Երեկ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց երեք օլիգարխների` Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցն ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի` վերջինիս պարտավորեցնելով որպես տուգանք շուրջ 6,5 միլիոն դրամ վճարել նրանց` արժանապատվությունը վիրավորող իբր ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակելու համար: Օրաթերթը ժամանակին այդ տեղեկատվությունը հրապարակել էր Մոսկվայում բնակվող «Միաբանություն» հ/կ նախագահ Սմբատ Կարախանյանի փոխանցմամբ` հղելով իր աղբյուրը: Ընդ որում, առաջին հրապարակումից հետո, նույն աղբյուրը մի քանի անգամ հրապարակավ հաստատել է, որ ինքն է այդ տեղեկատվության հեղինակը, եւ առաջարկել «վիրավորված» անձանց գործ ունենալ իր հետ: Օլիգարխները դա չեն արել եւ շարունակել են հետամուտ լինել իրենց հայցի դատական քննությանը «Հայկական Ժամանակի» դեմ: Դատարանն իր հերթին, անտեսելով այդ ամենը, հայցը ետ չի ուղարկել եւ կայացրել է ակնհայտ անարդար, ակնհայտ ապօրինի վճիռ: Տվյալ դեպքում, անշուշտ, կարեւոր դեր է խաղացել այն հանգամանքը, որ «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիրը քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն է: Հայ Ազգային կոնգրեսը հայտարարում է, որ այս վճռով գործող ռեժիմը ծանրագույն հարված է հասցնում մամուլի ազատությանը Հայաստանում եւ ստեղծվում է ծայրահեղ վտանգավոր մի նախադեպ: Հետայսու տպագիր լրատվամիջոցներին դատական պատասխանատվության կարող են կանչել այլ անձի` տվյալ թերթում արտահայտած մտքերի համար: Հեռուստատեսության ոլորտը կատարյալ մենաշնորհացման ենթարկելուց հետո, իշխանությունը բացահայտում է իր ծրագիրը, այն է` տնտեսապես սնանկացնել ու ոչնչացնել այլակարծիք թերթերը` իրենց ծառա օլիգարխների կամ կամակատարների միջոցով: Կատարվածը նաեւ դատական համակարգի` օլիգարխիկ իշխանությանը անմնացորդ ծառայելու, ոչ միայն նվազագույն ինքնուրույնությունից, այլեւ նվազագույն մասնագիտական ու մարդկային արժանապատվությունից զուրկ լինելու խայտառակ մի ապացույց է: Կոնգրեսը նաեւ հույս է հայտնում, որ այս խայտառակության նկատմամբ իրենց հստակ դիրքորոշումը կհայտնեն Եվրոպական կառույցները, մամուլի ու նրա ազատության խնդիրների, մարդու իրավունքների խնդիրներ հետապնդող հասարակական ու միջազգային կազմակերպությունները»: