Մտածել է պետք

26/10/2005

2002 թվականին Երեւանում լույս տեսած «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում «Գրիգոր Նարեկացի» հոդվածի հեղինակ, անվանի հայագետ Պողոս Խաչատրյանը գրում է, թե միջնադարում հայ ժողովուրդը «Մատյան ողբերգությանը»՝ «Նարեկը» համարել է «Դեղ կենաց», այսինքն՝ կյանքի դեղ։ Այդ գրքի օգնությամբ մարդիկ ձգտել են մաքրվել հոգով, ազատվել մեղքերից եւ հասնել կատարելության։ «Գրքին վերագրվել է բուժիչ զորություն, իսկ հեղինակի անունը սրբացվել է ու միջնորդ-բարեխոս համարվել Աստծո մոտ՝ «մեղավոր հոգիների» փրկության համար»։

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը, առավել եւս` Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որն այլ կերպ կոչվում է «Նարեկ», բնականաբար, ոչ բոլորն են կարդում, բայց աղբամանի վրա որեւէ բան գրելիս կարելի է գոնե մտածել, թե գիրն ինչ է խորհրդանշում, եթե անգամ դա սահմանափակ պատասխանատվությամբ (այս դեպքում՝ հաստատ սահմանափակ) ընկերության ղեկավարի հորեղբոր տղայի աներոջ քեռու անունն է։