Երեկ «Wikileaks» կայքի ռուսաստանյան գործընկեր «Русский репортер» հանդեսը հրապարակել է Հայաստանին վերաբերող նոր հատվածներ, որոնք վերաբերում են Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008 թվականին ԱՄՆ վարչակազմին ուղարկված հաղորդագրություններին: Բավական ծավալուն այդ հաղորդագրության մեջ ամերիկյան դիվանագետն անդրադառնում է 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակին եւ արտագաղթի աճող տեմպերի պատճառներին: Մասնավոր դեպքերի համադրման ու սեփական դիտարկումների հիման վրա հաղորդագրության վերջում Ջոզեֆ Փենինգթոնը ներկայացնում է իր եզրակացությունը. «Արտագաղթը Հայաստանից նոր երեւույթ չէ։ Ըստ գնահատականների, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանից արտագաղթել է շուրջ 1 միլիոն մարդ` բնակչության մոտ մեկ երրորդը։ Այս իրավիճակում նորն այն է, որ փախչում են միջին խավի հաջողակ ներկայացուցիչները, ովքեր նախկինում դիմակայում էին անկախ պետության զարգացման բոլոր դժվարություններին, սակայն վերջում համոզվեցին, որ իրենց սպասելիքները չեն արդարանում։ Այս մարդկանց մեկնելը հսկայական նշանակություն ունի. նրանք կմնային, եթե երկիրը ճիշտ ուղղությամբ զարգանար։ Սակայն նրանց որոշումը` հեռանալ հենց հիմա՝ ծանրագույն քաղաքական ճգնաժամից հետո, թույլ է տալիս ենթադրել, որ հասարակության մեջ առկա անհանգստությունը խորն արմատներ ունի։ Հիասթափված, սակայն իրենց երկրին նվիրված մարդիկ, ըստ երեւույթին, կորցրել են հավատն առ այն, որ իրենց կառավարությունը հոգում է իրենց մասին եւ երկիրը տանում է դեպի առաջընթաց»: Ցավոք, ամերիկյան դիվանագետի կողմից երկու տարի առաջ հնչած այս գնահատականը այսօր շատ ավելի արտահայտիչ դրսեւորումներ է ստացել: