Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ պիկետ են կազմակերպել Նոր Արեշ 35փ. 127/7 շենքի մի խումբ բնակիչներ, որոնց եւ քաղաքապետարանի մուտքը հսկող ոստիկանների միջեւ միջադեպ է արձանագրվելի: Բանն այն է, որ շենքի 30-ից ավել բնակիչներ ցանկացել են հանդիպել Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ բաժնի ղեկավարի հետ եւ իրենց խնդրի լուծումը պահանջել: Նշենք, որ թեեւ բոլոր համապատասխան կառույցներից ստացված պատասխաններով հաստատվում է 127/1 շենքի չորրորդ կարգի վթարայնության փաստն, այդուհանդերձ, Երեւանի քաղաքապետարանը չի պատրաստվում բնակիչների անվտանգության համար քայլեր ձեռնարկել: «Պետական կառույցներից ստացված պատասխաններում գրված է` 4-րդ կարգի վթարային, բնակիչներին հրատապ տեղահանելու պահանջով, բայց թքած ունեն: Երեկ ամբողջ օրը մեզ նույնիսկ քաղաքապետարանում չընդունեցին, վարչության պետն անգամ ներքեւ չիջավ»,- ասացին բնակիչները, ովքեր նույնիսկ փորձել են հարակից փողոցը փակել, սակայն ոստիկանների դիմադրությանն արժանանալուց հետո շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Այնտեղ Նամակների բաժնի ներկայացուցիչները լսել են նրանց բողոքը եւ 1 շաբաթ ժամանակ են խնդրել` խնդիրն ուսումնասիրելու համար: Նոր Արեշ 127/1 շենքի բնակիչները տեղեկացնում են, որ իրենց տեղահանման կամ որեւէ այլ տարբերակ չառաջարկելու պարագայում դիմելու են ծայրահեղ քայլերի: Հիշեցնենք, որ դեռ մեկ տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ բաժնի պետ Ֆրունզե Բասենցյանը մեզ հետ զրույցում խոստացել էր շենքի վթարայնության աստիճանը սահմանելուց հետո անմիջապես բնակիչներին տեղահանել եւ ապահովել կացարանով: