Մեր տեղեկություններով, բազմաթիվ այլ գործարարների օրինակով իր բիզնեսները Վրաստան է տեղափոխում նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ վերջին շրջանում նրա հարաբերությունները սրվել էին սեփական կուսակցության ղեկավարության հետ այն պատճառով, որ նա պաշտպանել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «Էկոնոմիկայի նախարարն իր տեղում չէ»: Այդ պատճառով նա նույնիսկ ՀՀԿ գործադիր նիստում նկատողություն էր ստացել: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Վ. Այվազյանը հերքել է այդ տեղեկությունը: «Ոչ, ըտենց բան չկա, ինչպես կարող է պատահել` Հայաստանից գնալ: Հայաստանում հազիվ ենք աշխատում, մեկ էլ գնանք Վրաստան՝ ի՞նչ անենք: Ըտենց բան չկա»,- ասել է նա: Հիշեցնենք, որ վերջերս «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանն էր հայտարարել Վրաստանում խոշորածավալ ներդրումներ կատարելու մասին: Մի շարք այլ խոշոր գործարարներ եւս սկսել են բիզնեսները Վրաստան տեղափոխելու գործընթացը, սակայն խուսափում են դա հրապարակայնացնելուց: