Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 8-11-ը կատարած տարածաշրջանային այցի արդյունքներով տարածել են հայտարարություն` որում մասնավորապես նշված է, որ «եկել է խաղաղության դիրքերից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ժամանակը»: Համանախագահները նշել են նաեւ, որ 2010թ. Աստրախանի գագաթաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է արձանագրվել, եւ հորդորել են կողմերին՝ շարունակել առաջխաղացումն ու թույլ տալ, որ «խաղաղ գործընթացն անցնի հաջորդ փուլ»: Նշենք, որ համանախագահները նախօրեին Երեւանից մեկնել էին Բաքու, որտեղ երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Երեւանում նրանք հանդիպել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: