Բարիշել են

12/02/2011

Երեկ Երեւանում Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ այդ երկրի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն խուսափել է պատասխանել իր երկրի կողմից Հայաստանի դեմ Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) ներկայացված բողոքին վերաբերող հարցին: Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը ԱՀԿ-ին ներկայացրել էր մի բողոք, որի համաձայն՝ Հայաստանում եւ Մոնղոլիայում արտասահմանյան ծխախոտային եւ ալկոհոլային խմիչքների մաքսատուրքերը խտրական են: Ավելի ուշ` դեկտեմբերին, հայտարարվեց, որ Ուկրաինան հաջողությամբ լուծել է Վրաստանի եւ Հայաստանի հետ ունեցած առեւտրային տարաձայնությունը: Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ Ուկրաինան որոշեց Հայաստանում ներկրվող եւ տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկադրույքների տարբերակված մոտեցման հարցը երկկողմանի հարթությունից տեղափոխել ԱՀԿ, եւ որքանով են Հայաստանի կառավարության վերջին օրենսդրական փոփոխությունները գոհացնում ուկրաինական կողմին, Գրիշչենկոն խուսափողական պատասխան է տվել` ասելով, թե այդ հարցին ավելի փորձագիտորեն կարող են պատասխանել պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են տնտեսական համագործակցության համար: «Ամեն ինչ ընթանում է օրենսդրության դաշտում եւ լուծվում է այն գործիքակազմի միջոցով, որը նախատեսված է թե՛ մեր ներքին օրենսդրությամբ, թե՛ մեր միջազգային պարտավորություններով»,- ասել է Գրիշչենկոն: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ասել է, որ այդ հարցի շուրջ համապատասխան ակտիվ շփումներ կան ուկրաինական կողմի հետ: «Որքանով ինձ հայտնի է, առկա կարգավորման դրույթների շրջանակում մենք մոտենում ենք այդ հարցի լուծմանը, որը բավարարելու է եւ՛ հայկական, եւ՛ ուկրաինական կողմին»,- ասել է Նալբանդյանը: