Թեեւ այս շաբաթ մեկնարկեց 2011թ. գարնանային նստաշրջանը, սակայն խորհրդարանում գերակայողը օրենսդրական աշխատանքի մթնոլորտը չէ:
Իհարկե, ԱԺ դահլիճում օրինագծեր են քննարկվում եւ ընդունվում, սակայն քաղաքական կյանքը եռում է միջանցքներում եւ պատգամավորների աշխատասենյակներում: Քննարկվող թեման Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ սրված հարաբերություններն են: Ավելի շուտ` այդ հարաբերությունները սրվել են նշված երկու կուսակցությունների ղեկավարների միջեւ:
Արդեն հայտնի է, որ երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել կոալիցիայի նիստ կամ կոալիցիոն ուժերի ղեկավարների հանդիպում, որի ժամանակ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից պահանջել է վերջնական դիրքորոշում արտահայտել 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ: Եվ քանի որ այդ մասին որեւէ պաշտոնական պարզաբանում չի հնչել, ամեն օր ի հայտ են գալիս այդ հանդիպմանը վերաբերող նոր մանրամասներ եւ վարկածներ:
Մեր տեղեկություններով` պլանավորված է եղել, որ կոալիցիայի նիստը պետք է տեղի ունենար երեքշաբթի օրը: Գ. Ծառուկյանը, նախապես իմանալով այդ մասին, որոշել է դրա նախօրեին մեկնել Մոսկվա: Հիշեցնենք, որ առաջիկա շաբաթ օրը կայանալու է ԲՀԿ համագումարը, եւ Գ. Ծառուկյանը ցանկություն է հայտնել կոալիցիայի նիստը հետաձգել գոնե համագումարից հետո: Այս գրեթե դեդեկտիվ սցենարի համաձայն, այդ մասին տեղեկանում են ՀՀԿ-ում եւ որոշում են կոալիցիայի նիստ հրավիրել երկուշաբթի առավոտյան: Այնպես որ, Գ. Ծառուկյանը չի հասցնում խուսափել այդ հանդիպումից: Իմիջիայլոց նշենք, որ երկուշաբթի մինչեւ կեսօր ԲՀԿ խմբակցության չորս հիմնական ներկայացուցիչները` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, խմբակցության ղեկավար եւ քարտուղար Գագիկ Ծառուկյանն ու Արամ Սաֆարյանը, ինչպես նաեւ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չէին մասնակցում նիստերին: Հիշեցնենք, որ երկուշաբթին այս տարվա գարնանային նստաշրջանի առաջին օրն էր, եւ նրանց երկար բացակայությունը խիստ նկատելի էր: Գրեթե անհնար էր նաեւ խոսել ԲՀԿ-ի որեւէ պատգամավորի հետ եւ տեղեկանալ, թե որտե՞ղ են իրենց խմբակցության ղեկավարները: Նրանք խուսափում էին այդ հարցերից: Ավելացնենք նաեւ, որ մեր տեղեկություններով՝ կոալիցիայի նիստին մասնակցել են իշխանական երեք կուսակցություններից 4-ական ներկայացուցիչներ: ՀՀԿ-ից մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: «Օրինաց Երկրից» մասնակցել են կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը եւ եւս մեկ անդամ, իսկ ԲՀԿ-ից՝ վերը նշված գործիչները:
Իսկ կոալիցիայի նիստում, մեր տեղեկություններով, Ս. Սարգսյանն առանց ձեւականությունների Գ. Ծառուկյանին է ներկայացրել մի հայտարարություն եւ առաջարկել է ստորագրել` նշելով, որ հակառակ դեպքում պետք է ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Այս օրերին ԱԺ-ում խոսում են, թե հայտարարության իմաստն այն է եղել, որ Գ. Ծառուկյանը հայտարարի, թե 2013թ. նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կպաշտպանի Ս. Սարգսյանի թեկնածությունը, իսկ մինչ այդ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կմասնակցեն միասնական ցուցակով: Նիստը բավականին լարված է անցել, եւ Գ. Ծառուկյանին, ի վերջո, հաջողվել է ներկայացված հայտարարության կամ հուշագրի ստորագրումը հետաձգել մինչեւ այս ուրբաթ: Խորհրդարանում խոսում են, որ եթե Ս. Սարգսյանը շաբաթ օրը մասնակցի ԲՀԿ համագումարին, ուրեմն Գ. Ծառուկյանը համաձայնել է ստորագրել այդ հայտարարությունը. հակառակ դեպքում ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից: Այդ հանդիպման մասին տեղեկացված պատգամավորներն ասում են, թե Գ. Ծառուկյանը փորձել է գոնե մինչեւ ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտը մնալ կոալիցիայում` չհայտարարելով նախագահական ընտրություններում Ս. Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ակնհայտ է, որ այդ իրավիճակը ԲՀԿ-ի համար շահավետ կլինի ցանկացած տեսանկյունից: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա կարող է օգտագործել վարչական եւ նյութական լծակները, իսկ ավելի ուշ կոալիցիայից դուրս գալու արդյունքում՝ ավելի հնչեղ կլիներ այդ քայլի քաղաքական նշանակությունը: Այս օրերին կոալիցիայից դուրս գալու դեպքում ԲՀԿ-ն մեկ տարի հետո հազիվ թե կարողանա այդ լծակներն օգտագործել քարոզչական նպատակներով: Բնականաբար, ՀՀԿ-ին էլ ձեռնտու չէ այսպիսի հնարավորություն տալ ԲՀԿ-ին: Իսկ ԲՀԿ-ում լավ են հասկանում` ի՞նչ է նշանակում կոալիցիայից դուրս գալ: Այդ դեպքում նրանց սպասվում է ՕԵԿ-ի ճակատագիրը: Այդ վիճակն իր ներկա կուսակիցներին կարող է լավագույնս ներկայացնել նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը:
Նշենք, որ ըստ որոշ ԶԼՄ-ների, Գ. Ծառուկյանն այդ նիստից հետո, այնուամենայնիվ, մեկնել է Մոսկվա: Մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ այնտեղ է եղել նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ այս մասին, իր աղբյուրներին հղում անելով՝ նախօրեին գրել էր նաեւ «Ռեգնում» գործակալությունը: Երեկ իշխանական թեւի պատգամավորները խուսափում էին հրապարակավ խոսել նաեւ Ռ. Քոչարյանի` «Մեդիամաքսին» տված հարցազրույցի մասին: Իսկ ներկուլիսային խոսակցություններում գերիշխող էր տեսակետը, թե այս լարվածությունն իրականում ոչ թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ է, այլ` Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի: Կարծիք կա, որ Ռ. Քոչարյանը կրկին փորձում է իրականացնել Հայաստանի վարչապետ դառնալու իր ցանկությունը, եւ որ այս ամբողջ փոխհրաձգությունը, պահանջներն այդ ցանկության պատճառով են: Ոմանք ասում են նաեւ, թե նախօրեին տված հարցազրույցով Ռ. Քոչարյանն ազդարարեց իր վերադարձն ակտիվ քաղաքականություն: Բացի այդ, նա բացահայտ կերպով պաշտպանեց Գ. Ծառուկյանին: Հիշեցնենք, որ մինչ այդ ԲՀԿ ղեկավարը հայտարարել էր, թե «Ռ. Քոչարյանը եթե ցանկանար, կլիներ ՀՀԿ-ի նախագահը կամ փոխնախագահը»: Այս հայտարարությունից հետո «կարկառուն» ՀՀԿ-ականները հակադարձեցին ԲՀԿ-ին: Իսկ արդեն Ռ. Քոչարյանն իր հարցազրույցով ու հատկապես՝ «2003 եւ 2007թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը» հայտարարությամբ բացահայտ հասկացնել տվեց, որ Գ. Ծառուկյանի խոսքերն էլ իր հետ նախապես համաձայնեցված են եղել, ու ընդհանրապես ԲՀԿ նախագահի քաղաքական որոշումների հետեւում ինքն է կանգնած եւ կիսում է նրան ուղղված հարվածները: Եվ չի բացառվում, որ առաջիկայում այլ բացահայտումներ անի ՀՀԿ-ի հետ կապված: Չէ՞ որ ՀՀԿ-ական պատգամավորը նրան հիշեցրել է «Հոկտեմբերի 27»-ի մասին: Ինչպես սիրում են ասել Հայաստանի քաղաքական գործիչները, գնդակը հիմա Ռ. Քոչարյանի դաշտում է:
ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ