Քննադատել է ոստիկանապետերին

12/02/2011

2010 թվականին Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 33 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 79 խախտում: Ըստ Գլխավոր դատախազության մամուլի ծառայության, այդ մասին Գլխավոր դատախազության կոլեգիայի երեկվա ընդլայնված նիստում տեղեկացրել է գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը: Նրա տվյալներով, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով նախապատրաստվել է 21 նյութ, հարուցվել է 23 հայց եւ 12 քրեական գործ, կամովին վերականգնվել է 736 մլն 267 հազար դրամ: Նախորդ տարի դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, ներառյալ՝ պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվել է 433 ստուգում, հայտնաբերվել 533 իրավախախտում: Կամովին պետբյուջե վերականգնվել է 972 մլն 458 հազար դրամ։ 2010-ի ընթացքում վարչության նախագծերով գլխավոր դատախազի տեղակալը դատարան է ներկայացրել 65 հայց՝ 900 մլն-ից ավելի հայցապահանջով: Դատարանները դատական ակտեր են կայացրել 51 հայցով, բավարարվել է 46 հայց: Իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կոլեգիայի ընդլայնված նիստում մտահոգություն է հայտնել հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր երեւույթի կապակցությամբ: Նա նշել է, որ թեեւ երեւույթի դեմ ակտիվ պայքար է մղում եւ Գլխավոր դատախազությունը, եւ Ոստիկանության ղեկավարությունը, այդուհանդերձ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու գործընթացը շարունակվում է: «Այդ քայլին գնում են այն ոստիկանապետերը, այն օպերատիվ աշխատողները, որոնք չեն աշխատում, թերանում են իրենց աշխատանքում, չեն կարողանում աշխատել: Խելացի ոստիկանները նման դեպքեր չեն հանդուրժում»,- ասել է Ա. Հովսեփյանը` նշելով, որ միայն Երեւանում նախորդ տարի հաշվառումից թաքցված 1102 հանցագործության դեպք է հայտնաբերվել: «Ես հակված չեմ մտածելու, թե այդ բոլոր հանցագործությունները թաքցված են եղել: Երկու պատճառ կա` կամ դրանք թաքցվել են, կամ էլ տուժածները հանցագործության մասին հաղորդում չեն տվել»,- նշել է նա` հավելելով, որ երկու դեպքում էլ տուժում է իրավական համակարգը: