«Դեպրեսիան» տեղափոխվեց ՀՀԿ

12/02/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Իշխող կոալիցիայում լարվածությունը ավելի է սրվում: Ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դո՞ւրս է գալու կոալիցիայից, թե՞ ոչ: Այս հարցի դրական կամ բացասական պատասխանները ժամ առ ժամ փոխվում են: Եթե նախօրեին գերիշխող էր ԲՀԿ-ի` դուրս գալու վարկածը, ապա երեկ արդեն խոսում էին հակառակի մասին:

Ամեն դեպքում այս պահին հայտնի է, որ երկուշաբթի առավոտյան կոալիցիայի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կոալիցիոն նոր հուշագրի կամ հայտարարության տեքստ էր ներկայացրել եւ առաջարկել այն ստորագրել: Այդ հայտարարությունն ունեցել է երկու հիմնական պահանջ` 2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով եւ 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանել մեկ ընդհանուր` Ս.Սարգսյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով՝ Գ.Ծառուկյանը համաձայնել էր առաջին պահանջին՝ չհամաձայնելով երկրորդին, եւ կարողացել էր ստորագրումը հետաձգել մինչեւ երեկ: Սպասվում էր, որ երեկ կոալիցիոն Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցությունների ղեկավարները նորից պետք է հանդիպեն ու ստորագրեն այդ հայտարարությունը: Սակայն դա ոչ միայն մինչեւ երեկո տեղի չունեցավ, այլ նույնիսկ իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանն առավոտյան հայտարարեց, թե որեւէ տեղեկություն չունի այդ մասին: Նա նաեւ հերքեց կոալիցիոն նոր հուշագրի կամ հայտարարության մասին պնդումները: Ավելի ուշ մեր հարցին, թե Ս.Սարգսյանը կոալիցիայի նիստ հրավիրելո՞ւ է, նրա մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն այսպես պատասխանեց. «Չի լինելու»: Մինչդեռ Գ.Սահակյանից էլ ավելի վաղ, երեկ առավոտյան ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ հայտարարության տեքստ այնուամենայնիվ եղել է, եւ կուսակցությունների ղեկավարները ուրբաթ օրը` երեկ, պետք է հանդիպեին եւ հստակեցնեին դիրքորոշումները: «Այո, տեղի է ունեցել կոալիցիոն քաղաքական ուժերի միասնական նիստ, որտեղ երկրի նախագահն առաջարկել է հայտարարություն, որ պետք է քաղաքական ուժերը միասնական այդ հայտարարությունն ամրագրեն եւ գնան առաջ` կապված առաջիկա միասնական աշխատանքների հետ»,- առավոտյան հայտարարեց տիկին Բիշարյանը: Հայտարարության երկրորդ կետով, Հ.Բիշարյանի խոսքով, անդրադարձ է արվել 2013թ. նախագահական ընտրություններում Ս.Սարգսյանին պաշտպանելու հարցին: «Ես կարծում եմ` սա շատ պարզ հայտարարություն է, եւ նրանք, ովքեր որդեգրել են սկզբունքներ` գնալու այս ճանապարհը, պարզապես պարտավոր են այդ մասին ասել: Իսկ նրանք, ովքեր չունեն կոնկրետ որոշումներ կամ չեն ուզում հստակեցնել իրենց այդ ճանապարհը, դա իրենց խնդիրն է»,- ԲՀԿ-ին նկատի ունենալով` հայտարարեց Հ.Բիշարյանը:

Բավականին հետաքրքիր է նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ղեկավարների` վերը նշված պատասխանների հակասությունը: Ինչո՞ւ է Գ.Սահակյանը հերքում մի բան, որը հաստատում է իր գործընկեր Հ.Բիշարյանը: Երեկ արդեն քաղաքական շրջանակներում խոսակցություններ էին շրջանառվում, թե հինգշաբթի օրը հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը համաձայնեցրել են իրենց անելիքը: Խոսում էին, որ հայտարարություն, այնուամենայնիվ, կարող է ստորագրվի, բայց դրանում արդեն չի լինելու 2013-ին Ս.Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու կետը: Այդ դեպքում ինչի՞ համար էր այս ամբողջ խառնաշփոթը, չէ՞ որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, ավելի շուտ` այս կուսակցությունների ղեկավարների հակասության հիմնական պատճառը դա էր: Չէ՞ որ ՀՀԿ պատգամավորներն այս ամբողջ ընթացքում իրենց հայտարարություններով դա էին պահանջում իրենց գործընկերոջից: Իհարկե, նրանք այդ պահանջն ինքնուրույն չէին ներկայացնում եւ համաձայնեցնում էին Ս. Սարգսյանի հետ: Եվ հիմա բոլորին հուզում է հարցը, թե ի՞նչ են պայմանավորվել նախօրեին, որ հրաժարվել են հիմնական պահանջից, կամ գուցե դրա շուրջ ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարները բանավո՞ր պայմանավորվածություն են ձեռք բերել: Ամեն դեպքում, երեկ արդեն հանրապետականների ոգեւորությունը մարել էր, նրանք շփոթված էին ստեղծված իրավիճակի պատճառով: Ստացվում է՝ փոխադարձ վիրավորական հայտարարություններ են արել` ընդհուպ անձնական վիրավորանքների մակարդակի, բայց հետո պարզվում է, որ ղեկավարությունը ընդհանուր հայտարարի է եկել, իսկ իրենք ներքեւում միմյանց հետ խնդիրներ են ունենում, նաեւ ստիպված են լինում արդարանալ` ասելով, թե այս ամենը լրագրողների «երազախաբության» արդյունքն է:

Իսկ ինչո՞ւ Հ.Բիշարյանը երեկ այդքան հստակ բարձրաձայնեց հայտարարության եւ դրա պահանջների մասին: Մամուլում արդեն հրապարակվել է այն տեղեկությունը, որ անցած երկուշաբթի կոալիցիոն նիստի ժամանակ Գ.Ծառուկյանը հակադարձելով Ս.Սարգսյանին` ասել է. «Ես Արթուր Բաղդասարյան չեմ դառնա»: Իսկ ՕԵԿ-ում հույս են ունեցել, որ ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից, եւ իրենք կդառնան իշխող կուսակցության միակ կցորդը: Ու հիմա ԲՀԿ-ից վիրավորված ու ՀՀԿ-ից հուսախաբ եղած ՕԵԿ-ը փորձում է բացահայտել այն, ինչի մասին լռում են կոալիցիոն գործընկերները: Իսկ այս ողջ ընթացքում ԱԺ-ից կարծես անհետացել են ԲՀԿ-ական պատգամավորները, նրանք երեկ չմասնակցեցին նույնիսկ խորհրդարանական ճեպազրույցին: Միայն օրվա երկրորդ կեսին Գ.Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, թե «ԲՀԿ-ն իշխող կոալիցիայից դուրս գալ-չգալու եւ 2013թ. նախագահական ընտրությունների հարց չի քննարկում», իսկ «պատգամավորները չեն մասնակցել բրիֆինգին, որովհետեւ բոլորը զբաղված են վաղվա համագումարով»: Իսկ այսօրվա համագումարին, որոշ տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ից հրավիրված են Ս.Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Գալուստ Սահակյանը: Ա.Արզումանյանը երեկ չասաց՝ Ս.Սարգսյանը մասնակցելո՞ւ է համագումարին: Իսկ շաբաթվա սկզբից հայտնի էր, որ համագումարը լուսաբանելու համար հրավիրվում են հիմնականում նախագահականում հավատարմագրված լրագրողները: Այսինքն` Ս.Սարգսյանի մասնակցության հավանականությունը մեծ է: