«168 Ժամ» թերթի խմբագրությունը, տեւական ժամանակ է, բազմաթիվ ահազանգեր է ստանում ՀՀ կալանավայրերում գտնվող դատապարտյալներից: Արդեն ներկայացրել ենք մեզ դիմած մի քանի դատապարտյալների դժգոհությունները՝ կապված պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովի գործունեության հետ:
Բանն այն է, որ դատապարտյալներից շատերը համարում են, որ հանձնաժողովի մերժումները անհիմն են, եւ գործերը քննվում են կամայական սկզբունքով: ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սեյրան Մակարյանի պայմանական վաղակետ ազատման դիմումներն արդեն 2 անգամ մերժվել են: «Հասկանո՞ւմ եք, հոգեբանական ահավոր վիճակի մեջ են գցում կալանավորներին: Դիմում ես, ոչ մի չեպե չկա, մերժման համար հիմքեր չկան, բայց հանկարծ պատասխան ա գալիս, որ էլի մերժել են»,- ասում է նա` վստահեցնելով, որ հանձնաժողով ներկայացված 15 դատապարտյալներից 12-ը, որպես կանոն, մերժվում են: 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Ս. Մակարյանին վաղակետ ազատելու փաստաթղթերը անկախ հանձնաժողովին ներկայացվել է ինչպես 2009թ.-ին, որը մերժվել է, նաեւ այս տարվա փետրվարին: Թեեւ 6 ամսից կլրանա նրա պատժաժամկետն, այդուհանդերձ, կալանավայրի ղեկավարությունը Ս. Մակարյանին դրական բնութագրելով՝ ներկայացրել է հանձնաժողովի քննարկմանը։ «Ես գաղութի ղեկավարության կողմից 2 խրախուսանք եմ ստացել լավ վարքի համար, սպորտսմեն լինելու եւ առհասարակ նորմալ կալանավոր լինելու համար: Այսինքն` եթե ես լավ կալանավոր չեմ, ինչո՞ւ են խրախուսանքներ տալիս: Փետրվարի 10-ին պատասխան գրություն են բերում, որով մերժում են ինձ վաղակետ ազատելու դիմումը: Ինչի՞ են մերժում, ասեմ` ծիծաղեք: Գրել են՝ որովհետեւ հավատ չեք ներշնչում: Սա՝ էն դեպքում, երբ հանձնաժողովը կալանավորին ոչ տեսնում, ոչ ճանաչում, ոչ էլ նրա հետ բառ է փոխանակում: Ադմինիստրացիան թղթերը տալիս ա, իրանք աչքի տակով անցկացնում են ու գրում են` հավատ չեք ներշնչում»,- վրդովված ասում է Ս. Մակարյանը, ով Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ է: Վերջինիս տվյալներով` իրենց ընտրատարածքի պատգամավոր Առաքել Մովսիսյանն է նույնիսկ միջնորդագիր գրել հանձնաժողովի նախագահ Հովիկ Հունանյանին` տեղեկացնելով, որ Ս. Մակարյանը լինելով այդ տարածքի բնակիչ՝ դրական բնութագիր ունի: Ա. Մովսիսյանը հանձնաժողովի նախագահին ուղղված միջնորդագրում ընդգծել է դատապարտյալի ընտանիքի կարգավիճակը` տեղեկացնելով, որ Ս. Մակարյանն ունի թոշակառու, անօգնական ծնողներ, ովքեր որդու ազատազրկումից հետո հայտնվել են վատ վիճակում: Մի խոսքով` փորձել է երաշխավորել դատապարտյալի ազատ արձակման պարագայում կրկին անթույլատրելի արարք չկատարելու համար: «Ծնողներս 75 տարեկան ծեր մարդիկ են, ես նրանց միակ տղան եմ: Իմ ազատման մեկ օրն էլ նշանակություն ունի: Բոլոր դատապարտյալներն էլ «գժված» են էս հանձնաժողովի գործերը քննելու կարգից: Մարդուն առանց տեսնելու, առանց ճանաչելու՝ ո՞նց են ասում` դուք հավատ չեք ներշնչում: Հիմա շատ կալանավորներ չեն էլ դիմում, որովհետեւ գիտեն ինչ սթրես են տանելու: Մեր գաղութում կան մարդիկ, ում ժամկետը լրացել ա, կարող են դիմել, բայց չեն դիմում` հասկանալով, որ էնպիսի պատասխան են ստանալու, որ էս գաղութի պատերի մեջ հոգեկան հիվանդություն են ստանալու: Էդ ի՞նչ կարգ ա, ի՞նչ քննելու ձեւ ա, լրիվ իրանց ցանկությունից ա կախված ազատել-չազատելը: Իրանց համար նշանակություն չունի տույժ ու տուգանք չունենալը, խրախուսանքը. կուզեն՝ կազատեն, կուզեն` չէ, իրանց տրամադրությունից ա կախված»,- ասում է մեզ դիմած դատապարտյալը` վստահեցնելով, որ «Նուբարաշեն» ք/հ-ում ներկայումս շատ դատապարտյալներ կան, ովքեր պատրաստվում են բողոքով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, հետաքրքիր է նաեւ, որ պայմանական վաղակետ ազատման հանձնաժողովի համար եղանակ չեն փոխում տվյալ կալանավայրի ղեկավարության կողմից ներկայացված դատապարտյալների դրական բնութագրերը: Այլ կերպ ասած` նույնիսկ կալանավայրերի ղեկավարներն էլ չեն հասկանում, թե դատապարտյալների վաղակետ ազատման հարցում հանձնաժողովի անդամները ի՞նչն են հիմք ընդունում, այնուհետեւ որոշում՝ մերժել կամ բավարարել հարցը: Անկախ հանձնաժողովին ներկայացրած հայտերը, որպես կանոն, ունենում են` «Դուք չեք ուղղվել» պատասխանը: Մինչդեռ առանց դատապարտյալին տեսնելու կամ զրուցելու՝ նրա մասին վերոնշյալ բնորոշումը «գուշակելն» առնվազն մարդու իրավունքների խախտում է: Այլ կերպ ասած` մարդու ուղղվել, չուղղվելու հարցը որոշվում է կամայականորեն: Հետաքրքիր է «Դուք հավատ չեք ներշնչում» ձեւակերպումը. կարելի՞ է նման պատասխան գրել՝ առանց մարդուն երբեւէ տեսնելու:
ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ