«Սա այն երկիրն է, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր»,- ասում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան

12/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը որդեգրել է այնպիսի սոցիալական քաղաքականություն, ըստ որի` նախարարության չորս գերակա ուղղություններից են լինելու նաեւ ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը եւ սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական բազաների արդիականացումը: Այլ կերպ ասած` «Սոցիալական աշխատանքի» ինստիտուտը հզորացնելու համար սոցիալական ծառայությունները հագեցվելու են համակարգչային տեխնիկայով, եւ նախատեսվում է ներդնել նոր արդիականացված տեղեկատվական համակարգ: Տեղեկատվական համակարգերը, նախարարությունը, առանձնացված ստորաբաժանումները եւ տարածքային կենտրոնները կգործեն մեկ տեղեկատվական միջավայրում: «Կարեւորագույն քայլերից մեկը տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգի ներդրումն ու հիմնական գործարկման աշխատանքն է, որի միջոցով պետք է իրականացվի նաեւ այլ մարմիններից տեղեկատվության ստացումն ու կիրառումը»,- նշել է նախարարը` հավելելով, որ բացի դրանից, սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպություններն ապահովվելու են ինտերնետ կապով, վերապատրաստվելու են տարածքային մարմինների աշխատակիցները: Ա. Գրիգորյանի հավաստմամբ` այս աշխատանքները կատարելուց հետո հնարավոր կլինի ապահովել տեղեկատվության ամբողջականություն եւ հավաստիություն, հասանելիություն, կառավարման թափանցիկություն, վերահսկելիության մակարդակի, աշխատանքի արդյունավետության եւ իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացում: Սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատուներն այս փոփոխությունների անունը դրել են «բարեփոխում», որը, սակայն, մասնագետների կարծիքով՝ բացի ոլորտի գումարները խորհրդատվությունների ու ուսումնասիրությունների վրա ծախսելուց` միտված չէ նվազեցնելու ոլորտում տիրող կոռուպցիան, կարգավորելու պետական աջակցության հասցեականությունը: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ այս «բարեփոխումների» շղթայում կրկին տեղ չի գտել նպաստառուների տվյալների բազայի թափանցիկությունը: Այսինքն` նախարարությունը չի պատրաստվում հրապարակել կամ էլեկտրոնային որեւէ կայքէջում տեղադրել այն մարդկանց տվյալներն, ովքեր պետությունից նպաստ են ստանում: Շատ է խոսվում այն մասին, որ ընտանեկան նպաստի համակարգում տիրող կոռուպցիան նվազեցնելու համար անհրաժեշտ է տվյալների բազան դարձնել հրապարակային, ինչը ոչ միայն կուժեղացներ վարչական շրջաններում գործող ընտանեկան նպաստի գրասենյակների վերահսկողությունն, այլեւ` լրատվամիջոցներին հնարավորություն կտար այդ հետքերով գնալով՝ պարբերաբար հետաքննություններ կատարել՝ օգտվելով այդ տվյալներից: Սակայն առցանց աշխատանքի հնարավորություն կունենան սոցիալական ոլորտի աշխատակիցները, բայց ոչ լրատվամիջոցները կամ վերահսկողական այլ մարմինները: «Հիմա համակարգիչը չկա, բայց բոլոր տեղերում նպաստի իրավունք ունեցողների ցուցակները փակցված են պատերին: Համակարգչի օգնությանը դիմելու փոխարեն՝ կարելի է փոստային բաժանմունքներից հասցեները գտնել: Տվյալների բազան չի կարող բաց լինել, որ որեւէ մեկը կարողանա մտնել մարդկանց անհատական տվյալների մեջ` դա աշխատել-չաշխատելու հարցն է, հաշմանդամ լինելն է: Պատկերացրեք, փոքր գյուղ է, միայնակ, անժառանգ թոշակառու է, որն ամբողջ կյանքում ուսուցիչ է աշխատել, բայց այսօր լինելով վատ վիճակում՝ նրա անուն-ազգանունը փակցրել են պատի վրա: Ինչպե՞ս կարող ենք իրավունքի ճանաչման բազան այդպես բացել: Դա կդիտվի որպես մարդու իրավունքների ոտնահարում: Եթե լրագրողը կարող է տեսնել, ապա կարող է տեսնել նաեւ նրա հարեւանը, նրա թշնամին»,- ասաց Ա. Մինասյանը, ում հակադարձելով՝ հիշեցրինք, որ գյուղական համայնքներում գյուղապետերի բարեկեցիկ կյանքով ապրող հարազատներն ընդգրկված են նպաստառուների ցուցակում. պետությունից կեղծ ճանապարհով նպաստ ստանալու գործողությունից չեն ամաչում, անուններն ինտերնետում տեսնելիս պիտի ամաչե՞ն: Գուցեեւ պիտի ամաչեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նպաստ են ստանում՝ թաքցնելով իրենց անասնագլխաքանակը, մեքենաները, զբաղվածությունն ու գույքային ունեցվածքը, ինչն, ի դեպ, լայնորեն տարածված է նաեւ մայրաքաղաքի նպաստառուների շրջանում: Ա. Մինասյանին նաեւ տեղեկացրինք, որ գրեթե յուրաքանչյուր օր խմբագրություն են գալիս խիստ անապահով մարդիկ եւ խնդրում են միջամտել նպաստ չտրամադրելու իրենց իրավունքը վերականգնելու հարցում, հետեւաբար՝ տվյալների բազայի հրապարակային դարձնելը մարդկանց իրավունքները վերականգնելու արդյունավետ ճանապարհ կլիներ, ոչ թե` իրավունքի ոտնահարում: «Գնացե՛ք, պատերի վրա փակցված ցուցակներից ճշտեք տվյալները»,- եզրափակեց Ա. Մինասյանը:

Անդրադառնանք նաեւ «բարեփոխում» որակվող այլ փոփոխություններին: «Բոլոր նպաստների հետ կապված՝ փոփոխվել են որոշակի հարցեր, մասնավորապես՝ տեղեկանքների ներկայացման հարցում փոխվել են տեղեկատվությունը տրամադրող մարմինները: Այսպիսով` բոլոր նպաստների համար բնակության վայրը ճշտվում է բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքին համապատասխան, այն է` յուրաքանչյուր ոք պարտավոր է հաշվառվել բնակչության պետական ռեգիստրի այն ստորաբաժանումում, որի սպասարկման տարածքում բնակվում է: Այսինքն` եթե մենք նախկինում ունեինք հաշվառված եւ փաստացի գրանցվող արտահայտություններ, ապա այսօր օրենքի պահանջն է՝ հաշվառվել այնտեղ, որտեղ մարդը բնակվում է»,- ասում է Ա. Մինասյանը` վստահեցնելով, որ օրենքի պահանջը կատարելուց հետո ընտանիքի կազմը անձնագրային վարչություններում կլինի այնպիսին, ինչպիսին կա: Այլ կերպ ասած`ընտանեկան նպաստառուները պիտի հաշվառվեն այնտեղ, որտեղ փաստացի բնակվում են: 2006թ.-ին ընդունված այս օրենքի կիրառումը, ըստ Ա. Մինասյանի` կնպաստի հասցեականությունն առավել արդյունավետ դարձնելուն: Մինչդեռ, նկատենք, որ անապահով ընտանիքները կամ անձինք նաեւ ունենում են անօթեւանի, վարձակալությամբ բնակվելու, կացարանից զրկված լինելու կարգավիճակ, հետեւաբար՝ պարզ չէ, թե արդյոք բնակչության պետական ռեգիստրը ինչպես եւ որ տարածքում պետք է հաշվառի նրանց: «Անօթեւանը ինչ-որ մի տեղ բնակվում է, շատ տարբերակներ կան` որեւէ մեկի տանը, մեկ սենյակում, մեկ անկյունում: Ընդհուպ՝ մինչեւ անգամ մենք դեպքեր ունենք գերեզմանոցի պահակատանը, վագոնակում կամ տնակում բնակվող մարդկանց: Բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի համաձայն` առանց որեւէ խնդրի հաշվառումն իրականացվում է որպես փաստացի բնակվող: Այս պարագայում անգամ սեփականատիրոջ համաձայնությունն անհրաժեշտություն չէ: Գոյություն ունի ընթացակարգ, որով մարդը դիմում է անձնագրային մարմին` տեղեկացնելով, որ փաստացի բնակվում է տվյալ վայրում, թաղային տեսուչը եռօրյա ժամկետում այցելություն է կատարում` համոզվելու համար, որ նա տվյալ վայրում բնակվում է, եւ հաշվառումն իրականացվում է»: Այդուհանդերձ, ժամանակը ցույց կտա, թե անօթեւան, փողոցներում ապրող մարդկանց փաստացի հաշվառվելու դիմումները անձնագրային մարմինները որքանով կբավարարեն: Օրինակ` այն մարդիկ, ովքեր բնակվում են Նուբարաշենի աղբավայրում` բնակչության պետական ռեգիստրն արդյո՞ք պատրաստ է հաշվառել նրանց, արդյո՞ք աղբավայրում թաղային տեսուչ կա, որը եռօրյա ժամկետում կփորձի անօթեւան մարդուն պատահական այցելության ժամանակ գտնել, այնուհետեւ հաստատել նրա` աղբավայրում բնակվելու փաստը: Ներկայացնենք մյուս փոփոխությունը, որը կաշառակերի մի նոր «աշխատատեղ» է բացել: Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ, բացի ընտանիքի կազմից, պահանջվում է այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է տվյալ ընտանիքի եկամուտների մասին: Եկամտի աղբյուրներ են համարվում նաեւ գյուղատնտեսական աշխատանքներից ստացված եկամուտները, մասնավորապես՝ տվյալ ընտանիքի կողմից տնօրինվող անասնատեսակները, ինչպես նաեւ՝ գյուղատնտեսական նշանակության հողը: Գյուղատնտեսական նշանակության հողերի մասին տվյալները ստացվում են անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներից: Ինչ վերաբերում է անասնապահությունից ստացվող եկամուտների հայտարարագրմանն, ապա. «Անասնատեսակների հետ ուղղակիորեն եւ անմիջականորեն աշխատում է անասնաբույժը: Այսուհետ ամեն տարի համայնքի ղեկավարի, անասնաբույժի եւ Գյուղնախարարության համապատասխան կառույցների միջեւ պայմանագիր է ստորագրվում, որով պարտավորվում են անասնատեսակների հաշվառման եւ նրանց առողջական խնդիրների հետ կապված հարցերը կարգավորել: Որպես տեղեկատվության աղբյուր՝ դիտարկվեց պայմանագրով աշխատող անասնաբույժի իրականացրած հաշվառման հիման վրա ստեղծված տեղեկատվությունը»,- Սոցապ նախարարության «բարեփոխումները» ներկայացրեց Ա. Մինասյանը: Ի՞նչ է ստացվում: Նախարարությունը բարեփոխումների շարքում չի պատրաստվում կաշառք վերցնող տեսուչների վերահսկողությունն ուժեղացնել, հայտարարագրումների մեջ տեղ գտած կեղծիքները վերացնելու նոր ձեռնարկներ մշակել, սոցիալական աշխատողներին կարգի հրավիրել: Նախարարությունն ընդամենը նոր կարգեր է հաստատել, որով սոցիալապես անապահով նպաստառուների փաստաթղթային վազքն ու բյուրոկրատական քաշքշուկն ավելացել է: Այլ կերպ ասած` անապահովության շեմը հաղթահարելու համար ոլորտի աշխատակից-տեսուչների փաստաթղթային կեղծիքները հնարավորինս վերացնելու փոխարեն՝ նախարարությունն այս գործում ընդգրկել է այնպիսի դերակատարներ, որոնց համար կեղծիքների դիմելու, կաշառակերությամբ «տեղեկանք» տրամադրելու համար լայն ճանապարհ է բացվում: Արդյո՞ք կարելի է գյուղական համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից տրված անասնագլխաքանակի մասին տեղեկանքը համարել ի գիտություն: Ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում գյուղացիների կողմից անասնաբույժի հետ անասնագլխաքանակ թաքցնելու համար կեղծ համաձայնության չգալու համար: Պարզվում է` ամեն ինչ կատարվելու է այնպես, ինչպես մինչ այժմ է եղել: Չկա որեւէ երաշխիք, որ տեսուչներից բացի, հիմա էլ անասնաբույժները չեն կարող տվյալներ կեղծել մեկ կամ երկու ամիս նպաստն իրենց տրամադրելու պայմանով: Արդյո՞ք այս բարեփոխումներն իրականացնելուց հետո մասնավորապես ընտանեկան նպաստի համակարգում կարելի է ակնկալել կոռուպցիայի նվազում. «Սա այն երկիրն է, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր: Առցանց աշխատանքի հնարավորությունը, բնականաբար, պիտի հնարավորինս կրճատի նման երեւույթները: Սա այն երկիրն է, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր»,- մխիթարում է Ա. Մինասյանը: