Երեւանի Կամերային թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը ռեկորդ է սահմանել` նկարահանելով գեղարվեստական ֆիլմ` ընդամենը 13 օրվա ընթացքում:
«Հոբելյանական հաճախորդ» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Ա. Երնջակյանի խոսքերով՝ ֆիլմն առայժմ գտնվում է մոնտաժային փուլում, սակայն, եթե նման տեմպերով շարունակվի, ապա շատ շուտով այն պատրաստ կլինի: Ֆիլմի պրեմիերան նախատեսում են կազմակերպել ապրիլին: «Մայիսին Կամերային թատրոնը հյուրախաղերով մեկնելու է ԱՄՆ, եւ հուսով ենք՝ «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը եւս տանել մեզ հետ եւ ԱՄՆ-ում պրեմիերա կազմակերպել: Բնականաբար, ֆիլմի հայաստանյան պրեմիերան պետք է կայանա նախքան մեր մեկնելը: Հուսանք, որ Հայաստանում մեր ֆիլմն էկրան կբարձրանա ապրիլին»,- ասում է Ա. Երնջակյանը: «Հոբելյանական հաճախորդը» նախքան ֆիլմի սցենարի վերափոխվելը բեմադրություն էր, որը մեծ հաջողություն էր վայելում «Կամերային թատրոնի» հանդիսատեսի շրջանում: Բեմադրության դերակատարները «Կամերային թատրոնի» դերասաններ Քեթրին Մանասյանն ու Արշալույս Հարությունյանն էին, իսկ ահա ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանն ու վրաց դերասան Դավիթ Կատսարավան: «Հետաքրքրությունը չկորցնելու պատճառով`չեմ ուզում մանրամասն պատմել ֆիլմի սյուժեն, սակայն, եթե համառոտ, ապա ֆիլմը մի կնոջ եւ տղամարդու պատմություն է, որոնք պատահաբար հանդիպում են եւ միասին սիրո գիշեր անցկացնում: Իսկ առավոտյան նոր օր է բացվում երկուսի համար, եւ պատահաբար հանդիպած կինն ու տղամարդը սկսում են ծանոթանալ իրար: Ֆիլմը ներկայացնում է երկու անծանոթների համար նոր բացված այդ մեկ օրը»,- ասում է Ա. Երնջակյանը:
– Չե՞ք կարծում, որ հայ դերասանները Ձեզ կմեղադրեն` իրենց անտեսելու եւ վրաց դերակատարի ընտրության համար: Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր ֆիլմի հերոսի հետ:
– Դավիթ Կատսարավայի մուտքը հայկական կինո նորություն կլինի ոչ միայն հայ հանդիսատեսի, այլ նաեւ հայ դերասանների համար: Եզրակացություններն ու կարծիքները սիրով կքննարկեմ ֆիլմի պրեմիերայից հետո: Քանի որ ինֆորմացիա ունեի, որ Վրաստանում ավելի լավ պայմաններ են ստեղծված ֆիլմ նկարահանելու համար, մեկնեցի Թբիլիսի` ծանոթանալու պայմաններին: Վրաստանում ինձ առաջարկեցին ֆիլմն ամբողջովին ֆինանսավորել` պայմանով, որ նկարահանումները պետք է տեղի ունենան Թբիլիսիում եւ միայն վրաց դերակատարներով: Անկեղծ ասած, վրացական ֆիլմ նկարահանելու ցանկություն առանձնապես չունեի եւ, բնականաբար, հրաժարվեցի: Սակայն այդ ուղեւորության արդյունքում ծանոթացա վրաց դերասան Դավիթ Կատսարավայի հետ, ով եւ նկարահանվեց մեր ֆիլմում:
– Ֆիլմի նկարահանումների մեծ մասը տեղի է ունենում տանը, եւ կադրում միայն երկու դերասաններ են: Ինչպե՞ս եք կարողացել դինամիկա ստանալ եւ այնպես անել, որ ֆիլմը չհամեմատվի համանուն` «Հոբելյանական հաճախորդ» ներկայացման հետ:
– Կարող եմ մի շարք ֆիլմերի անուններ նշել, որոնց գործողությունը տեղի է ունենում մի սենյակում, եւ որտեղ գործող անձինք երկուսն են: Եվ չնայած այդ երկու հանգամանքներին՝ այդ ֆիլմերը բավականին դինամիկ են: Մեր ֆիլմի դինամիկան ստացել ենք շնորհիվ օպերատոր Սուրեն Թադեւոսյանի հոյակապ օպերատորական աշխատանքի, դերասանների խաղի, ռեժիսորական ճիշտ լուծումների գՈղջ նկարահանող խումբը ջանք չի խնայել այս ֆիլմի ստեղծման համար: Ինչ վերաբերում է ներկայացման հետ համեմատելուն, ապա ասեմ, որ «Հոբելյանական հաճախորդ» ներկայացումն ամեն անգամ դիտելով, հասկանում էի, որ այն ավելի շատ կինոյի նյութ է, քան թատրոնի: Ֆիլմը նկարահանելիս բոլորովին այլ մոտեցում ենք ցուցաբերել, որպեսզի հանդիսատեսի մոտ տպավորություն չստեղծվի, թե նայում է նույն ներկայացումը` պարզապես նկարահանված տարբեր տեսանկյուններից:
– Ցանկացած ֆիլմ, որը դիտում եւ ոչինչ չես հասկանում, կոչվում է հեղինակային, փառատոնային, ինտելեկտուալ կինո, որից գլուխ են հանում միայն «ամենաինտելեկտուալները»: «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը, որպես ռեժիսոր եւ սցենարի հեղինակ, ո՞ր ժանրին եք դասում:
– Այս ֆիլմը նկարելիս նպատակ չեմ դրել ծանրաբեռնել հանդիսատեսին` չափազանց խորը «փիլիսոփայական» մտքեր արտահայտելով եւ անձամբ չհասկանալով, թե ինչ եմ նկարել: Այս ֆիլմը կնոջ եւ տղամարդու մասին պատմող մելոդրամա է: Կարծում եմ՝ ֆիլմն ավելի շատ կհասկանան եւ կգնահատեն կանայք, քանի որ այստեղ փորձել եմ հասկանալ եւ ներկայացնել կնոջ ներաշխարհը, ցանկություններն ու երազանքները: Հիշո՞ւմ եք, թե որքան պարզ ու գեղեցիկ պատմություն էր Կլոդ Լելուշի «Տղամարդ եւ կին» ֆիլմը: Չեմ ուզում համեմատվել, պարզապես «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմը 35 եւ 40 տարեկան կնոջ եւ տղամարդու սիրո պատմություն է` առանց ավելորդ էֆեկտների, որոնք հաճախ որպես դեֆեկտ են գործում հանդիսատեսի վրա: Ի վերջո, «պիֆ-պաֆով» լի սերիալներից հոգնած հանդիսատեսին երբեմն պետք է ցուցադրել նաեւ մարդկային պատմություններ,- ասում է Արա Երնջակյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ