«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ գրեթե դեդեկտիվային դարձած հարաբերություններն՝ ի հեճուկս սպասումների, երեկ եւս չհստակեցվեցին: Թեեւ երեկ նույնիսկ իշխանական գործիչներն էին հայտարարում, որ երեկոյան կայանալու է կոալիցիայի նիստ, սակայն այն տեղի չունեցավ: Մեր տեղեկություններով, հինգշաբթի օրը երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ստորագրել 2013թ. նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարություն` պնդելով, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում կհայտնի խորհրդարանական ընտրություններից հետո: Երեկ ավելի ուշ, սակայն, ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Գ. Ծառուկյանն, այնուամենայնիվ, ստորագրել է 2013 թ. Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանող հայտարարության կամ հուշագրի տակ, եւ այդ մասին կհայտարարվի առաջիկայում` հնարավոր է նաեւ այսօրվա համագումարի ընթացքում: Իհարկե, դա քիչ հավանական է թվում, քանի որ ԲՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ այսօրվա համագումարի օրակարգում կոալիցիայում մնալ-չմնալու հարց ներառված չէ: Ավելին` ըստ ԲՀԿ-ական շրջանակների, համագումարի օրակարգում նման հարց չընդգրկելով` Գ. Ծառուկյանն այդպիսով վերջնականապես արձանագրել է, որ սեփական նախաձեռնությամբ դուրս չի գա կոալիցիայից` ինչպես իշխանություններն են սիրում ասել` «գնդակը թողնելով ՀՀԿ-ի դաշտում»: Եթե այս իրավիճակն այլ հանգուցալուծում չգտնի եւ ՀՀԿ-ն պնդի ԲՀԿ-ի` կոալիցիայում մնալ-չմնալու հարցը, ապա պետք է «դուրս հրավիրի» ԲՀԿ-ին` պաշտոնապես հիմնավորելով, թե կոալիցիոն ո՞ր պարտականությունները չկատարելու համար է դադարեցնում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Իսկ 2008թ. ստորագրված կոալիցիոն հուշագրում 2013թ. նախագահական ընտրություններում որեւէ թեկնածուի պաշտպանելու մասին դրույթ ամրագրված չէ: Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա կարելի է ենթադրել, որ բավական սրված այս հակամարտությունից ԲՀԿ-ն կարողացել է «շահած» դուրս գալ: Գոնե առժամանակ: Չունենալով ԲՀԿ-ին կոալիցիայից «դուրս հրավիրելու» ֆորմալ ձեւակերպում, ՀՀԿ-ի կողմից նման քայլը կորակվի որպես պատերազմ հայտարարելու բացահայտ արտահայտություն` դրանից բխող բոլոր այնպիսի հետեւանքներով, որոնք նույն ՀՀԿ-ի համար եւս կարող են անվերահսկելի եւ կործանարար լինել: Այս տեղեկությունները հաշվի առնելով, երեկ քաղաքական շրջանակներում ավելի հավանական էր համարվում, որ ԲՀԿ-ն կշարունակի մնալ կոալիցիայում` առայժմ զերծ մնալով 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում հայտնելու պահանջից: Անկախ ամեն ինչից` ԲՀԿ այսօրվա համագումարը հստակություն կմտցնի այս հարաբերություններում` կանխորոշելով ապագա քաղաքական զարգացումները: Եթե ԲՀԿ-ն հայտարարի Ս. Սարգսյանին պաշտպանելու մասին, ապա խորհրդարանական ընտրություններում այս երկու կուսակցությունները հանդես կգան որպես միասնական` իշխանական բեւեռ: Հակառակ դեպքում կոալիցիայի կազմում կամ նրանից դուրս ԲՀԿ-ն կդառնա ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը ԱԺ հաջորդ ընտրություններում: