Սույն թվականի հունվարի 30-ին Լոս Անջելեսում Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարության համաձայն, ՀայաստանիՀանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել, մի նոր օրենսդրական վերին պալատ` Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է Սփյուռքի ներկայացուցիչներին:
Այս լուրը կայծակի արագությամբ տարածվեց ամբողջ Հայկական աշխարհում, իսկ արձագանքը միանշանակ չէր: Իշխանամետ շրջանակները մեծ ոգեւորությամբ ողջունեցին այս առաջարկը, մինչդեռ ընդդիմադիրները խստորեն քննադատեցին: Ըստ իս, թե՛ գովասանքը, եւ թե՛ քննադատությունը վաղաժամ էին, քանի որ Նախարարի հայտարարությունը միայն որոշ մանրամասներ էր պարունակում առաջարկվող Սենատի մասին: Հետաքրքիր է, որ չնայած նախագահ Սարգսյանի` Սենատ ստեղծելու մտադրության մասին նախարար Հակոբյանի հայտարարությանը, Նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը նախազգուշացրեց, որ սա բազմաթիվ առաջարկներից մեկն է, եւ որը լուրջ քննարկման կարիք ունի: Նա հավելեց, որ Սահմանադրության փոփոխությունը բարդ եւ երկարատեւ ընթացակարգ է: Մեկ շաբաթ անց, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ավելի նսեմացրեց Սփյուռքի նախարարի հայտարարությունը, նշելով, որ այն չի քննարկվի մինչեւ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ավարտը` կապված օրենսդիր մարմնի հագեցած օրակարգի հետ:
Այս նախնական փուլում կարելի է միայն հարցեր տալ` ելնելով Սփյուռքի նախարարի պնդումներից, որ նախքան առաջարկվող Սենատի կառուցվածքի եւ պարտավորությունների վերաբերյալ որեւէ որոշում կայացնելը, լայն խորհրդակցություններ են ծավալվելու Հայաստանում եւ Սփյուռքում:
Ահա մի շարք հարցեր, որոնք պետք է հաշվի առնվեն անհատների, կազմակերպությունների եւ կառավարության պաշտոնյաների կողմից, նախքան ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելն ու Սենատ ստեղծելը.
– Արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գոհ կլինեն իրենց օրենսդիր մարմնում Սփյուռքի հայերի ներկայությունից, թե՞ կդիտեն որպես օտարերկրյա քաղաքացիներ, չնայած նրանց հայ լինելուն, որոնք միջամտում են իրենց ներքին գործերին:
– Արդյո՞ք Հայաստանի կառավարության կողմից Սփյուռքի ընտրված ներկայացուցիչների ընդգրկումը Սենատում չի դիտվի որպես Սփյուռքի վրա Հայաստանի իշխանությունների անհարկի ազդեցության փորձ:
– Ինչո՞ւ չի կարելի Սփյուռքի հայերին ընդգրկվել գոյություն ունեցող Խորհրդարանում` Սենատ ստեղծելու փոխարեն:
– Ինչպիսի՞ն կլինի Սենատի օրենսդրական լիազորությունը, եւ այն ինչո՞վ կտարբերվի գործող Խորհրդարանից:
– Քանի որ հայերի մեծամասնությունը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս, արդյո՞ք առաջարկվող Սենատը բաղկացած կլինի ավելի շատ Սփյուռքի ներկայացուցիչներից, քան հայաստանցիներից:
– Ինչպե՞ս են ընտրվելու սենատորները: Արդյո՞ք նրանք ընտրվելու են՝ հասարակության, թե՞ նշանակվելու են Կառավարության կամ խոշոր կազմակերպությունների կողմից: Եթե նրանք ընտրվելու են, ապա ինչպիսի՞ն է լինելու ընտրողների եւ թեկնածուների ընտրական արարողակարգը, ո՞վ է սահմանելու չափանիշները, եւ ո՞վ է կազմակերպելու ընտրությունները:
– Այն դեպքում, երբ որոշվի, որ սենատորները պետք է ընտրվեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն ապահովելու համար:
– Արդյո՞ք կարող են Սփյուռքի սենատորները պահպանել իրենց ներկա քաղաքացիությունը, ընդունել երկքաղաքացիություն, թե՞ ստիպված են հրաժարվել օտարերկրյա քաղաքացիությունից:
– Արդյո՞ք Սփյուռքի անդամները պարտավոր են տեղափոխվել Հայաստան` մշտական նստաշրջաններին մասնակցելու համար, թե՞ նրանք պետք է Հայաստան գան կարճ ժամանակահատվածների համար` մասնակցելու միայն համահայկական հարցերին նվիրված ժողովներին:
– Կա՞ն արդյոք ծրագրեր` համեմատական ուսումնասիրություն կատարելու օտար երկրների օրենսդիր մարմինների մեջ այլ ժողովուրդների սփյուռքների ներկայացուցիչների մասնակցության մասին:
– Արդյո՞ք Սփյուռքի անկախությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու համար ավելի նպատակահարմար չէր լինի ստեղծել Սփյուռքի առանձին կառույց, ինչպես ես առաջարկել էի անցյալ տարվա նոյեմբերին, Հարավային Կալիֆոռնիայում կայացած համաժողովի ժամանակ: Ամբողջ աշխարհի հայկական համայնքները կընտրեին իրենց ներկայացուցիչներին համահայկական կառույցում, որն էլ հետագայում պատվիրակներ կընտրեր իր շարքերից` Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքներին մասնակցելու համար:
– Արդյո՞ք զուտ պատահականություն էր, որ ՀՅԴ առաջնորդները Սենատ ստեղծելու գաղափարը, որը պետք է ընդգրկի Սփյուռքի ներկայացուցիչներին, հրապարակայնորեն քննարկեցին Սփյուռքի նախարարի վերջին հայտարարությունից շատ ավելի վաղ: Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ն անմիջապես իր աջակցությունը հայտնեց այս նախաձեռնությանը, մինչդեռ «Ժառանգություն» կուսակցությունը դեմ արտահայտվեց դրան, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրեսը սույն առաջարկն անվանեց «անհեթեթություն»:
Ուրախ ենք, որ Հայաստանի կառավարությունը վերջիվերջո ընդունեց, որ անհրաժեշտ է Սփյուռքի հայերին ընդգրկել համահայկական որոշումներ կայացնելու գործընթացներում եւ կառույցներում: Սակայն, նախքան վճիռ կայացնելը, խելամիտ կլինի սպասել եւ տեսնել, թե Հայաստանի ղեկավարները կոնկրետ ինչ մտադրություն ունեն` Սփյուռքի ներկայացուցչությունն առաջարկելով նոր Սենատում: Վերջնական որոշումը պետք է բացառապես հիմնված լինի այն բանի վրա, թե արդյոք այս կամ որեւէ այլ միջոցառում բխում է հայերի շահերից, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր