդուամենայնիվ, կողմերի ունեցած սահմանափակ հնարավորությունները եւ միջազգային համայնքի դիրքորոշումը խնդրի նկատմամբ սահմանափակում են իրադարձությունների զարգացման նման սցենարը»,- եզրափակում է «Janeգs Intelligence»-ը: