Թուրքերը նշելո՞ւ են Ապրիլի 24-ը

08/02/2011

Պաշտոնական Անկարան, որն այս տարի առաջին անգամ Թուրքիայում ոգեկոչեց Հոլոքոստի զոհերի հիշատակը, պատրաստվում է նմանատիպ քայլեր իրականացնել նաեւ ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի օրը: Նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Sabah» օրաթերթը` նշելով, թե իշխանությունները այդ առնչությամբ համապատասխան հրահանգներ են տվել: «Անկարան այն տեսակետին է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունների առկախման հիմնական պատճառներից է հոգեբանական արգելքը, սակայն, միեւնույն ժամանակ, գիտակցում է, որ այդ Արձանագրությունները վաղ թե ուշ կյանքի են կոչվելու: Հասկանալով, որ անցյալի իրադարձությունների հետ կապված հոգեխեղումը հնարավոր չէ հեշտությամբ հաղթահարել` Անկարան ձեռնարկել է որոշ քայլեր, որոնց իրականացումը նպաստելու է հոգեբանական պատնեշների հաղթահարմանը»,- գրել է թուրքական թերթը՝ հիշեցնելով, որ 2011թ. Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական մակարդակով ոգեկոչվեց Հոլոքոստի զոհերի հիշատակը: «Անկարան պաշտոնյա ուղարկեց` մասնակցելու հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա առնչությամբ կազմակերպված միջոցառմանը: Բացի այդ, պետնախարար, ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը դարձավ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարն այցելած առաջին թուրք պաշտոնյան: Եվ ճիշտ հենց այդպես Անկարան հրահանգել է ակտիվ մասնակցություն ունենալ ապրիլի 24-ին հայերի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին»,- նշել է «Sabah»-ը` տեղեկացնելով, որ թեման քննարկվել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում: «ԱԱԽ-ի նիստին որոշում է կայացվել այդ նպատակով շփումներ հաստատել հայկական սփյուռքի, հատկապես` ամերիկաբնակ հայերի հետ, ինչպես նաեւ՝ մասնակցել Սփյուռքի ներկայացուցիչների կողմից այդ օրերին կազմակերպվելիք միջոցառումներին: Անկարան հաստատակամ է այս հարցում եւ հավատարիմ է մնալու ինչպես այդ ուղղությամբ իրականացվող քայլերին, այնպես էլ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրություններին: Բացի այդ, թուրքական իշխանություններն առկախել են բոլոր այն պետությունների դեմ ուղղված քաղաքական բոյկոտի գործընթացը, որոնց խորհրդարաններում ընդունվել են Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւեր»,- գրել է «Sabah»-ը։