Գործողությունները համարժեք են

10/02/2011

«Ադրբեջանը ձեռք է բերել մեծ քանակությամբ դիպուկահար հրազեն, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը կոնկրետ տեղեկություններ ունի»,- այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: «Դա ոչ միայն մենք գիտենք, այլեւ բոլորը, որ Ադրբեջանը, մեծացնելով իր ռազմական բյուջեն, բնականաբար, մեծացնում է նաեւ իր սպառազինությունը, այդ թվում եւ՝ դիպուկահար հրազեն ձեռք բերելու հարցում: Վերջին շրջանում մենք ականատեսն ենք եղել ադրբեջանցիների դիպուկահարների գործունեության ակտիվացմանը, որի արդյունքում ունեցել ենք մի քանի զոհեր»,- նշել է նա: Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ զինված ուժերը հակադիպուկահարային լայնածավալ գործողություններ են նախապատրաստում, ինչը պայմանավորված է վերջին շրջանում շփման գծում Ադրբեջանի կողմից դիպուկահար կրակոցների ակտիվացմամբ: Արձագանքելով այդ տեղեկատվությանը, Դ. Կարապետյանն ասել է. «ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունները ընդլայնելը եւ զարգացնելը Պաշտպանության նախարարության ամենօրյա աշխատանքն է: Հակառակորդի կողմից հավանական եւ նվազ հավանական գործողությունների վերաբերյալ մշակված են համապատասխան մասնագիտական գնահատականներ ու վտանգի չեզոքացման տարբեր սցենարներ: Մեր գործողությունները համարժեք են գոյություն ունեցող սպառնալիքներին»: