Մեր տեղեկություններով՝ նախագահական նստավայրում այս օրերին քննարկվում է ՄԻ պաշտպանի պաշտոնում Կարեն Անդրեասյանի թեկնածությունից հրաժարվելու հարցը: Բանն այն է, որ վերջին օրերին բավական բացասական հիշատակումներ եղան վերջինիս մասին հատկապես այն տեսանկյունից, որ Կ. Անդրեասյանն աչքի է ընկել միայն լրատվամիջոցների իրավունքները սահմանափակող օրինագիծը հեղինակելով: Իշխանական վերնախավում հասկացել են, որ արդեն իսկ վարկաբեկված այդ երիտասարդի նշանակումը ՄԻ պաշտպանի պաշտոնում ավելի բացասական արձագանք կստանա: Այդ պատճառով իշխանական վերնախավում նոր թեկնածուների անուններ են քննարկվում: Մեր տեղեկություններով, քննարկվող անունների շարքում հավանական է համարվում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի փոխդեկան Կարեն Գեւորգյանի անունը: Իհարկե, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սա էլ դեռ վերջնական որոշում չէ, եւ ամեն պահի թեկնածուն կարող է փոխվել: Նոր օմբուդսմենի թեկնածուի առաջադրումն ու ընտրությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱԺ հաջորդ` փետրվարի 23-ից մարտի 3-ը կայանալիք քառօրյայի ընթացքում: