Ասում է 1-ին կարգի հաշմանդամ Նվեր Հովհաննիսյանը
Օրեր առաջ խմբագրություն էին եկել Էջմիածին քաղաքի բնակիչներ Նվեր Հովհաննիսյանը եւ Ալեքսան Բայանդուրյանը, ովքեր խնդրում էին լրատվամիջոցների օգնությամբ բարձրաձայնել մի խնդիր, որը, թերեւս, պետք է լուծվի պետական կառույցների եւ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցի Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի միջամտությամբ: Մինչդեռ, ըստ նրանց` Մայր Աթոռը դատական ատյաններին դիմելով՝ փորձում է խնդիրը հարթել դատավորների հանդեպ ճնշում կիրառելու սկզբունքով: Այս երկու քաղաքացիները Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, 1-ին կարգի ցմահ հաշմանդամներ են, որոնցից Ն. Հովհաննիսյանը պատերազմի ժամանակ կորցրել է թեւն ու ոտքը, իսկ Ա. Բայանդուրյանը` ոտքը: «Ամուսնացած եմ, ունեմ երկու դուստր, իսկ ծնողներս թոշակառուներ են: Ընտանիքի միակ աշխատողը ես եմ, եկամուտի որեւէ այլ աղբյուր չունեմ»,- ասում է Ն. Հովհաննիսյանը, ով ծանր հաշմանդամության պատճառով, բնականաբար, ֆիզիկական աշխատանք կատարելու ունակ չէ: Բանն այն է, որ 2000թ. նա դիմել է Էջմիածնի քաղաքապետարան` խնդրելով քաղաքային զբոսայգու տարածքից իրեն վարձակալական հիմունքներով հողատարածք հատկացնել` հանգստի գոտի (սրճարան) կազմակերպելու նպատակով: Այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Աղվանյանը որոշում է կայացրել Ն. Հովհաննիսյանին վարձակալական հիմունքներով հատկացնել 1020,0քմ մակերեսով հողատարածք Ակումբագրադարանային տեխնիկումին կից` քաղաքային զբոսայգու տարածքից, որից 20,0քմ-ն` տաղավար տեղադրելու, մնացած 1000,0քմ մակերեսն էլ՝ բարեկարգելու եւ կանաչապատելու համար: Ի դեպ, քաղաքապետը նաեւ որոշման մեջ Ն. Հովհաննիսյանին պարտավորեցրել է զբոսայգու էլեկտրական լուսավորության, խմելու ջրի եւ կենցաղային աղբի տեղափոխման հարցերի հետ կապված պայմանագիր կնքել համապատասխան ծառայությունների հետ: Ինչեւէ, 2002թ. Էջմիածնի քաղաքապետարանի եւ Ն. Հովհաննիսյանի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիրը, ըստ որի` վարձակալական հիմունքներով, 80 տարի ժամկետով հանգստի գոտի կազմակերպելու համար Ն. Հովհաննիսյանի տիրապետմանն է հանձնվում կենտրոնական զբոսայգու 1020քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը: 2002թ.-ից սկսած Ն. Հովհաննիսյանը սկսել է բարեկարգել, կանաչապատել տարածքը, փոքրիկ տաղավարներ տեղադրել եւ մանկական խաղահրապարակ կառուցել. «Այդ տարածքը նախկինում հարբեցողների որջ էր, որտեղ գալիս էին մեր քաղաքի պարապ, անգործ թափառականները ու հարբեցողությամբ էին զբաղվում: Խուլիգանների ու բոմժերի հավաքատեղի էր: Զրոյից սկսել եմ, դարձրել եմ էջմիածինցիների համար գեղեցիկ հանգստի գոտի, որտեղ գալիս են ընտանիքներով, երեխաների հետ, նույնիսկ ծերերն են էնտեղ ժամանակ անցկացնում: 30-ից ավելի պալմաներ, եղեւնիներ եմ տնկել, հսկայական ծախս եմ արել, կանաչ գոտի եմ ստեղծել` մանկական խաղահրապարակով, նստարաններով: Այսինքն` տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ես փոքրիկ սրճարան եմ ստեղծել, որը նաեւ էջմիածինցիների սիրելի վայրն է: Մինչ այդ զբոսայգում անգամ լուսավորություն չի եղել, բայց ես լուսարձակներ եմ տեղադրել, ապահովել եմ զբոսայգու անվտանգությունը: Բայց հանկարծ Մայր Աթոռն ինձ ասում է` պիտի տարածքը լքես, որովհետեւ դա մերն է»: 2009թ. Մայր Աթոռի կողմից Ն. Հովհաննիսյանը մի գրություն է ստացել, որով եկեղեցու ներկայացուցիչները պահանջել են տարածքն ազատել` պատճառաբանելով, որ ՀՀ Կառավարության որոշման համաձայն` Էջմիածնի կենտրոնական զբոսայգին ամբողջությամբ պատկանում է եկեղեցուն: 2005թ. նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի` «Պետական սեփականություն հանդիսացող 2.14 հեկտար բնակավայրերի նշանակության զբոսայգին եւ նրա զբաղեցրած հողամասը նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (առանց կառուցապատման եւ հետագա օտարման իրավունքի)` բարեկարգման, հասարակական հանգստի եւ հոգեւոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով»: Ն. Հովհաննիսյանն ասում է, որ ինքը միայն 2009թ.-ին է տեղեկացել, որ ՀՀ Կառավարությունը զբոսայգին տրամադրել է եկեղեցուն, այն էլ` տարածքն ազատելու պահանջից հետո: «Գնացել եմ Վեհափառի մոտ, խնդրել եմ՝ ասելով` Վեհափառ, ես այդ փոքրիկ սրճարանով եմ տուն պահում, եկամուտի այլ աղբյուր չունեմ, ապրելու այլ միջոց չունեմ: Թեւ ու ոտք չունեմ, որ գնամ բանվորություն անեմ: Ոչ պետությանը, ոչ էլ եկեղեցուն չեմ ասում՝ ինձ փող տվեք կամ օգնեք: Ուղղակի թողեք ես աշխատեմ, իմ ընտանիքը պահեմ: Ես մեր կրոնի, պետության համար գնացել կռվել եմ. առաջին հերթին կրոնի համար, որ մուսուլման չդառնանք: 22 տարեկանում ձեռք ու ոտք եմ կորցրել, կես մարդ դարձած եկել եմ, ուզում եմ իմ ուժերով իմ ընտանիքին պահել, բայց հիմա իմ կրոնն ինձ հալածո՞ւմ է, ինձ տարածքից վտարո՞ւմ է, ասում է` գնա, էս տարածքն ինձ պիտի տաս: Բայց ոչ մի բան, ոչ մի պատասխանատվություն ու խղճի խայթ»,- վրդովված ասում է նա` վստահեցնելով, որ Վեհափառ Հայրապետն ամենասկզբում առաջարկել է 50 տարվա ժամկետով պայմանագիր կնքել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հետ: Ն. Հովհաննիսյանն ընդունել է Վեհափառի առաջարկը, սակայն, հաջորդ օրը Վեհափառը տեղեկացրել է, որ պայմանագիր կարող են կնքել կարճաժամկետ` ընդամենը 1 տարի ժամկետով. «Սկզբում նա ասաց` 50 տարի ժամկետով, ես համաձայնեցի, բայց հետագայում ինքը փոշմանեց: Հետո ասաց` ուրիշ վայրում հողատարածք կգնի` դրան էլ համաձայնեցի, բայց մտածեց ու փոշմանեց: Այսինքն` նա ուզում էր այլ բան առաջարկեր` ես հրաժարվեի, ու իր համար դա փաստարկ լիներ, որ ես համաձայն չեմ: Նրա բոլոր առաջարկներն ընդունեցի, միայն թե ինձ չզրկեն իմ ընտանիքին մի կտոր հացով ապահովելուց, բայց նա մտածեց ու հասկացավ, որ կարելի է ուղղակի ինձ տարածքից առանց ոչնչի վռնդել: Ասաց` 1 տարի ժամկետով, բայց ես ինչպե՞ս համաձայնվեմ. վստահ եմ, որ 1 տարի ժամկետն առաջարկում է, որ աղմուկ չլինի, իսկ 1 տարուց հետո ինձ դուրս կշպրտեն: Նույնիսկ Արշակ Սրբազանին եմ մարդկային ձեւով խնդրել, ասել, որ ես կես մարդ եմ, այլ աշխատանքի ընդունակ չեմ, ընտանիքս, ծնողներս իմ հույսին են, պետք չի ինձ հետ էսպես վարվել: Իմ ընտանիքն ո՞վ է պահելու, ես ո՞նց եմ ապրելու: Ոչ մի պատասխանգ Իրենց ասում եմ` հիմա մարդիկ գնում են Եվրոպա ու քաղաքական ապաստան են հայցում: Ես էլ գնալու եմ կրոնական ապաստան հայցելու, պիտի դիմեմ, ասեմ` կրոնն ինձ հալածում, նեղում է: Մենք Թուրքիայի ցեղասպանության մասին ենք խոսում, բայց էսօր ցեղասպանություն է կատարում մեր եկեղեցին: Հողերը մարդկանց ձեռքից խլելով` զրկում է մի կտոր հացից»: Նույն զայրույթն արտահայտում է նաեւ Ալեքսան Բայանդուրյանը, ով նույնպես լինելով հաշմանդամ՝ սրճարանը շահագործելու միջոցով է ընտանիք պահում: Այլ կերպ ասած` թեեւ որպես վարձակալ՝ գրանցված է Ն. Հովհաննիսյանը, այդուհանդերձ, զբոսայգու հանգստի գոտու կազմակերպումն իրականացնում են երկուսով: Նրանք վստահեցնում են, որ Մայր Աթոռի` տարածքը լքելու պահանջից հետո, արդեն 1 տարի է, ինչ կասեցրել են «Իմ Լաուրա» սրճարանի գործունեությունը: Ի դեպ, ՀՀ Կառավարության որոշման մեջ ամրագրված է կենտրոնական զբոսայգին նվիրաբերել Առաքելական եկեղեցուն` առանց կառուցապատման եւ հետագա օտարման իրավունքի պահանջով: Մինչդեռ այսօրվա դրությամբ այդ զբոսայգում ոչ միայն 2 մեծ շինություններ են կառուցվել, այլեւ` եկեղեցու տարածքը այգու հաշվին մեծացել է, քանի որ եկեղեցին եւ այգին անջատող պարիսպը մոտ 20քմ հողատարածքով տեղափոխվել է առաջ, այսինքն` ընդգրկել է զբոսայգու տարածքը: «Ես դատավորին էլ տեղեկացրեցի: Դատավորն ասում է` ինչի էնտեղ շինությո՞ւն են կառուցել: Ասեցի` արի մեքենայով տանեմ, պտտեմ: Եկեղեցին օրենք է խախտում, կառավարության որոշումը արհամարհում է: Երեխաների կարուսելներն էլ քանդեցին տարան»,- ասում է Ն. Բայանդուրյանը: 2010թ. մարտին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցին` ընդդեմ Նվեր Հովհաննիսյանի եւ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ալեք Ավետյանի` հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները կիրառելու, հողամասը շինություններից ազատելուն պարտավորեցնելու եւ տարածքից վտարելու պահանջների մասին: Նաեւ լրացուցիչ հայց է ներկայացրել ընդդեմ Ն. Հովհաննիսյանի եւ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ա. Ավետյանի` Էջմիածնի քաղաքապետարանի եւ Նվեր Հովհաննիսյանի միջեւ 2002թ. փետրվարի 1-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու եւ վերջինիս իրավունքները դադարեցված ճանաչելու պահանջի մասին: Համաձայն 2011թ. փետրվարի 1-ին արձակված վճռի` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցը բավարարել է մասնակի. Հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու, առոչինչ գործարքի անվավերության հետեւանքները կիրառելու, հողամասը շինություններից ազատելուն պարտավորեցնելու եւ տարածքից վտարելու պահանջները մերժվել են: «Հայաստանյայց Առաքելական սուրբ Եկեղեցու լրացուցիչ հայցն ընդդեմ Նվեր Հովհաննիսյանի եւ նոտար Ա. Ավետյանի` Էջմիածնի քաղաքապետարանի եւ Ն. Հովհաննիսյանի միջեւ 2002թ. փետրվարի 1-ին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու եւ վերջինիս իրավունքները դադարեցված ճանաչելու պահանջը բավարարել: Դադարեցված ճանաչել Ն. Հովհաննիսյանի իրավունքները վարձակալած հողամասի նկատմամբ»,- նշված է վճռում: Ն. Հովհաննիսյանը պատրաստվում է վճիռը բողոքարկել ՀՀ Վերաքննիչ դատարանում, սակայն գիտակցում է, որ դատարանը ճնշված է Առաքելական եկեղեցու հայցից եւ այս հարցում ավելի շատ լուծումը տեսնում է պետական կառույցների միջամտության մեջ: Նա շուտով դիմում կգրի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. «Ես քաջ գիտակցում եմ, որ Վեհափառին կանգնեցնել չի հաջողվի, դրա համար այս հարցի լուծման տարբերակը համարում եմ Հանրապետության նախագահին դիմելը»: Ն. Հովհաննիսյանը նաեւ մատնանշում է ՀՀ Կառավարության որոշումն, ըստ որի` եկեղեցին պարտավոր էր բարեկարգել կենտրոնական զբոսայգին` այն վերածելով հասարակական հանգստի գոտու` հոգեւոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով. «2005թ.-ից այգին եկեղեցունն է, բայց այգու լուսավորությունն անգամ ապահովված չէ: Եթե գիշերն այդ տարածքով մի աղջիկ անցներ` կարող էր հանցագործություն տեղի ունենալ, որովհետեւ մթության մեջ թմրամոլներն ու խուլիգաններն ամեն ինչ կարող էին անել: Ես սրճարանի մեջ լուսարձակներ եմ տեղադրել, ուղղել եմ դեպի զբոսայգու ծայրամաս, որպեսզի այգին ամբողջությամբ հնարավորինս լուսավորվի: Էլ չեմ ասում, որ կանաչ գոտու խնամքն էլ եկեղեցին չի անում, կարող եք նկարել այն ծառերը, որոնք չորացել են չխնամելու պատճառով: Շատ վիրավորված եմ: Ես ու Ալեքսանը անձեռք, անոտք վիճակով մեր ոսկեղենն ենք վաճառել, վարկ ենք վերցրել, որ մեր քրտինքով ապրելու միջոց ստեղծենք, բայց էսօր եկեղեցին զրկում է մի կտոր հացից»: Ն. Հովհաննիսյանը Վեհափառին նույնիսկ խնդրել է սրճարանը կառուցելու համար կատարած իրենց ներդրումը փոխհատուցել` «Ասացի՝ գոնե էդ տաղավարների, էդ կատարած ծախսի համար մի փոքր փոխհատուցում կատարեք, գնանք փորձենք փոքրիկ խանութ բացել, որ կարողանանք ապրել: Բացատրեցի, որ ի վիճակի չենք շինարարության վրա բանվորություն անել, բեռ թափել, ձեռք ու ոտքից զրկված ենք: Ոչ մի բան, ոչ մի զիջում: Դատավորը նաեւ պատճառաբանում է, որ ես պարտավոր էի 2006թ.-ից վարձավճարը եկեղեցուն փոխանցել, բայց նույն դատավորը նաեւ շեշտում է, որ ես տարածքը Մայր Աթոռին տրամադրելու մասին տեղեկացել եմ միայն 2009թ.-ին: Այսինքն` դատարանն էլ է հայտնվել աբսուրդ իրավիճակում, չի կարողանում հիմնավորել»: Այդուհանդերձ, նշենք, որ որպես վարձակալ՝ քաղաքապետարանի բանկային հաշվեհամարին նա պարտաճանաչ կերպով վճարել է վարձավճարը:
Պարզաբանումներ ստանալու խնդրանքով մենք դիմեցինք Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Տեղեկատվական բաժնի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանին: Տեր Վահրամ Մելիքյանը նախ նշեց, որ ՀՀ Կառավարության 03.10.1995թ. թիվ 45 որոշման հիման վրա Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն 31.10.1995թ. համապատասխան ընդունման-հանձնման ակտով Եկեղեցու օգտագործմանն է հանձնել Մայրավանքի հյուսիսային կողմում գտնվող քաղաքային զբոսայգին: Այնուհետեւ մատնանշեց 2005թ. Կառավարության որոշումն, ըստ որի` զբոսայգու տարածքը սեփականության իրավունքով հանձնվել է Եկեղեցուն: «Գործարքը, որը կատարվել է Ն. Հովհաննիսյանի եւ մյուս կողմի միջեւ, կնքվել է մի շարք օրենքի խախտումներով, ինչը դատարանն ապացուցված է համարել: Այդ գործարքի արդյունքում հայտնաբերվել են իրավական եւ օրենքի կոպիտ խախտումներ: Պայմանագրով նախատեսված է եղել 20քմ կառուցապատում, բայց Ն. Հովհաննիսյանը կառուցապատել է ամբողջ տարածքը, որը նախատեսված է եղել բարեկարգման համար»,- ասաց Տեր Վահրամ Մելիքյանը` վստահեցնելով, որ Ն. Հովհաննիսյանը բազմիցս հրավիրվել է Մայր Աթոռ, եւ նրան տարբերակներ են առաջարկվել, որից նա հրաժարվել է: Ըստ Տեր Վահրամի` վերջինիս անգամ 25.000 դոլար է առաջարկվել, ինչից նա հրաժարվել է: Ինչ վերաբերում է 1 տարի ժամկետով վարձակալությամբ տարածքը տրամադրելուն, ապա` «Կարճաժամկետ պայմանագիրը կարող էր ամեն տարի թարմացվել, քանի դեռ Եկեղեցին այդ տարածքի նկատմամբ ծրագրեր չունի: Այսինքն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն էլ պետությունից այդ տարածքը ստացել է որոշակի պայմանների կատարման պարտավորությամբ: Մենք չենք կարող օրենք խախտել: Պետք է նշեմ, որ Եկեղեցին Ն. Հովհաննիսյանին բավականին բարյացակամ է վերաբերվել եւ հնարավոր տարբերակներ է առաջարկել, որոնցից եւ ոչ մեկը նա չի ընդունել: Քանի դեռ եկեղեցին այդ տարածքի նկատմամբ ձեռնարկներ, ծրագրեր չունի` կարող էր կարճաժամկետ պայմանագիրն ընդունել: Եկեղեցին առաջնորդվում է բացառությամբ օրենքով եւ շրջանցելով օրենքն այլ բան առաջարկել չի պատրաստվում»: Տեր Վահրամը հերքեց նաեւ մեր դիտարկումն այն մասին, որ ՀՀ Կառավարության որոշումը կայացրել է զբոսայգին կառուցապատելու արգելքով, սակայն զբոսայգու տարածքում շինարարություն է իրականացվում. «Կառուցապատում չի իրականացվել»: Մինչդեռ մենք լուսանկարել ենք նորակառույց մկրտարանը եւ մեկ այլ շինություն, որն էջմիածինցիներն անվանում են դամբարան, ինչպես նաեւ՝ զբոսայգու տարածքի հաշվին առաջ եկած պարիսպը:
ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ