ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՓՆՏՐՎՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ …

10/02/2011

Բարեգործություններ, միջոցառումներ, փոքրիկ նվերներ կամ աջակցություններ պարբերաբար լինում են Արմավիր քաղաքում, դրանք կազմակերպում կամ իրականացնում են անհատներ, պաշտոնյաներ կամ էլ ինչ-որ կազմակերպություններ ու կուսակցություններ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում այդ արարողությունները ցուցադրական են ու նպատակային: Ասենք՝ սովորական կամ պատահական երբեք միջոցառումներ չեն կազմակերպվում, բարի կամքի դրսեւորմամբ երբեք նվերներ չեն տրամադրվում, սրտացավության մթնոլորտում երբեք հանդիպումներ չեն լինում: Դա գիտի արմավիրցին, գիտեմ ես, որ նորից արմավիրցի եմ, ու դրա մասին գիտակցում ենք գրեթե բոլորս:

Հիմա արդեն խոսելով Արմավիր քաղաքի ընդհանուր պատկերի մասին, կարող եմ մատնանշել նույնիսկ դեպքեր ու դրվագներ, երբ պաշտոնյան կամ շահագրգիռ անձը ինչ-որ նախաձեռնությամբ հանդես է գալիս, ասենք՝ տատիկներին Մարտի 8 շնորհավորում, Հայրենական պատերազմի վետերաններին մեծարում, կամ էլ ուսուցչի տոնին ուսուցչին նվեր հանձնում ու հետն էլ մի լավ տեղը տեղին պարապած ճառ ասում: Առավել գովերգող խոսքերով, քաղաքի եւ քաղաքացիների հոգսերով ապրող մարդ են ձեւանում հատկապես նախընտրական շրջանում, դա կլինի նախագահական, ԱԺ թե ՏԻՄ ընտրություններ:

Ի դեպ, ասեմ, որ նման առիթի դեպքում Արմավիրում թեկնածուների պակաս չի զգացվում, մերոնք պարապած են ընտրությունների առումով, տնից դուրս եկողը կարող է որոշել, որ ինքն էլ պակաս քաղաքապետ չի, ու կարա լինի… թեկնածուների խոստումների մասին էլ եկեք չխոսենք հա՞: Թվում է, թե երկնքից աստղեր են իջեցնելու, ոսկե ձկնիկն են բերելու ու յուրաքանչյուրի համար երեք ցանկություն կատարելու: Բայց ոչ մի ոսկե ձկնիկ էլ չկա, դրանք թվացյալ ոսկե խոստումներ են, որոնք հնչում են թեկնածուների կողմից այնքան վստահ ու համոզիչ, որ քիչ է մնում հենց նույն թեկնածուն իր ասածին հավատա ու մտածի՝ այս անգամ էլ համոզեցի, ընտրություններից հետո էլ ո՞վ է տերը, կամ ո՞վ է ասածիս հետեւից վազողն ու պահանջողը:

Ասենք, պահանջելու իրավունք էլ չունեն շատերը, եթե հաշվի առնենք այդ նույն խոստումների ֆոնին ընտրակաշառքներն ու քաղաքի որոշ հատվածներում, ասենք՝ փոսալցումները կամ աղբահեռացումը: Հա, ի դեպ, աղբահեռացումն էլ մեծ պատիվ է մեր քաղաքացիների համար, եթե քաղաքի կենտրոնական մասերում, չէ, ավելի շուտ, շաաաաատ կենտրոնական մասում աղբը գոնե մինչեւ կեսօր հավաքվում է, ապա քիչ ծայրամասերում՝ շաբաթը մեկ, իսկ ծայրամասերում երեւի չհիշեն բնակիչները, ինչ պարբերականությամբ է աղբահավաք մեքենան երեւում: Բայց թե դրա մասին չէի խոսում, բուն թեմայից շեղվեցի… Հա, ի դեպ, շեղումներ շատ կլինեն, որովհետեւ թեման բարդ է, չէ, թեման պարզ է, իրավիճակն է բարդ, ավելի ճիշտ՝ քաղաքիս վիճակն է տխուր, ու այս տխուր ու բարդ իրավիճակում հազար ու մի թերություն է նկատվում, խնդիրներ ի հայտ գալիս, որոնց կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել:

Այ հիմա անցնեմ բուն թեմային…

Ասածս ինչ էր, ասում եմ՝ նախընտրական քարոզարշավը շուտով կսկսվի: Արմավիրում քաղաքապետ պետք է ընտրվի… Ընտրության օրն էլ, պարզ է, մարտի 20-ն է, շատ ուրախ եմ, որ քաղաքապետ եմ ընտրելու, նոր քաղաքապետ եմ ունենալու, չնայած դա իմ ցանկությունն է, բայց քիչ հավանական է, որովհետեւ էս քաղաքապետը անկախ ընտրության արդյունքներից՝ ընտրվում է, այս գործի մեծ վարպետ է, կապ չունի՝ ձայն ունի՞ իր օգտին, թե՞ ոչ, մեկ ա, սարքելու է, սա՝ իմիջիայլոց, իսկ իրականում վիճակն ավելի տխուր է, քան պատկերացնում եք, մինչեւ հիմա լուրջ թեկնածու չունենք, ավելի շուտ, կարգին թեկնածուի անուն չենք լսել: Այս անգամ քաղաքապետի պաշտոնի հավակնողներն իրենց համեստ են պահում, դեռ արենա դուրս չեն գալիս, երեւի դերասանական վարպետություն են անցնում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բեմում լավ խաղան, ժողովրդի առաջ լավ կապիկություն անեն, զվարճացնեն ու հիմարացնեն իրենց ընտրողներին: Իսկ մինչ այդ մի քանի անուն գիտեմ, որոնց մասին ձեզ էլ կասեմ, բայց լուրջ չընդունեք, որովհետեւ այսօր մի անուն է հնչում, հաջորդ օրն՝ այլ, ու այսպես քաղաքացիներն իրենք են սկսում իրենց երեւակայությամբ թեկնածու հորինել ու ասել՝ բա գիտե՞ք, որ այսինչ այսինչյանն էլ պետք է իր թեկնածությունը դնի:

Առայժմ այսքանով է նկատվում, որ Արմավիրում շուտով քաղաքապետի ընտրություններ են լինելու: Ես էլ Արմավիր քաղաքի բնակիչ եմ, ու ակամա լսում եւ մասնակից եմ դառնում շրջանառվող լուրերին, խաչմերուկներում բանավիճող ու ենթադրյալ թեկնածուների շահերը պաշտպանող քաղաքացիների խոսակցություններին, ինչպես նաեւ՝ իրենց քաղաքապետի պաշտոնում տեսնող ու լավ տղա կարծող թեկնածուների քարոզներին: Երբեմն հակադրվում եմ, երբեմն՝ հաստատում, երբեմն էլ՝ չեզոք դիրքում ինձ պահելով, մտքումս վերլուծում, է հա, վերջը էս քաղաքը մի կարգին քաղաքապետ կունենա՞, թե՞ ոչ: Սա շատ բարդ հարց է, այս հարցը, վստահ եմ, որ շատ ընտրողների է հետաքրքրում, բայց թե ընտրողն էլ իր արժեքը չի իմանում, իր ձայնը չի գնահատում ու մի երկու կոպեկով ծախում (հա, ի դեպ, չեմ ասում, որ էժան եք ծախում եւ այս անգամ գինը բարձրացրեք, ասում եմ, որ ձայն վաճառելը նույնն է թե՝ ինքդ քեզ ես վաճառում, մի կողմ դնելով պատիվդ, հպարտությունդ ու ինքնասիրությունդ) ու հետո էլ նստում տանը, կամ պատերի տակ` իր ու իր քաղաքի վիճակից դժգոհում, հա, հետն էլ ասում, թե՝ մեկ ա` ով էլ լինի, բան չի փոխվի….

Ասեմ, որ փոխվելու է, դա իմ կարծիքն է ու դրա համար ես իմ համոզմունքն ունեմ, կփոխվի այն ժամանակ, երբ դու կորոշես՝ ում ես ուզում քաղաքապետ տեսնել, կփոխվի այն ժամանակ, երբ ազնվորեն, խիղճդ մաքուր՝ ձայնդ կտաս քո նախընտրած թեկնածուին ու ընտրություններից հետո կգնաս-կասես` այ հարգարժան քաղաքապետ, բա ասում էիր՝ սա՞ կանեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ, սպասում ենք խոստումներիդ իրականացմանը, հիշում ես, չէ՞, ազնիվ ենք եղել մենք էլ, դու էլ, դու էիր ասում՝ եկեք ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն անցկացնենք, ձեր ձայնը տվեք ինձ ու կտեսնեք, թե քաղաքն ինչպես եմ շենացնում, ինչպես եմ գեղեցկացնում ու ձեր հոգսերով էլ ինչքան եմ հետաքրքրվում: Տեսա՞ք, որ խոզաբուծականի ջրախողովակներով մատակարարվող ջուր այլեւս չեք խմում, տեսա՞ք, որ քաղաքը լուսավորված է, տեսնո՞ւմ եք, որ քաղաքը մաքուր է, կանաչապատ, տեսնո՞ւմ եք, որ քաղաքային այգին այգի է դարձել, այդտեղի զուգարանն էլ, էլ փողով չի, մշակույթի տունն էլ իր նպատակին է ծառայում, մարզադաշտն էլ կամաց-կամաց կարգի է բերվում, ու այդպես՝ մի շարք հարցեր ու գործեր: Էս ինչքան էլ ծավալվեցի, հաստատ ես էլ մի փոքր երեւակայեցի, ախր ինչ ընտրություն, ինչ քաղաքապետ, ինչ ազնիվ ու արդար մոտեցում, ինչ սրտացավություն ու ինչ բարեկարգում…

Սա մեր քաղաքն է, մենք էլ՝ էս քաղաքի տերերը, եթե պետք է կարողանանք մի բան փոխել՝ եկեք փոխենք, եթե ուզում ենք, որ այսպես էլ ապրենք, ուրեմն եկեք այսպես ապրենք, բայց չմոռանանք, որ մեզ հիմարացնում են, արհամարհում, ինչո՞ւ չէ` նաեւ օգտագործում:

Դե ամեն մի արմավիրցի հիմա թող աչքերը բացի ու էս քաղաքի պատկերն աչքի տակ ունենալով՝ իր համար փոքրիկ վերլուծություն կատարի: Այդ պարագայում, կարծում եմ, հաստատ մի բան կփոխվի…

Հիմա անցնեմ լսածս թեկնածուներին, ախր էնքան անուններ են հնչում` քաղաքի ամեն մի թաղամասում մի թեկնածուի մասին է խոսվում, ստացվում է, որ 10-ից ավելի թեկնածու ունենք, բայց լսածս անուններով որ չափեմ, կասեմ, որ այդպես էլ թեկնածու չունենք…

Սկսենք հենց գործող քաղաքապետից, դե ինքը մեր քաղաքում քաղաքապետի թեկնածու լինելու անժամկետ մտադրություն ունի, ինչու չէ, բյուջեին տիրապետում է, ծախսելու ձեւերը գիտի, մրցույթ, աճուրդ կազմակերպելը գիտի, բյուջեի փողերը սլացիկ ծախսելու հմուտ վարպետությունն ունի, էլ ինչ է պետք, որ… հա՛, ընտրակաշառք բաժանելու ձեւն ու ժամկետներն էլ լավ գիտի, նույնիսկ գիտի՝ որ թաղերում, երբ եւ ինչքան գումար է պետք վճարել մեկ ձայնի դիմաց… սա առաջին ու անփոխարինելի թեկնածուն է: Անցնենք հաջորդներին: Քաղաքում խոսում են, թե Փառանձեմն էլ է իր թեկնածությունն առաջադրելու: Ի դեպ, Փառանձեմի անունն աչքովս ընկավ ավելի շուտ, ինչ-որ հարցում էր անցկացվում քաղաքում, թեկնածուների մի հսկա ցուցակ էր, տվեցին, ասեցին՝ նշի՝ ո՞վ է քո նախընտրած թեկնածուն: Չասեմ` ում ընտրեցի այդ ցուցակից, բայց ասեմ, որ Փառանձեմին չեմ հասկանում, ասա՝ պաշտոնն ունես, բիզնեսն ունես, բիզնեսդ արդյունավետ իրականացնելու համար էլ մարզպետն ու Կրթության վարչության պետը բոլոր պայմանները ստեղծել են քեզ համար, ասել են՝ էս դու` էս էլ քեզ մեր դպրոցները, էլ ի՞նչ ես ուզում, քաղաքապետ դառնալն ինչի՞դ է պետք: Գուցե փորձի, մարդ է, էլի, երեւի ինքն էլ իր հնարավորությունների սահմաններն է ուզում ճշտել:

Էս վերջերս էլ լսեցի Առնակի անունը, մի ժամանակ գործող քաղաքապետի քիփն էր, ավագանի էր, հետո զիբիլի շեֆն էր, հետո էլ, այսինքն՝ հիմա ՏԻՄ ասպարեզից դուրս մնաց, սկսեց գործող քաղաքապետին ահավոր չսիրել, հատկապես այն բանից հետո, երբ սրճարանն էլ ձեռքից առան, բայց վերջերս նորից փոխվեց, ու բացի այն, որ որոշեց թեկնածու դառնալ, այլեւ փոխեց քաղաքապետի մասին իր բացասական կարծիքն ու նորից հին ավանդույթները վերհիշելով՝ հասկացավ, որ Ռուբոն այնքան էլ վատ տղա չէ, ուղղակի ինքն էլ է ուզում փորձել իր հնարավորությունները:

Էլ ո՞վ մնաց… հա, մոռացա ասել, պետք է մի քիչ ավելի շուտ հիշեի, բայց կարծում եմ՝ այս թեկնածուն ինձանից այնքան էլ չի նեղանա, հերթով եմ գալիս, ըստ տպավորություններիս… Սեւակ գոյություն ունի, ասում են` նա էլ վստահ է, որ լավ քաղաքապետ կլինի, նրա մասին արմավիրցիները տարբեր կարծիքներ են հնչեցնում, մեկն ասում է՝ լավ տղա է, մյուսն ասում է` քաղաքապետի համար դեռ ջահել է, եւ այլն, բայց ամենակարեւորը` ասում են, որ գործողի հիմնական մրցակիցն է: Թե որքանով է ճիշտ, իհարկե, ընտրություններից հետո կտեսնենք, բայց որ վստահ է խոսում՝ դա փաստ է: Հա, ի դեպ, Սեւակն ավագանու անդամ է, բայց ավագանու նիստերին ոնց որ չի մասնակցում, ասում է` գործողն իր թիմն ունի ու ինչ ասում է ձեռքները վերեւ են բարձրացնում, ես գնամ ի՞նչ անեմ…. բայց երեւի որ գնար, մի բան կաներ էլի… Անցնենք հաջորդին, հիմա հասանք անմոռանալի ու ամեն անգամ կրկնվող ու այդպես էլ հաջողության չհասնող մի անվան: Միջանկյալ մի բան ասեմ. տեսնես չի՞ ձանձրանում էս մարդն՝ անընդհատ փորձելով ու ոչ մի բանի չհասնելովգ վայ, կներեք, վերջին անգամ հասավ, քաղաքապետ չընտրվեց բայց փոխարենը՝ փոխմարզպետ նշանակվեց… համ էլ կարելի է հատուկ հարգանքով մոտենալ այս թեկնածուին, մարդը ընկճվել չունի, հո զոռո՞վ չի… հիմա ամենայն լրջությամբ ասենք` Արայիկ Աղաբաբյան, երեւի էլ ոչինչ ավելացնելու կարիք չկա, ասվեց այն, ինչ գիտեն ու տեսնում են բոլորը:

Հո մարդ բաց չթողեցի՞, ո՞ւմ անունն եմ լսել, ո՞վ կարող էր թեկնածու լինել, հա, մի Արայիկ բաց թողեցինք, ասում են՝ Մնացականյան Արայիկն էլ է ուզում քաղաքապետ դառնալ: Ինչո՞ւ չէ, որ մարդի ախորժակը քաշել է` թող փորձի, որ հետո ինքն իրեն չմեղադրի, թե՝ ուզեցի ու ես ինձ այդ հաճույքից զրկեցի: Երեւի ավելի շուտ էր աչք դրել քաղաքապետի աթոռին, ջանք ու եռանդ, ֆինանսական միջոց չխնայեց էս չորս տարիների ընթացքում քաղաքապետին փնովող հոդվածներ ու տեսանյութեր պատվիրելով, հիմնականում խոզաբուծականի ջրախողովակների թեմայով, տարբեր պրոֆիլներով ու տարբեր ձեռագրերով, հիմա էլ մարդն ուզում է քաղաքապետ դառնա, որ քաղաքիս խմելու լավ ջուր տա, կարող է պատահել, չէ՞:

Պատգամավոր Ռուստամի մասին էլ քաղաքում շատ խոսեցին, ասում էին՝ ինքն էլ է ուզում քաղաքապետ դառնա, երեւի Ազգային ժողովն այնքան էլ դուրը չի եկել, միգուցե աթոռը հարմարավետ չի եղել, կամ էլ էս նոր վերանորոգված դահլիճում համակարգչից գլուխ չի հանել ու մտածել է, որ քաղաքապետ լինելն ավելի հանգիստ գործ է, ֆիդայիին հարիր պաշտոն…

Էլ ո՞վ կարգ հա, մեկ էլ պոնչիկանոցի Գուգոյի մասին էին ասում, բայց ոնց որ նա մնացել է ստվերում: Ես էսքանին գիտեմ, երեւի ընթացքում ինքս ինձ համար էլի նոր բացահայտումներ կանեմ, այսինքն` նոր անուններ կլսեմ: Խոստանում եմ՝ հենց լսեմ, անպայման համաքաղաքացիներիս տեղյակ պահեմ: Սկզբի համար էսքան բան գիտեի: Չէ, էլի շատ բաներ գիտեմ, ուղղակի ընթացքում կծավալվեմ…Գիտեմ, որ հիմա կասեք՝ էս ո՞վ էր, էսքան ծավալվեց, բայց եկեք անուն-ազգանունս չասեմ, մեկ էլ տեսար՝ նպաստից զրկեցին…

Արմավիրի նպաստառու քաղաքացի