Մի քանի օր առաջ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցում էր ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի փորձնական տեղադրման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Տ. Սարգսյանը հայտարարել էր, որ Կառավարությունն իրենց բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումը սկսելու է խոշոր ձկնաբուծական ընկերություններից՝ տեղափոխելով նրանց օրինական դաշտ, որպեսզի 22 ձկնային տնտեսություններ արտոնագիր ստանան Ռուսաստան ձուկ արտահանելու համար: «Տասնյակ համայնքներ այսօր զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից այն պատճառով, որ ջրային ռեսուրսները ռացիոնալ չեն օգտագործվում. կան շուրջ 3500 հորեր, որոնցից 2000-ն անօրինական են, եւ պետությունը պատշաճ ձեւով չի իրականացնում օգտագործվող ջրերի հաշվառումը: Այդ խնդիրն առնչվում է ձկնաբուծական ընկերությունների հետ»,- Սիփանիկում ասել է Տ. Սարգսյանը: Ձկնաբույծներից շատերին հատկապես «ոգեւորել» է վարչապետի «մեծահոգի» վերաբերմունքը, ըստ որի՝ ձկնաբույծը ջրաչափ կարող է գնել այն ընկերությունից, որից նախընտրում է, ավելին՝ նա կարող է անգամ արտերկրից ներկրել: Իսկ ձկնաբույծները ջրաչափեր պետք է տեղադրեն առաջիկա 1 ամսվա ընթացքում: «Եթե համագործակցենք, Կառավարության օգնությունը կստանանք, իսկ առանց համագործակցության մենք զարգանալ չենք կարող: Կառավարությունը տեսնում է, որ մենք ծանրաբեռնված ենք, խնդիրներ ունենք, օգնում է, որ մեր բեռը թեթեւանա»,- մեզ հետ զրույցում ասաց Հայ ձկնաբույծների միավորման նախագահ Արթուր Աթոյանը: Հարցին, թե իր նշած «համագործակցությունը» ենթադրում է փոքր բիզնես ունեցողին «խեղճացնե՞լ»՝ նրան պարտադրելով հազարավոր դոլարների ծախս կատարել, նա պատասխանեց. «Հիմա պարոն վարչապետը մի քանի ջրաչափի տարբերակ է խոստացել, որը որ հարմար լինի, մեր նախընտրությամբ տեղադրենք: Հիմա եթե էդ մարդիկ ընդառաջում են մեզ, մենք էլ պիտի իրենց որոշումներն իրականացնենք»: Աթոյանը՝ ավելացրեց, որ ձկնաբույծներին հնարավորություն է տրվել 1 տարի ժամկետով առանց տոկոսի վարկեր վերցնել: Երբ փորձեցինք Ա. Աթոյանից ճշտել վարչապետի նշած արտահանման արտոնագիր ունեցող 22 տնտեսվարողների անունները, Հայ ձկնաբույծների միավորման գործադիր տնօրենն ասաց, որ անունները կարող է հրապարակել տնտեսվարողներին տեղեկացնելուց հետո միայն:
Հիշեցնենք, որ ձկնաբուծական ոլորտում «շոուների» շարքը սկսվեց դեռեւս նախորդ տարի գարնանը, երբ հայ ձկնաբույծներն առաջին անգամ ներկայացրեցին իրենց բողոքներն ու դժգոհությունները: Այդ ժամանակ Կառավարության կողմից ներկայացված պահանջներից մեկը վերաբերում էր հողերի նշանակության փոփոխությանը: «Հողային օրենսգրքից» ելնելով՝ ձկնաբույծները հարկադրված էին փոխել ձկնաբուծարանների համար նախատեսված հողերի նշանակությունը: Ընդ որում՝ որոշ հողատարածքներում գներն առասպելական թվերի էին հասնում` 1քմ-ի գինը համարժեք էր Երեւանի կենտրոնում 1 բնակարանի արժեքին: Ձկնաբույծներին ներկայացված 2-րդ պահանջը ջրաչափերի տեղադրումն էր: «Կառավարությունը գրեթե ինքնախոստովանում է, որ ինքն ի զորու չէ վերահսկել նաեւ այս ոլորտը, եւ իր ամենազոր աչքից հեռու բազմաթիվ հորեր են հատվել, եւ դա այլեւս սպառնում է Արարատյան դաշտավայրի եւ ստորջրյա ավազանին»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ընդ որում՝ ջրաչափերի տեղադրմամբ Կառավարությունն առաջարկել է նվազեցնել մարդկային գործոնի դերը: «Կառավարությունը գրեթե խոստովանում է, որ իր չինովնիկները կաշառված են եւ կարող են ձկնաբույծների հետ գործարքների գնալ եւ ցույց տալ միանգամայն այլ արդյունքներ: Ի՞նչ անուն տաս այսպիսի Կառավարությանը, եթե ոչ՝ անկարող, անունակ, անճար Կառավարություն, որը չի կարողանում իր չինովնիկների կաշառակերությունը վերահսկել»,- նշում է Ս. Սաֆարյանը: Ձկնաբույծներին ներկայացված հաջորդ 2 պահանջներն էին՝ ձկնաբուծարանների ջրահեռացման հարցն ու ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետը: Ջրահեռացման խնդիրը կատարելու համար, ըստ Կառավարության կողմից ներկայացված պահանջների, հսկայական գումարներ են անհրաժեշտ, իսկ ջրօգտագործման թույլտվության գործունեության ժամկետ սահմանվեց 3 տարին: Ինչեւէ, օրակարգային այս 4 հարցերը ներկայացվեցին նախորդ տարի նոյեմբերի 18-ին Կառավարության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի եւ ձկնաբույծների հետ հանդիպման ժամանակ, ինչը, սակայն, որեւէ արդյունք այդպես էլ չտվեց: Փոքր ու միջին ձկնային տնտեսություն ունեցող տնտեսվարողները շարունակում են բախվել նույն խնդիրներին: «Պարզապես անխուսափելի է այս ոլորտի մոնոպոլացումը, ինչը տեղի ունեցավ հավաբուծության ոլորտում՝ ձվերի հայտնի պատմությունը, երբ ահազանգում էինք՝ ասելով, որ փոքր ու միջին բիզնեսն ուղղակի խեղդվում է հակամրցակցային անհամաձայնությունների արդյունքում»,- նշում է Ս. Սաֆարյանը: Վերջինս հիշեցնում է նաեւ տարիներ առաջ ձկնաբուծական տնտեսություններում կատարված գործընթացը, որն անհասկանալի պատճառներով կանգ առավ, սակայն, ըստ պատգամավորի, գույքագրման գործընթացը պետք է շարունակել, ինչի մասին նա արդեն բարձրաձայնել է: Իսկ Կառավարության` վերջին շրջանում ձկնաբույծներին ուղղված քայլերը, Ս. Սաֆարյանի կարծիքով` կհանգեցնեն «ֆանտաստիկ» հետեւանքների: Գլխավոր հետեւանքը, բնականաբար, կլինի ոլորտի մոնոպոլացումը: Ս. Սաֆարյանը նշում է, որ ձկնաբույծների կողմից այս խնդիրների լուծման առաջարկները բավական ռացիոնալ են: Ըստ ձկնաբույծների՝ պետք է պարզապես դրենաժային ջրահեռացման համակարգ կիրառել, իսկ ջրաչափերի փոխարեն օգտագործել, այսպես կոչված, շունտեր: Ի դեպ, ձկնաբուծության ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարելու մասին նախորդ տարեվերջին «Ժառանգություն» խմբակցությունը դիմել էր ԱԺ Տնտեսական հարցերի եւ Գյուղատնտեսության, բնապահպանության հարցերի հանձնաժողովներին՝ առաջարկելով խորհրդարանական լսումներ կազմակերպել: Ինչեւէ, շուտով փողոցային առեւտրով զբաղվողների եւ Թուրքիայից հագուստ ներկրողների բողոքի ալիքին կմիանան նաեւ ձկնավաճառները: Երեկ Երեւանի «Գումի» շուկայի ձկնավաճառներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ ջրաչափերը տեղադրելուց հետո ձկնամթերքը կթանկանա: Եթե այս օրերին իշխանի 1 կգ-ն վաճառվում է 2000 դրամով, կարմրախայտը՝ 4000 դրամով, «ստերլյադը»՝ 2500 դրամով, ապա որոշ ժամանակ անց այս գները միայն «հաճելի» հիշողություններ կլինեն: Ըստ նրանց՝ անգամ հիմա Հայաստանում ձկնամթերքի առեւտուրը «մեռած» վիճակում է: Ձկնաբույծներից մեկի ասելով՝ իրենք ամսական 200.000դրամ վճարում են միայն որպես տեղի վարձակալության վճար, բացի դրանից, եւս 20.000 դրամ էլ վճարում են կենսաթոշակային հիմնադրամի եւ հարակից ծախսերի համար: «Միլիոնների սկած առեւտուր ենք անում: Ջրաչափի տեղադրումը, ախր, լրիվ անիմաստ ա: Լավ, ձկնաբույծին ի՞նչ, ինքը իրա ծախսերը հանելու ա՝ թանկ գներով վաճառելով մեզ վրա: Ստեղ ժողովուրդն ա տուժում»,- ասաց առեւտրականներից մեկը: