«Գյումրիում պայթյունավտանգ իրավիճակ էր»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` ներկայացնելով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիան, որն ուղղված էր վրացական պետհամարանիշերին վերաբերող ԱԺ եւ կառավարության որոշման դեմ: ««Ասպարեզ» ակումբը շրջապատված էր ոստիկաններով, սակայն մեկուկես ժամ պայքարելուց հետո բողոքի մասնակիցներին հաջողվել է հասնել Բավրայի մաքսակետ: Նրանք 4 կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել Մաքսայինի պետին, որպեսզի օրենքը վերանայվի 30 օրվա ընթացքում, իսկ այսօր կառավարությունից են պահանջում, որպեսզի վերջապես գիտակցեն ստեղծված իրավիճակի լրջությունը եւ շուրջ 40 հազար քաղաքացիների թույլ տան ազատ երթեւեկելու»,- ասել է Սաֆարյանը: «Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանն էլ նշել է, թե կառավարության համար հանգանակություն է հավաքում, որպեսզի կառավարությունը այլեւս ժողովրդի գրպանը չմտնի, եւ, ցույց տալով հանգանակության պարկը` առաջարկել է բոլորին մասնակցել դրան: Լրագրողները եւս միացել են հանգանակությանը: