«Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցը փորձագիտական կարծիք է, եւ շատ հաճախ փորձագիտական կարծիքները տարբեր են լինում իրականությունից»,- երեկ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ՄՃԽ վերջին զեկույցը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ըստ Նալբանդյանի, մինչեւ փորձագիտական կարծիք հնչեցնելը, պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը եւ չփորձել կրակին յուղ լցնել: Հիշեցնենք, «Հայաստան եւ Ադրբեջան. կանխելով պատերազմը» վերնագրված ՄՃԽ հերթական զեկույցում տեղ են գտել այնպիսի ձեւակերպումներ, ինչպես, օրինակ, «Ադրբեջանի 16 տոկոսն օկուպացված է», «կողմերը ներկա փուլում չպետք է պահանջեն, որ կոնկրետ ժամանակացույց կամ հատուկ արդյունք կանխորոշվի կամ բացառվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեի հարցում», «Ադրբեջանն ընդունել է Մինսկի խմբի առաջարկները, Հայաստանը` ոչ», եւ այլն: