«Հայաստանում քաղաքական զարգացումները կամաց-կամաց արթնանում են եւ մոտենում են հեղափոխականին»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով, տեւական ժամանակ է՝ բացակայում էր Հայաստանից եւ, ինչպես վերջին շրջանում հայաստանյան քաղաքական ուժերից շատերի ղեկավարները, գտնվում էր Մոսկվայում: Նա երեկ ասել է, որ «ցասումը դեռ մինչեւ վերջ չի մտել հայ ժողովրդի մեջ, եւ ներկա գործընթացները տանում են հենց դրան»: «Հեղափոխության հիմք մեր երկրում կարող են դառնալ սոցիալական բողոքը, ժողովրդավարության բացակայությունը, ինչպես նաեւ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը: Անարդարության աղաղակող կոչերը, ժողովրդի ցասումը մի օր մարդկանց փողոց են դուրս բերելու: Միայն ընդդիմությունը պետք է որսա հարմար պահը` ոչ շտապելով, ոչ էլ ժամանակից հետ ընկնելով»,- հայտարարել է Կարապետյանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ երկրում առկա վիճակը գնալով բարդանում է: «Նա ուզում է հասկանալ` արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞, որպեսզի այստեղ չկրկնվեն արաբական աշխարհի իրադարձությունները»,- ասել է ՆԺԿ նախագահը: «Գլխավոր թեման այսօր կոալիցիայի ներսում գնացող գործընթացներն են, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները` ընդհանրապես գոյություն չունեցող, եւ այն զարգացումներն են, որոնք գնում են ներքաղաքական կյանքում, ոչ թե քաղաքականության մեջ»,- ասել է Կարապետյանը` հայտնելով իր զարմանքն առ այն, թե ինչու է կոալիցիայի ներսում տեղի ունեցող գործընթացը հետաքրքրում իր ընդդիմադիր գործընկերներին: Կարապետյանի կարծիքով, Հայաստանում հեղափոխական վիճակի զարգացման համար պակասում է միայն քաղաքական գործոնը: Ըստ նրա, ներկայումս քաղաքական ուժերին պետք է հետաքրքրի Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորության բացառումը եւ Հայաստանում համակարգի անցնցում կազմաքանդումն ու նորի կառուցումը: «Կոալիցիայի ներսի բոլոր կուսակցությունները ծառայել են ու ծառայում են նույն համակարգին: Նրանք համակարգային ոչ մի փոփոխություն չեն ուզում, այդ թվում՝ նաեւ ԲՀԿ-ն: Չկա գաղափարական հակասություն: Այլ հարց է, որ երկրորդ ու երրորդ անձինք, որոնք նախագահ են իրենց հռչակել` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, փորձում են հիմա առավել առաջ ընկնել, որովհետեւ 2012-2013-ի ընտրություններն այդ մարդկանց, նրանց կարողությունների համար դառնալու են բախտորոշ,- հայտարարել է նա` ավելացնելով,- ՀՀԿ եւ ԲՀԿ խնդիրը պայքար է զուտ տնտեսական միջոցների վերաբաժանման համար` ավելի շատ պատգամավորական տեղեր, հետեւաբար՝ ավելի շատ տնտեսական ռեսուրսներ»: Ռոբերտ Քոչարյանի վերջին այցելություններից ու հարցազրույցներից Ա. Կարապետյանը եզրակացրել է, որ նա ունի շատ լուրջ տնտեսական խնդիրներ, այդ թվում` արտերկրում: Ըստ նրա՝ ֆինանսական խնդիրներով են պայմանավորված նաեւ Սերժ Սարգսյանի այցերը Կիպրոս ու Հունաստան, քանի որ «դրանց իրական պատճառները չեն նշվել»: «Դրանք քաղաքական այցեր չէին, այլ` տնտեսական: Գուցե ինֆորմացիայի պակասությունն է պատճառը, որ մամուլում բացատրություններ չեն տրվում»,- ասել է ՆԺԿ նախագահը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում Քոչարյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցին, ապա, ըստ Ա. Կարապետյանի, եթե Վլադիմիր Պուտինն առաջադրվի Ռուսաստանում, Քոչարյանն էլ կառաջադրի իր թեկնածությունը Հայաստանում: «Կհամարի՞ Պուտինը, որ վեց տարի դեռ պետք է սատարի Մեդվեդեւին, Քոչարյանն էլ կորոշի սատարել Սարգսյանին,- հայտարարել է Կարապետյանը` ավելացնելով,- Կասկածից վեր է, որ Քոչարյանի քաղաքական տանիքը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Իսկ հայաստանյան ընդդիմությունը քաղաքական տանիք չունի: Ես ու Լեւոն Տեր-Պետրոսյանը հաստատ չունենք»: Ի դեպ, Կարապետյանն ասել է նաեւ, որ իր տեղեկություններով՝ «http://rusrep.ru/ search_tags/176477/Wikileaks»-ը ունի Հայաստանի բանկային հաշիվների հետ կապված տվյալներ, որոնք հրապարակվելու են առաջիկայում: «http://rusrep.ru/ search_tags/176477/Wikileaks»-ի հայկական դոսյեն բացված է, եւ ամեն ինչ տանելու է դեպի հոկտեմբերի 27-ի դեպքերը»- հայտարարել է ՆԺԿ նախագահը: