Փետրվարի 6-ին Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Գեւորգ Կոտինյանի սպանության փաստով նույն օրը 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահը: Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` հանցանքը կատարողների շրջանակը պարզված է: Բացառված չէ, որ այսօր արդեն գործով ձերբակալություններ լինեն: 19-ամյա Գեւորգ Կոտինյանը բանակ էր զորակոչվել Վանաձոր քաղաքից: Նա Լեռնային Ղարաբաղում ծառայել էր ընդամենը 9 ամիս: Սպանված զինծառայողի դին երեկ արդեն տեղափոխվել է Վանաձոր: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, զինծառայողի մահվան վկայականից, որը տրվել է նրա ծնողներին փետրվարի 8-ին, պարզ է դառնում, որ Կոտինյանին դաժանաբար ծեծի են ենթարկել: Նրա մահվան վկայականում մասնավորապես նշված է` սրտի ռեֆլեկտոր կանգ, կրծքավանդակի փակ, բութ վնասվածք, կրծքավանդակի փափուկ հյուսվածքների, ձախ թոքի, սրտի արյունազեղումներ, աջ անրակի հոդախախտ, աջից գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների, աջ երիկամի եւ մակերիկամի արյունազեղումներ: Կոտինյանի մորեղբայրը` Բորիս Ադամյանը, ով ներկա է եղել դիահերձմանը, պատմել է, թե սկզբում իրենց ասել են, որ երիտասարդը ինֆարկտից է մահացել, բայց հետո արդեն դիահերձումը ցույց է տվել բազմաթիվ վնասվածքներ: Նրա պնդմամբ` Գեւորգին ծեծի են ենթարկել չորս զինծառայողներ: «Կարելի է ասել՝ խմբակային, գազանաբար ծեծի են ենթարկել զինվորին, եւ նրա օրգանիզմը չի դիմացել: Կրծքավանդակին ուժեղ հարվածից առաջացել է արյան զեղում եւ սրտի կանգ, սրտի ներսի սալջարդը, ինչը նշվում է նաեւ մահվան վկայականում»,- ասել է Ադամյանը: Երեկ այս միջադեպին Ազգային Ժողովում անդրադարձել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Դեպքը տեղի է ունեցել ԼՂ հարավարեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, վիճաբանության եւ այնուհետեւ ծեծկռտուքի արդյունքում է տեղի ունեցել այդ մահը, որը նաեւ դիահերձման արդյունքում ապացուցվել է: Հարուցված է քրեական գործ, եւ միանգամից բացահայտվել են այն երեք անձինք, որոնք կատարել են հանցագործությունը»,- ասել է Սեյրան Օհանյանը` խոստանալով, որ քրեական գործի քննության արդյունքում մեղավորները կպատժվեն։