Մի քանի օրից

12/02/2011

Երեկ կայացել է «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Կապանի Շահումյանի անվան ստորգետնյա հանքում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած աշխատակցի՝ 1977թ. ծնված Արմեն Եղիազարյանի հուղարկավորության արարողությունը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ի առավոտյան, ժամը 5-ի սահմաններում՝ առաջին հերթափոխի ժամանակ: Դեպքի առնչությամբ Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից կատարվում է քննություն: Երեկ ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեցինք տեղեկանալ, թե ընկերությունն ինչ գումարային փոխհատուցում կտա մահացած աշխատակցի ընտանիքին: Ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նորայր Աղայանն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի քննության ավարտից հետո: Նրա փոխանցմամբ՝ քննությունը կավարտվի մի քանի օր անց: Ն. Աղայանը նաեւ նշեց, որ հուղարկավորության ծախսերը հոգացել է ընկերությունը: Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի զոհ դարձած Արմեն Եղիազարյանն ամուսնացած է, ունի 2 երեխա: 7 տարի աշխատել է ընկերությունում՝ որպես հորատող: