Անտարբեր են

10/02/2011

Հայազգի դերասան, ռեժիսոր, թատրոնի ղեկավար Արմեն Ջիգարխանյանը, պատասխանելով BBC-ի ռուսական ծառայության ընթերցողների հարցերին, քննադատել է Ռուսաստանում աճող այլատյացությունը: «Չե՞ք վախենում Մոսկվայում փողոց դուրս գալ, եւ ի՞նչ գնահատական կտաք Ռուսաստանում աճող ազգայնական տրամադրություններին» հարցին Ջիգարխանյանն արձագանքել է. «Կարծում եմ, դա լուրջ խնդիր է Ռուսաստանի նման բազմազգ պետության համար: Կարելի է, անշուշտ, վրացուն կամ տաջիկին չսիրել, սակայն դա չի կարող սպանության վերածվել կամ հարձակման: Սա շատ գարշելի է»: «Իսկ ո՞րն է այդ ամենում պետության դերը,- հարցրել է BBC-ի հայաստանցի ընթերցողներից մեկը` ընդգծելով,- Ակնհայտ է, որ կառավարությունը կուլիսներում հովանավորում է ֆաշիզմը»: «Չեմ կարծում, թե կառավարությունը նման քաղաքականություն է վարում: Այդուամենայնիվ, եթե գնահատական եք ուզում, անհրաժեշտ է փաստել` իշխանությունը ուղղակի անտարբեր է այս ամենի նկատմամբ, դիրքորոշում չունի, ինչը եւս մեծ ողբերգություն է»,- պատասխանել է Ջիգարխանյանը: «Ամերիկացիները երբեք չեն նշում, թե դու ինչ ազգության ես պատկանում, նրանք միայն գրում են` «Միացյալ Նահանգների քաղաքացի», ինչն ուղղակի նշանակում է` «ես սիրում եմ երկիրը, որտեղ ապրում եմ»: Մինչդեռ Ռուսաստանում ես նախ՝ հայ եմ, հետո` ռուսաստանցի: Դա ճիշտ չէ եւ որեւէ լավ բանի չի հանգեցնի: Միակ բանը, որով մենք մխիթարվում ենք, այն համոզմունքն է, որ միմյանց վրա կեղտ շպրտողները չեն միայն ռուսները` կան նաեւ մարդիկ, ովքեր ճանաչում են, հասկանում եւ գնահատում»,- հայտարարել է Արմեն Ջիգարխանյանը: Անդրադառնալով ռուսական կինոյի վիճակի վերաբերյալ ընթերցողներից մեկի հարցին` Ջիգարխանյանն ասել է. «Մենք աղքատ երկիր ենք, իսկ աղքատ երկրում կինո չի լինում: Կիսաաղքատ թատրոն դեռ կարող է գոյություն ունենալ, բայց կինոն արտադրություն է»: BBC-ի բելառուս ընթերցողներից մեկն էլ հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Ջիգարխանյանը շնորհավորել Ալեքսանդր Լուկաշենկոյին դեկտեմբերին անցկացված վիճահարույց ընտրություններից հետո: «Մի՞թե չգիտեիք, թե ինչ է կատարվում ընդդիմության հետ, չգիտեի՞ք քաղբանտարկյալների մասին»,- գրել է ընթերցողը, ինչին ի պատասխան՝ հայազգի դերասանն ասել է. «Այն, ինչ կատարվում է ընդդիմության հետ, իմ գործը չէ` դրա համար գոյություն ունի կագեբե, շպտ, մտպ… Հեռուստատեսությունը ցույց է տալիս, որ Լուկաշենկոն ստացել է 80 տոկոս ձայն, ես էլ մտածում եմ` չի կարող, չէ՞, այնպես պատահել, որ այնտեղ 80 տոկոսը ապուշ լինեն»: