Զարուհի Բաբայանի «Խոստովանությունը»

12/02/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամենաուշը մեկ ամսից երգչուհի Զարուհի Բաբայանը սիրային վալսով խոստովանություն կկատարի: Երգահան Մանե Հակոբյանի «Խոստովանություն» երգի հիման վրա օրերս նկարահանված տեսահոլովակում Զարուհին ներկայանում է հարսի կերպարով, ով պարելով եւ երգելով սեր է խոստովանում: Ռեժիսոր Կարեն Քոչարյանի նկարահանած տեսահոլովակում շեշտը դրվելու է մոնտաժային լուծման վրա, որի արդյունքում հարսանյաց արարողության անձնական պահոցի կադրերով իրենց սիրո խոստովանությունները կկատարեն նաեւ երաժշտության, կինոյի եւ արվեստի բնագավառում ճանաչված ամուսնական զույգեր: «Երգի հիմքում ընկած է իրական սիրո պատմություն: Բացի նկարահանված կադրերից, տեսահոլովակում տեղ են գտնելու նաեւ ճանաչված ամուսնական զույգերի` Հայկոյի, Նուռի, Գայանե Փայտյանի եւ շատ ուրիշ հայտնի մարդկանց հարսանյաց հանդեսի կադրեր: Եվ, իհարկե, իմ եւ ամուսնուս հարսանիքի մասին եւս չենք մոռացել»,- մեզ հետ զրույցում նշեց Զարուհին` ավելացնելով, որ հուսով է տեսահոլովակը ներկայացնել հանրությանը նոր ձայնասկավառակի շնորհանդեսի օրը: «Քանի դեռ աշխատանքները շարունակվում են, ձայնասկավառակի անունը եւ օրը որոշված չէ»,- նշեց երգչուհին: